Ադրբեջանում վերջերս հայկական հարցի ուսումնասիրության գիտական կենտրոն էին բացում, որ իբր գիտականորեն «բացահայտեն հայկական ստերը», սակայն թերեւս հարեւանների մեջ ոչ միայն հայերենի իմացության, այլեւ ռուսերենի առնչությամբ են խնդիրներ առաջացել, քանի որ հերթական անգամ Բաքվից հնչող մեկնաբանություններն ուղղակի վկայում են, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում էլ փաստաթղթեր կարդալու առանձնակի պատրաստակամություն չունեն:
Դրա փոխարեն, առանց փաստաթղթերին տեղեկանալու կամ դրանց բովանդակությունը չընդունելու մոտեցումը ներկայացվում է որպես ցանկալի իրողության դրսեւորում, իբր չկա այն, ինչ չեն ցանկանում կարդալ կամ հասկանալ: Խոսքը Ադրբեջանի ԱԳ նախարարության հերթական հայտարարության մասին է, որում փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ավելի շուտ իր անտեղյակությունն ու «կուրությունն» է ցուցադրում, քան պրոպագանդիստական նպատակներից ելնելով աղավաղում հանրամատչելի հայ-ռուսական N5 արձանագրության բովանդակությունը, որ վերաբերում է Գյումրու ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգմանը:
Քանի կար, Ադրբեջանը գրեթե խուճապի մեջ էր ընկել նույն արձանագրության կապակցությամբ, երեկ արդեն, սակայն, պարզվում է, տրամադրությունները փոխվել են Ադրբեջանում, ու թերեւս դրանում ավելի շուտ «մեղավոր» է Դմիտրի Մեդվեդեւի առաջիկա այցը Բաքու: Թերեւս ինչ-որ բան հստակեցրել կամ պարզաբանել կամ ուղղակի խոստացել են Մոսկվայից, քանի որ փոխվել է Ռուսաստանին գրեթե մեղադրող ադրբեջանական չինովնիկերի բառապաշարի զգալի մասը:
Ազիմովը, մասնավորապես, քաղաքական մեքենայություն է որակել այն մեկնաբանությունը, թե ռազմական գործողություններ մեր տարածաշրջանում սկսվելու պարագայում Ռուսաստանը կաջակցի Հայաստանին: Ազիմովը այսօրինակ մեկնաբանությունները «քաղաքական անպատասխանատվություն» է որակել, այդ անպատասխանատվությունը հասցեագրելով Հայաստանին, մինչդեռ Ռուսաստանի կողմից նման պահվածքի կանխատեսումներ շատ ավելի ինտենսիվորեն արվում էին ադրբեջանական մամուլում հայտնվող քաղաքագիտական «դատողություններում», որոնց զգալի մասն էլ ոչ այլ ինչ է, քան պետական տեսակետի ներկայացում:
Այս նույն համատեքստում քանի դեռ Ադրբեջանում պատգամավորներն ու անգամ ռազմական «էլիտայի» ներկայացուցիչները, որոշ քաղաքագետներ էլ վրադիր, հայտարարում են, թե Ադրբեջանը պետք է «համարժեք» քայլ անի հայ-ռուսական արձանագրությամբ ստեղծված վիճակը հակակշռելու համարՙ թեկուզ որեւէ այլ երկրի կամ կազմակերպության ռազմաբազա տեղակայելով իր տարածքում, Ազիմը երեկ «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում շատ ավելի հանգիստ տոնով է փորձել ներկայացնել նույն հարցը: Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել է, թե Ադրբեջանը դեռեւս հետաձգում է իր տարածքում թուրքական ռազմակայանների տեղակայման հնարավորությունը: «Այդ որոշումը կախված է Բաքվի եւ Անկարայի ցանկությունից», մեկնաբանել է Ազիմովըՙ մոռանալով, որ քաղաքականության մեջ «ցանկություն» ասվածը որեւէ կերպ գործոն չի կարող լինել:
Ինչեւէ, Մեդվեդեւի այցելությունը, այն էլ պաշտոնական, տեղի կունենա սեպտեմբերի 2-3-ը, ու թերեւս որոշ հարցեր հստակություն ստանան, եթե, իհարկե, արդեն իսկ ի հայտ եկող ադրբեջանական սպասումները եւս շրջանառության մեջ կլինեն այդ այցելության ընթացքում: Ամեն դեպքում, ինչ էլ ներկայացնելու լինեն ադրբեջանական չինովնիկները, հստակ է, որ այդ երկիրը Ռուսաստանի հետ չպարզած խնդիրներ ունի, որոնք, ի դեպ, առնչվում են ոչ միայն ռուսական ռազմակայանի առնչությամբ արձանագրությանն ու դրա հնարավոր հետեւանքներին, այլեւ, առնվազն, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան նախագահական մակարդակով վերջին հանդիպումից Ալիեւ կրտսերի «փախուստի» հանգամանքներին: Հաստատապես այս համատեքստից դուրս չէ, որ պետք է դիտարկել նաեւ Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանն ու C-300-ի այդպես էլ չհստակեցված «ճակատագիրը»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ