«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2010-08-27 | #155, 2010-08-28 | #156, 2010-08-31


ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ԲՌՆԿՈՒՄ ԼՈՐՈՒՏ ԵՎ ՄԱՐՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Լոռու մարզպետը հայտարարել է արտակարգ իրավիճակ եւ կարանտին

Արդեն մի քանի օր Լոռու մարզում դարձյալ մոլեգնում է խոզերի աֆրիկյան ժանտախտը: Հիշեցնենք, որ այս տարի առաջին դեպքը գրանցվել է մարտի 18-ին Դսեղ համայնքում: Այս անգամ բռնկումներ են եղել Լորուտ եւ Մարց համայնքներում: Պարզաբանումներով հանդես գալու եւ լուծման ուղիներ նախանշելու նպատակով օրերս, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի ՙ «Լոռու մարզի խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության կանխարգելման միջոցառումների մասին» որոշման համաձայն, հրավիրվել էր «Խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության տեղական հակահամաճարակային արտակարգ հանձնաժողովի» նիստը: Նիստը վարում էր Արամ Քոչարյանը, որը գլխավորում է նաեւ վերոնշյալ հանձնաժողովը: Լորուտ եւ Մարց համայնքներում արձանագրված դեպքերը ներկայացրեց սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության մարզային կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանը : Նա տեղեկացրեց, որ Լորուտ եւ Մարց համայնքներում խոզերից վերցված փորձանմուշներով օգոստոսի 27-29-ին կատարված փորձաքննության արդյունքները հաստատել են հիվանդության նոր բռնկումը: Անմիջապես դեպքի վայր են մեկնել տեսչության անասնաբուժության բաժնի պետը եւ տեսուչները:

Համայնքի ղեկավարի հետ Լորուտում անկած եւ հարկադիր ոչնչացված 120 գլուխ եւ Մարցումՙ 40 գլուխ խոզ է վնասազերծվել (թաղվել են խոր փոսերում, տարածքը ախտահանվել է)ՙ վարակի տարածումը կանխելու նպատակով: Համլետ Վիրաբյանը մատնանշեց մի շարք խնդիրներ, որոնցից առաջինը մասնագետ անասնաբույժների պակասն է, բնակիչների անհանդուրժողականությունը եւ դեպքերը թաքցնելը, համայնքի ղեկավարների թերացումները, վերջապես տեխնիկայի ու ֆինանսական միջոցների սակավությունըՙ գործընթացն արագ ու արդյունավետ կազմակերպելու առումով: Լոռու մարզպետը խոստացավ վերջին հարցի կապակցությամբ դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանըՙ խնդրելով աջակցություն: Մնացած խնդիրների կապակցությամբ մարզպետը նշեց.

- Համայնքների ղեկավարներն օրենսդրությամբ եւ կառավարության որոշմամբ խնդրի թիվ 1 պատասխանատուներն են: Առաջին հերթին իրենք պետք է շահագրգիռ լինեն հարցը կարգավորելու համար, ոչ թե լրացուցիչ խոչընդոտներ առաջացնեն,- ասաց նա:

Ա. Քոչարյանը մարզում արտակարգ իրավիճակ եւ նշված համայնքների տարածքում կարանտին հայտարարեցՙ կոչ անելով մշակել եւ իրականացնել գործողությունների հստակ ծրագիր:

Հ. Վիրաբյանն իր հերթին կոչ արեց չթաքցնել խոզերի անկման եւ հիվանդության կասկածի որեւէ դեպք, իսկ խոզաբուծությամբ զբաղվողներին հորդորեց խոզերը միառժամանակ պահել փակ տարածքներում, ինչը հիվանդությունից խուսափելու միակ միջոցն է: Նա հավաստեց, որ մարզկենտրոնի մսի կետերում վաճառվում է բացառապես ստուգված մսամթերքՙ հորդորելով խուճապի չմատնվել: Լոռու մարզպետը հանձնարարեց առավել ուժեղացնել վաճառվող մսամթերքների վերահսկողությունը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4