Կամ ԱԳՆ գործունեությանը նախկին նախարարի տված գնահատականների շուրջը
Սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում մեկնարկում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի (ՄԱԿ ԳԱ) 65-րդ նստաշրջանը: Այս իրադարձությունը հայ հանրության ուշադրությանն արժանացել է առայժմ մեկ պատճառով` նստաշրջանի օրակարգում է Ադրբեջանի առաջարկած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծերը:
Դա եւ Վրաստանի առաջարկած «ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» բանաձեւի նախագիծը ՄԱԿ ԳԱ 65-րդ նստաշրջանին ժառանգություն են մնացել ընթացիկ նստաշրջանից: Այսինքն` եղել են ԳԱ 64-րդ նստաշրջանի օրակարգում, բայց առանց քննարկվելու, մեխանիկորեն տեղափոխվել են 65-րդ նստաշրջանի օրակարգ (այդպիսին է ընթացակարգային պահանջը):
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանն ակտիվանալ սկսել է 2004 թվականից` ՄԱԿ ԳԱ 59-րդ նստաշրջանի օրակարգ մտցնելով կետ` «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում»: (Հաջորդիվ Ադրբեջանը հեղինակեց «Հրդեհներն Ադրբեջանի օկուպացված տարածքում» բանաձեւի նախագիծը, որը քաղաքական բնույթի հայտարարություններ չպարունակելու եւ հումանիտար նշանակություն ունենալու համար Հայաստանի կողմից հակազդեցության չարժանացավ): Մյուս կողմից էլ` Վրաստանը շրջանառության մեջ դրեց «Սառեցված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածքում» հարցը: Այդ հարցերն այդ ժամանակվանից ի վեր` տարբեր հերթականությամբ, սկսեցին նստաշրջանից նստաշրջան «թափառել» ՄԱԿ ԳԱ օրակարգում:
ՄԱԿ ԳԱ 62-րդ նստաշրջանում ի վերջո Ադրբեջանին հաջողվեց անցկացնել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը: 2008 թվականի մարտի 14-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ «կողմ» հանդես եկան 39 երկիր, «դեմ»` 7-ը, «ձեռնպահ»` 150-ը: Այն ժամանակ եւ այսօր որեւէ մեկը կասկած չուներ, որ Ադրբեջանն օգտվել էր Հայաստանի հետընտրական զարգացումների ֆոնից: Բայց եւ այնպես, քվեարկության արդյունքների վերլուծությունը վկայում է, որ Ադրբեջանին սատարել էին ՎՈՒԱՄ եւ Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) գծով Ադրբեջանի դաշնակիցները: Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ոչ միայն «դեմ» էին քվեարկել, այլեւ զգուշացրել էին հակամարտության բովանդակության խեղաթյուրման ու միակողմանի ներկայացման մասին:
Ընդհանրապես, ՄԱԿ ԳԱ բանաձեւերի ու դրանց ընդունման մասին խոսելիս, անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարեւոր օրինաչափություն:
Նախ` ԳԱ բանաձեւերը պարտադիր իրավական բնույթ չեն կրում: Դրանք քաղաքական ակցիա են, առանձին հարցերում դաշնակիցների միջեւ համերաշխության հավաստում, որոնք սակայն ակտիվ օգտագործվում են քարոզչական նպատակներով: Լավագույն օրինակն այս առումով Իսրայելն է: ՄԱԿ ԳԱ գրեթե բոլոր նստաշրջաններում մեկ տասնյակից ավելի բանաձեւեր են ընդունվում` կապված հարեւանների հետ Իսրայելի ունեցած խնդիրների հետ, եւ գրեթե բոլոր դեպքերում դրանք հակաիսրայելական բնույթ են կրում: Բայց փաստն այն է, որ արդեն մի քանի տասնամյակ ո՛չ Գոլանի բարձունքներն են ազատված, ո՛չ Պաղեստինի խնդիրն է լուծված եւ ո՛չ էլ Երուսաղեմի կարգավիճակն է հստակեցված: Ադրբեջանի պարագայում եւս արդյունքը նույնն է` հակամարտության կարգավորման վրա այդ որոշումներն ազդեցություն չեն ունենում, բայց դրանց վրա հղումով հակահայկական քարոզչության երկրաչափական պրոգրեսիայով ինտենսիվացումը գնալով դժվարացնում է այդ լուծումը (հավանաբար Ադրբեջանը ցանկանո՞ւմ է հակամարտությունների «կարգավորման» մերձավորարեւելյան մոդելը տեղայնացնել Կովկասում):
Երկրորդ` ՄԱԿ ԳԱ-ում ձայների բաշխվածությունը (192 անդամ երկրներից յուրաքանչյուրն ունի մեկ ձայն), շահերի բազմազանությունը ու հատկապես որոշումների ընդունման պարզ մեխանիզմները հնարավորություն են ընձեռում ամենատարբեր հարցերում անխոչընդոտ որոշումներ անցկացնելու: Ինչպես ցույց է տալիս փորձը, տեսականորեն բոլոր երկրներն էլ կարող են ՄԱԿ ԳԱ օրակարգ ներմուծել սեփական ընկալումներին համահունչ բանաձեւերի նախագծեր ու որոշակի ժամանակահատված սպասելով, օգտվելով հարմար կոնֆիգուրացիայից, դրանք անցկացնել: Օրինակՙ Վրաստանի առաջարկած «Աբխազիայից ներքին տեղահանվածների ու փախստականների մասին» բանաձեւը 2008 թվականի ապրիլի 15-ին ընդունվել է ձայների 14 «կողմ», 11 «դեմ, 105 «ձեռնպահ» հարաբերակցությամբ (որպես կանոն քվերակության նման արդյունքներ գրանցվում են Վրաստանի ու Ադրբեջանի առաջարկած հարցերով):
Այսինքն` ՄԱԿ ԳԱ-ից որոշում կորզելու համար բավարար է մի խումբ համախոհներ գտնել ու սպասել հարմար ժամանակի: Սա արդեն ուղղակիորեն առնչվում է ՄԱԿ ԳԱ-ում արձանագրվող երրորդ օրինաչափությանը` կայուն շահերի խմբերի առկայությանը: Որպես կանոն ԻԿԿ անդամները (59 երկիր) ՄԱԿ-ում աննախադեպ համերաշխություն են դրսեւորում եւ աջակցում միմյանց, որոշ դեպքերում նույնիսկ ի վնաս սեփական շահերի (ամենացայտուն օրինակը գրանցվեց նախորդ տարի, երբ Ադրբեջանը Հայաստանի հետ միաժամանակ աջակցեց ազգերի ինքնորոշման սկզբունքն ամրագրող բանաձեւին միայն այն բանի համար, որ դա առաջարկել էր Պակիստանը): Իսլամական համերաշխության գործոնից տուժածների ցանկում Հայաստանն ամենեւին էլ միակը կամ առաջինը չէ: Նույն Իսրայելը ՄԱԿ ԳԱ-ում ունեցած դժվարությունների համար հենց ԻԿԿ-ին է «պարտական»: Բայց Իսրայելը դեռ ոչինչ (ռեսուրսների իմաստով), այդ խնդիրն արդեն հինգ տասնամյակ հաղթահարել չի կարողանում Հնդկաստանի նման գերտերությունը:
Բաքվի իշխանությունները, հասկանալով նշված օրինաչափությունների նրբությունները, որոշել են քարոզչական օգուտներ քաղել դրանից: Եվ դա նախաձեռնել են դեռ 2000-ականների սկզբին (հավանաբար զգալով, որ մասնագիտացված այնպիսի կառույցում, ինչպիսին ԵԱՀԿ-ն է` ի դեմս Մինսկի խմբի, իրենք որեւէ հաջողություն ունենալ չեն կարող): Արդյունքում` Ադրբեջանն այս տարի եւս մտադիր է հարցը տաք պահել եւ ԳԱ օրակարգ մտցնել «Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» վերնագրով բանաձեւի նախագիծ: Դրա տեքստը հայտնի չէ, բայց կասկածից վեր է, որ այս դեպքում եւս գործ ունենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի միակողմանի մեկնաբանություններն ու քարոզչական կլիշեները բովանդակող տեքստի հետ:
Վերը ներկայացված փաստերն ու իրողությունները վկայո՞ւմ են արդյոք, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վատ է աշխատել (կամ, օրինակ, վատ է աշխատել Իսրայելի արտգործնախարարությունը): Պատասխանը, բնականաբար, ոչ է: Որովհետեւ, որքան էլ անցանկալի լինեն այդ որոշումներն ու բանաձեւերը, Հայաստանը կամ այդ նույն Իսրայելը ՄԱԿ ԳԱ ձայների վրա ներազդելու բավարար ռեսուրս չունեն:
Մինչդեռ ՀՀ նախկին արտգործնախարար, 1992-1996 թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն այլ կարծիքի է: «Ազատություն» ռադիոկայանին օգոստոսի 26-ին տված հարցազրույցում Ա. Արզումանյանը վիճակի պատասխանատու է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, որը, նրա կարծիքով, վերջին տարիներին զբաղվում է «ոչ թե արտաքին քաղաքականությամբ, այլ PR-ով զբաղվող կազմակերպությանը հարիր գործունեությամբ»:
Նույն հարցազրույցում, սակայն, նա նշել է, որ իրար հաջորդող բանաձեւերով Բաքուն ցանկանում է «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» արտահայտությունը դարձնել նորմ: Նշել է, որ բանաձեւի նախագծի չընդունումը բացառվում է ու դա բացատրել կանոնակարգով: Նաեւ հավելել է, որ նման փաստաթղթերը խեղաթյուրում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման պայքարը:
Ինչպես տեսնում ենք, Ա. Արզումանյանն իր կոշտ գնահատականի որեւէ հիմնավորում չի տվել: Իսկապես, նրա թվարկած գործոններից որեւէ մեկը (պաշտոնական Բաքվի ցանկությունները, ՄԱԿ կանոնադրությունն ու ընթացակարգերը) ՀՀ ԱԳՆ իրավասությունների տիրույթում չեն: Սա հաստատել է հենց նույն Ա. Արզումանյանը «Առավոտ» օրաթերթին (25.08.2010) տված հարցազրույցում. «Ընդունված պրակտիկայի համաձայն, երբ օրակարգ հարց են մտցնում, հետագայում եթե լուծում չի ստացել այն խնդիրը, որի վերաբերյալ բանաձեւ է առաջարկվել, գրեթե հնարավոր չէ օրակարգից հանել այդ հարցը: Ամենալավՙ ցայտուն օրինակներն են արաբա-իսրայելական հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձեւերը. 1967 թվականից ՄԱԿ-ի օրակարգ են մտել բանաձեւեր, որոնք ամեն տարի, անխտիր այս վերջին 30-40 տարիների ընթացքում մտել են օրակարգ եւ գրեթե կոնսենսուսով ընդունվել, կամ ուժերի հարաբերակցությունն է նույնիսկ պարզ, թե քանի կողմ, քանի դեմ ձայներով կընդունվեն: Այնպես որՙ այս բանաձեւը շարունակելու է ամեն տարի մտնել օրակարգ, քվեարկվել, ընդունվել, քանի դեռ չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում»:
Այսքանից հետո ամենեւին էլ հասկանալի չէ, թե իրավիճակը փայլուն պատկերացնելու պարագայում ինչի՞ հիման վրա է Ա. Արզումայանը եզրակացրել, որ վիճակի պատասխանատուն հենց Հայաստանի արտգործնախարարությունն է: Գուցե` սեփական փորձի՞: Ի վերջո նա աշխատել է ե՛ւ ՄԱԿ-ում, ե՛ւ ԱԳՆ-ում ու փայլուն տիրապետում է նման իրավիճակների նրբություններին ու դրանք հաղթահարելու հնարավորություններին:
Եթե իսկապես նրա գնահատականների հիմքը սեփական փորձն է ու իր պաշտոնավարման ժամանակահատվածի հետ համեմատությունը, ապա այստեղ լուրջ հարց է առաջ գալիս. ի՞նչ մեթոդաբանությամբ է նա գնահատական տվել իր հաջորդներին:
Հակիրճ հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ը բազմաթիվ փաստաթղթեր է ընդունել, որոնց թվում հատկապես կարեւոր են Անվտանգության խորհրդի թվով 4 բանաձեւերը: Դրանք ընդունվել են հենց այն ժամանակ, երբ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր Ա. Արզումանյանը: Հիշեցնենք, որ ի տարբերություն ԳԱ ընդունած բանաձեւերի, ԱԽ բանաձեւերը ենթակա են պարտադիր կատարման ու ահռելի ազդեցություն ունեն բանակցային գործընթացի վրա:
Այդ ի՞նչ հիմքով է Ա. Արզումանյանն իր (նախկին) կոլեգաներին մեղադրում, երբ իր պաշտոնավարման ընթացքում նման փաստ է արձանագրվել, այն էլ` մի քանի անգամ: ՄԱԿ ԱԽ 15 անդամներից 5-ը (ընդ որում` երեքը ԵԱՀԿ ՄԽ անդամ են) վետոյի իրավունք ունեն, եւ նրանցից յուրաքանչյուրի «դեմ» քվեարկությունը կարող էր կանխել հիշյալ բանաձեւերի ընդունումը: Ժամանակին Ա. Արզումանյանը չի կարողացել 1 առանձին` համեմատաբար ադեկվատ երկրի հետ անհրաժեշտ աշխատանք տանել, բայց բողոքում է, որ այսօր այդ աշխատանքը չի տարվում մոտ 200 երկրների հետ, որոնց մեծ մասը, կրոնական գործոնից բացի, խնդիրը որեւէ այլ պրիզմայով չի ընկալում:
Ի դեպ, ուշագրավ մի փաստ, որ պատմության դասագրքերում չեք հանդիպի: Ասում են` ՄԱԿ ԱԽ-ում բանաձեւի ընդունման համար` Ա. Արզումանյանի «արդյունավետ» գործունեության պատճառով, ժամանակի ուժայիններից մեկն ապտակել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի անմիջական ղեկավարին: Բայց` չշեղվենք:
Պակաս տպավորիչ չեն Ա. Արզումանյանի «ձեռքբերումները» նաեւ ՄԱԿ ԳԱ ձեւաչափում: Լեռնային Ղարաբաղը ՄԱԿ ԳԱ փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1994 թվականի նոյեմբերի 15-ին ընդունված «Համագործակցություն Միավորված ազգերի եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության միջեւ» բանաձեւում: Փաստաթուղթն անցել է կոնսենսուսով, այսինքն` Հայաստանը` ի դեմս Ա. Արզումանյանի, նույնպես «կողմ» է եղել: Մինչդեռ բանաձեւի 8-րդ կետի ձեւակերպումը` «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղ շրջանը», Ադրբեջանի այն քարոզչական կլիշեներից մեկն է, որ պաշտոնական Բաքուն արդեն երկու տասնամյակ փորձում է ամրագրել ամենատարբեր փաստաթղթերում ու բանաձեւերում: Եվ ինչպես տեսնում ենք, դա նրան հաջողվել է հենց Ա. Արզումանյանի «ջանքերով»:
Այսքանից հետո էլ նախկին արտգործնախարարը պնդում է, թե ամենամտահոգիչը հակամարտության էությունը խեղաթյուրելու Ադրբեջանի որդեգրած մոտեցումն է:
Այսքանըՙ Ա. Արզումանյանի «արդյունավետ» շրջանի մասին: Հիմա համեմատենք: Նրա պաշտոնաթողությանը հաջորդած շրջանում ՄԱԿ ԳԱ-ում իրավիճակն աստիճանաբար շտկվել է. եթե 1997թ. Ադրբեջանի շրջանառած բանաձեւն անցել է ձայների 104 «կողմ»-ով, ապա 1999թ. դրանց թիվը նվազել է մինչեւ 55-ի, իսկ 2008-ին, ինչպես արդեն նշեցինք, 39-ի:
Հնարավո՞ր էր նման արդյունք` առանց Հայաստանի դիվանագիտական ջանքերի: Պատասխան` ՈՉ: Այդ ժամանակահատվածում Հայաստանին հաջողվել է շահել ԻԻԿ անդամ մի շարք երկրների (Սիրիա, Լիբանան, Իրան, Թուրքմենստան, Ղազախստան եւ այլն) չեզոքությունը: Մի բան, որ նույնիսկ Հնդկաստանին է անհասանելի: Այդ ընթացքում Հայաստանին հաջողվել է գրեթե անհնարինը` ներազդել Չինաստանի մոտեցման վրա եւ այսպես շարունակ:
Արդյունքում` դինամիկան ակնհայտ է. հակամարտության մեջ չներգավված երկրներն աստիճանաբար համալրում են «ձեռնպահ»-ների բանակը, իսկ միջնորդական առաքելություն իրականացնողները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, ոչ միայն «դեմ» են քվեարկում, այլեւ ծանուցում են խնդրի միակողմանի ներկայացման եւ զգուշացնում բանակցային գործընթացի վրա դրա բացասական ազդեցության մասին:
Կրկնենք` այս արդյունքին, առանց Հայաստանի ԱԳՆ-ի անհրաժեշտ ջանքերի գործադրման, անհնար կլիներ հասնել: Հետեւաբար` ԱԳՆ-ին մեղադրելու Ա. Արզումանյանի հայտարարությունը միանշանակ անհիմն է: Ուստի հարց է առաջանում` ո՞րն է նման վերաբերմունքի դրդապատճառը:
Ենթադրվում է, որ նա, լինելով ընդդիմադիր գործիչ, կոշտ հայտարարություն արել է` ներքաղաքական դաշտում որոշակի դիվիդենտներ ստանալու համար: Բայց այդ դեպքում, լուրջ արդյունքի հասնելու համար, անհրաժեշտ էր գոնե թվարկել ԱԳՆ-ի որոշակի բացթողումներ, չիրականացված քայլեր, մատնանշել մի քանի կոնկրետ անելիք, ինչը կշիռ կհաղորդեր իր ասածներին: Այլապես` քամու տատանման տպավորություն է առաջանում:
Դրդապատճառների հետ կապված մյուս ենթադրությունը կարելի է միայն պատկերավոր ներկայացնել. որոշակի իրավիճակներում հանցանքի վայրում «բռնեք գողին» բացականչում է հենց ինքը` գողը: Գուցե հենց նմանատիպ իրավիճակի հետ գործ ունենք:
ԱՎ. ՍԵՄԵՐՋՅԱՆ