Արձանագրությունները մեռան, կեցցեն արձանագրությունները
Մեկ տարի առաջՙ հենց այս օրը հանրությանը մատուցվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք քաղաքական ցունամի առաջացրին, երկար ժամանակ (մոտ մեկ տարի) քաղաքական միտքը կենտրոնացրին հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ, անգամ Հայաստանի քաղաքական կոալիցիան նվազեցրին եւս մեկով: Ոմանք այս արձանագրությունների նախաձեռնումը համարեցին Հայաստանի ներքին խնդիրներից, մարտի 1-ից հայ հանրության ուշադրությունը շեղելու միջոց, ուրիշները` Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականություն, երրորդները նոր մոտեցումների ձեւավորման` կուլ գնացած, բայց հոգեբանական ազդակի եւ մտածողության կարծրատիպը կոտրելու իր դերը կատարած քայլ. այսպես թե այնպես` արձանագրություններն այժմ կասեցված են, իսկ դրանց քննարկումները հասարակության համար շատ վարագույրներ հետ քաշեցին` քաղաքական շրջանակների իրական դեմքը տեսնելու առումով: Այժմ հայ-թուրքական խոսքուզրույցին փոխարինելու է եկել հայ-ռուսական խոսքուզրույցը. առա՛ջ:
Արցախի անկախության օրը ՀՅԴ-ի համար լավ առիթ է
Սեպտեմբերի 2-ին Երեւանի «Դինամո» մարզասրահում ՀՅԴ-ն կազմակերպում է ժողովրդային հանդիպում-տոնախմբություն` նվիրված Արցախի անկախության օրվան: Երեկ հրապարակված հարցազրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նկատել է, թե ԼՂ անկախության օրը նշելը ոչ միայն լավ առիթ է, այլեւ անցած տարին գնահատելու հնարավորություն. «Որքանո՞վ մոտեցանք մեր խնդիրների լուծմանը, ի՞նչ նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են առաջացել... Հիմա ակնհայտ է, որ ամենագլխավորը դարձյալ Ղարաբաղի հարցն է: Ակնկալվում են ինչ-որ համաձայնություններ` հնարավոր սկզբունքների շուրջը, դրանց հիման վրա ինչ-որ ամբողջական փաթեթ, այսինքնՙ ավելի կոնկրետ են դարձել խնդիրները: Այդ խնդիրների հետ կապված, բնականաբար, պետք է վերացվի շփոթը, որ գոյություն ունի հասարակության մեջ», ասել է նա` նշելով, թե հավաքի ընթացքում բարձրաձայնվելու են վտանգներն ու սպառնալիքները: Ըստ Ռուստամյանի` ղարաբաղյան հիմնախնդիրը հայ ժողովրդի օրակարգի ամենակարեւոր հարցերից է, որն ուղղորդում է թե՛ մեր արտաքին, եւ թե՛ ներքին քաղաքականությունը: Նշելով քաղաքական երկու մոտեցման մասին այս խնդրում` ա) զիջենք, որ զարգանանք, բ) զիջելու դեպքում կորցնելու ենք մեր ազգային պետության հեռանկարն ընդհանրապես, ՀՅԴ-ն, ըստ Ա. Ռուստամյանի, առաջարկում է զարգանալ եւ չզիջել: Իսկ այդ երկու խնդիրը միաժամանակ լուծելու համար հասարակական համախմբումն է պետք, մինչդեռ, ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի, հասարակության մեջ առայժմ համախմբման մթնոլորտ չկա:
Դալլաքյանը կուսակցություն չի՞ ստեղծում
Մամուլում տարածված լուրերի համաձայն` պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կուսակցություն է ստեղծում: Այդպիսի կուսակցության նպատակը, ըստ վերլուծաբանների հասարակության ընդդիմադիր էլեկտորատի այն ազատ մնացած շերտերի գրավումն է, ովքեր չեն վստահում ոչ առկա ընդդիմությանը, ոչ իշխանությանը: Վ. Դալլաքյանը, սակայն, մեր զանգին ի պատասխան կտրկանապես ժխտեց լուրը. «Այ մարդ, ես Կիրովականի գետում ինձ համար լողանում եմ, լրագրողները ինչ ասես չհորինեցին իմ մասին», զարմացավ լոռեցի պատգամավորը` ավելացնելով, թե լրագրողների մի խումբ կա` մարդը մեռնի, չեն իմանա, բայց այդ նույն մարդու մասին ինչ ասես գրում են»: Նա խոստացավ սեպտեմբերի 14-ին կայանալիք ԱԺ նիստի ընթացքում պատասխանել լրագրողների բոլոր հարցերին, քանի որ ամեն օր այս լուրերի առիթով իրեն զանգում են: Ժխտելը` ժխտենք, բայց ծուխն առանց կրակ չի լինում...
Ի դեպ, Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի ե՛ւ առաջին նիստը, ե՛ւ հավանաբար երկրորդ նիստը կգումարվեն կառավարության` Մելիք-Ադամյան փողոցում գտնվող նիստերի դահլիճում, քանի որ նորոգված եւ օվալաձեւ ԱԺ նիստերի դահլիճում սարքավորումների տեղադրման հարցը դեռեւս չի լուծվել: Դեռ երկու նիստ տանջվելու ենք հին խորհրդարանի անակուստիկ դահլիճում:
ԼՂՀ արտգործնախարար. «Լավ չենք օգտագործում սփյուռքի ներուժը
Ի՞նչ անելիքներ ունի այս պահին ղարաբաղյան դիվանագիտությունը ԼՂՀ ճանաչման իրավական, քաղաքական եւ բարոյական հիմքերը միջազգային հանրությանը ցույց տալու ուղղությամբ հարցին պատասխանելով` ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն ասել է, թե ԼՂՀ անկախության ճանաչմանն ուղղված ջանքերը պետք է առավել ակտիվ եւ համակարգված լինեն, իսկ այդ գործում մեծ դեր է պատկանում ինչպես Հայաստանին, այնպես էլ «Սփյուռքին»: Գ. Պետրոսյանը նախ թվել է այս ուղղությամբ ներկայացուցչական մարմինների ջանքերը, ապա ավելացրել. «Անկասկած, մեր քարոզչական գործունեությունն ուժեղացնելու խնդիր ունենք, կարեւոր է, որ քարոզչությամբ զբաղվեն մարդիկ, ովքեր ազգային գաղափարախոսության կրողներն են»: Ըստ Ղարաբաղի արտգործնախարարի` Ղարաբաղն ու Հայաստանը բարդ իրավիճակում են, հայությունն ընդհանուր առմամբ ներքաշված է քարոզչական պատերազմի մեջ. «Մի կողմից մենք ունենք իրական հակառակորդներ` Ադրբեջանն ու Թուրքիան, մյուս կողմից` գոյություն ունեն ուժեր, որոնք հետապնդում են իրենց շահերը, իրենց քարոզչությունն ուղղում են մեր դեմ»: Արտգործնախարարի կարծիքով` նավթային դիվանագիտութայն հնարավորություններ հայերս չունենք, սակայն ունենք սփյուռք, որի ներուժը լավ չի օգտագործվում (աղբյուր` «Ազատ Արցախ»):
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ