Ամենաարագ Ինտերնետ Հիմա մոդեմներն արդեն վաճառքում են
Այսօր Orange-ը մեկնարկեց իր նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմների վաճառքը, որոնք հնարավորություն են ընձեռում կատարելու բեռնումներ համացանցից մինչեւ 14.4 Մբ/վ տեսական արագությամբ: Այս նոր մոդեմների մեկնարկով, ինչպես նաեւ վերազինված ամենաարդիական 3G+ ցանցի շնորհիվ Orange-ն արագության եւ որակի նոր չափանիշներ է սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի շուկայում:
Վերջին մի քանի ամիսներին Orange-ի 3G+ ցանցում կատարված մեծածավալ հզորացման աշխատանքների շնորհիվ Հայաստանի երեք մեծ քաղաքներում` Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում տվյալների փոխանցման արագությունը հնարավոր է դարձել հասցնել տեսականորեն մինչեւ 14.4 մեգաբիթ/վայրկյանի: Ինտերնետ Հիմա 14.4 նոր մոդեմների շնորհիվ Orange-ն իր գերարագ ինտերնետի բաժանորդներին առաջարկում է արագության միանգամայն նոր փորձառություն եւ ինտերնետ կապի որակ: Կատարյալ պայմաններում Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմի շնորհիվ այսուհետեւ կարելի է տվյալներ բեռնել 7-9 մբ/վրկ արագությամբ: Միջինում բաժանորդները կունենան 2-5 մբ/վրկ արագություն, ինչը հնարավորություն կտա նրանց հաշված վայրկյանների ընթացքում բեռնելու երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, ինչպես նաեւ ֆիլմեր դիտելու ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:
«Այսօրվա առաջարկով մենք նոր չափանիշ ենք սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի ոլորտում: Որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություն` մեր պարտականությունն ու կոչումն է թվային աշխարհի հնարավորությունները հասանելի դարձնել մեր հաճախորդներին, առաջարկել նրանց լավագույն որակ եւ նորագույն տեխնոլոգիաները: Մենք երբեւէ կանգ չենք առնում մեր ձեռքբերումների վրա, եւ բարելավելով մեր կողմից ներկայումս առաջարկվող ինտերնետի որակը` շարժվում ենք առաջ` առաջարկելով նոր արագություններ եւ որակ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան :
Նոր 3G մոդեմները կարելի է ձեռք բերել ինչպես մեկ տարվա բաժանորդագրությամբ, այնպես էլ առանց բաժանորդագրության: Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմը կարժենա 15,000 դրամ, իսկ մոդեմն առանց մեկ տարվա պայմանագրի գնելու դեպքում` 37,000 դրամ:
«Մեզ համար կարեւոր է, որ ցանցի տեխնոլոգիական վերազինման արդյունքները անմիջապես հասանելի դառնան մեր բաժանորդների համար: Այս մոդեմներով մենք հնարավորություն ենք տալիս Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի մեր բաժանորդներին արդեն իսկ օգտվելու այդ աներեւակայելի արագություններից: Եվ ինչպես միշտ, մենք հավատարիմ ենք մեր` «գերարագ ինտերնետը բոլորի համար է» կարգախոսին, որի շրջանակներում առաջարկվող նոր արագությունը նախատեսված է Orange-ի ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդների համար: Ինտերնետ Հիմա 7.2 մոդեմ ունեցող բաժանորդները կարող են ցանկացած պահի վերադարձնել իրենց հին մոդեմը եւ ստանալ նոր, արագություններ ապահովող մոդեմը` վճարելով վերջինիս համար նախատեսված 15,000 դրամը եւ երկարացնելով պայմանագրի գործողության ժամկետը», ասաց Orange-ի մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը :
Նոր մոդեմի մեկնարկին զուգահեռ Orange-ը վերանայել է նաեւ Ինտերնետ Հիմա 7.2 մոդեմի վաճառքի գինը. այն այսուհետեւ կարելի է ձեռք բերել առանց մեկ տարվա բաժանորդագրության, ընդամենը 24,000 դրամով նախկին 35,000-ի փոխարեն: