«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2010-08-27 | #155, 2010-08-28 | #156, 2010-08-31


ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՊԱՐԹԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՊՂՆՁԵ ՄԵՏԱՂՆԵՐ

«Ե՞րբ եք ավարտելու Տիգրանակերտի պեղումները» հարցը գրեթե ամեն օր տալիս են Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանին : Նրա պատասխանն էլ հետեւյալն է` «Իսկ դրա կարիքը կա՞: Ամեն տարի նոր իրեր, նոր մշակույթ ու հնագիտական նոր արժեքներ ենք բացահայտում»:

Այս տարի շուրջ երկու ամիս տեւած պեղումների արդյունքներից Պետրոսյանը գոհ է: Աշխատանքն արդյունավետ էր, գտածոները` թանկարժեք, հետագա աշխատանքն էլ այնքան շատ, որ միայն փետրվարին կհասցնեն ներկայացնել այս տարվա պեղումների հաշվետվությունը:

Թեպետ Տիգրանակերտը երբեւէ Արցախի մայրաքաղաք չի համարվել, սակայն հնագիտական արժեքներով ու կառույցներով հարուստ քաղաք է: Համլետ Պետրոսյանն ուշադրության է հրավիրում սպիտակ գույնին ու հավելում, որ շինությունները կառուցված են կրաքարից. հետեւաբար Տիգրանակերտը կարելի է անվանել նաեւ սպիտակ քաղաք:

Հունիսին մեկնարկած պեղումները հիմնականում ընթացել են միջնաբերդում, Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի տարածքում, կենտրոնական թաղամասում (բազիլիկ տաճարի տարածք):

Միջնաբերդում հայտնաբերած իրերից հնագետն առանաձնացնում է գունազարդ խեցեղենն ու սկյութական տիպի արդեն երրորդ նետասլաքը:

Բազիլիկ եկեղեցում հայտանբերել են անոթներ, ապակե ապարանջաներ: «Սակայն ամենաէական գյուտը 10-11-րդ դդ. խաչքարն է, որը ոչ միայն հավաստում է հայի ինքնության ակնհայտ առկայությունը Տիգրանակերտում, այլեւ փաստում, որ 9-րդ դարում` համեմատական անկումից հետո, եկեղեցու մի հատված վերականգնվել է եւ ծառայել իբրեւ մատուռ, որից դեպի արեւմուտք էլ խաչքար է կանգնեցվել», ասաց Համլետ Պետրոսյանը «Արմատ» ակումբում:

Տիգրանակերտի անտիկ թաղամասում պեղվել է ավելի քան 2 տոննա տարողություն ունեցող օձազարդ կարաս, որը վերականգնելուց հետո կդառնա նորաստեղծ թանգարանի ամենաուշագրավ ցուցանմուշներից մեկը: Իսկ անտիկ դամբարանադաշտերից մեկում հնագետները հայտնաբերել են երկու կարասային թաղումներ, որոնցից մեկում զարդերի ու երկաթյա ակնազարդ մատանիների, ոսկեզօծ ուլունքների հետ գտնվել են նաեւ պղնձե դրամներ:

«Ակնկալիքներ ունենք, որ կգտնենք նաեւ Տիգրան Մեծի ժամանակաշրջանի դրամներ», ասաց նա: Հնագետի հավաստմամբՙ պղնձե դրամների վրա աղոտ կերպով նշմարելի է արքայի գլուխը, իսկ չափսերից դատելովՙ պարթեւական ծագում ունեն: Սակայն Պետրոսյանն առաջարկում է մի փոքր սպասել ու դրամի ծագման ստույգ ժամանակաշրջանի ու պատկանելության վերաբերյալ հարցերին պատասխանել դրամի մաքրման գործընթացից հետո:

Տիգրանակերտում հայտնագործված բազմաթիվ գտածոներ այժմ պահվում են ԵՊՀ հնագիտության լսարանում: Արցախում պահոցի կառուցման աշխատանքների վերջին փուլն է ընթանում. ավարտին գտածոները կտեղափոխվեն Ստեփանակերտ:

Տիգրանակերտի վերաբերյալ հասարակական արձագանքը հսկայական է: Միայն Արցախի հեռուստատեսությունը երեք անգամ անդրադարձել է հնագետների աշխատանքին: Օրական ավելի քան հարյուր զբոսաշրջիկ է այցելում Տիգրանակերտ, անտիկ ժամանակաշրջանի քաղաք այցելությունը դարձել է յուրատիպ ուխտագնացություն: Դա ունի իր դրական կողմերը, սակայն բացասականը նույնպես ակնառու է: Համլետ Պետրոսյանը պատմում է, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելում են Տիգրանակերտ, շրջում եւ ձեռի հետ մի քանի քար վերցնում որպես մասունք` առանց գիտակցելու, որ դրանք հնագիտական մեծ արժեք են ներկայացնում եւ պետք է պահվեն հատուկ վայրերում: Թեպետ թանգարանը պահակ ունի, այնուամենայնիվ հնագետը բարձրացնում է Տիգրանակերտի պահպանության հարցն ու հավելում, որ արշավախումբը ծրագրել է ստենդներ պատրաստել ու այցելուներին զգուշացնել, որ տարածքը հուշարձանների պահպանման ցանկում է գտնվում, եւ արգելվում է որեւէ ցուցանմուշ վերցնել:

Խոսակցությունները, որ Տիգրանակերտի պեղումներն անցկացվում են ազատագրված տարածքներից մեկում, եւ գուցե դրանք վերադարձվեն ադրբեջանական կողմին, Համլետ Պետրոսյանը լուրջ չի ընդունում: «Այդ կապակցությամբ որեւէ մտահոգություն չունեմ», շեշտեց նա` հավելելով, որ Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու համար ֆինանսական օժանդակություն են ստանում Արցախի հանրապետությունից, ինչը հերթական անգամ փաստում է արցախցիների արդեն ամրագրված կարծիքը` ոչ մի թիզ հող:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4