Ցարդ լոյս չէ տեսած նման փառահեղ գիրք Հայաստանի մասին: Լուվրի թանգարանի գրադարանին մէջ ցուցադրուած այս պատկերագիրքը գործն է նշանաւոր լուսանկարչուհի Գրացիէլա Վիգոյի, հրատարակուածՙ Իտալական մեծագոյն հրատարակչատան (SKIRA) Սկիրայի մօտ, մեկենասութեամբՙ Ժոզէֆ Ուղուրլեանի, որ ճիգ եւ նիւթական չէ խնայած գլուխ հանելու համար այս գեղեցկագոյն հատորը: Ահա թէ ինչպէս կ՛արտայայտուի ան գրքի մուտքին. «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի անխոնջ նվիրյալներ Պերճ եւ Վերա Սեդրակյաններին, ում շնորհիվ ես հայտնաբերեցի հիասքանչ երկիր Հայաստանը: Արմէն Սարգսյանին եւ իր ընտանիքինՙ այս գրքի հրատարակման համար մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Նրանք ինձ համար այս չբացահայտված ժողովրդի բարության եւ իմաստության մարմնացումն են:
Ծայրագույն պատրիարք եւ կաթողիկոս Ամենայն հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ինՙ այս գրքի նախաբանում մեծահոգաբար մի քանի խոսք գրելու համար: Աշոտ Ղազարյանինՙ Հայաստանի յուրաքանչյուր եկեղեցի եւ անկյուն ինձ ցույց տալու համար: Սերգեյ Լալայանին եւ իր ընտանիքինՙ հյուրասիրության ավանդը Հայաստանում բարձր պահելու համար»:
Շնորհակալութեան այս խօսքերը թարգմանուած են չորս լեզուներուՙ անգլերէն, ֆրանսերէն, իտալերէն եւ ռուսերէն:
Գրքի յաջորդ էջին կը գտնենք մեկենասի հետիւեալ գիրը ուղղուած Կրացիէլլա Վիկոյին.
«Երբ ես խնդրեցի Գրացիելլային մեկնել Հայաստան, ապա ես ուզում էի կյանքի կոչել ինձ համար թանկ այդ երկրի ամենագեղեցիկ պատկերը: Իմ իղձն իրականացավ լավագույն կերպով: Արվեստագետին հաջողվեց վերարտադրել բնապատկերների իրական գեղեցկությունը, դրանց անաղարտությունը եւ նույնիսկ այդ ժողովրդի հոգին, որն այնքան է կապված իր հավատքին, որ բազմաթիվ անգամներ մազապուրծ է եղել ոչնչացումից այդ պատճառով:
Սակայն այս գիրքն ավելին է, քան երկրի պատկերը: Այն բացահայտում է այդ երկրի լեռների, եկեղեցիների, դեմքերի հավերժականությունը, մեզ հիշեցնելով, որ Հայաստանը քրիստոնեության օրրանն է եւ սկիզբը մեր քաղաքակրթության»:
Այս գրութիւնը եւս թարգմանուած է 4 լեզուներու:
Գիրքին չափերն են 31x24 սանթիմ: 240 գունաւոր էջ: Թանկարժէք, սաթինէ թուղթ:
Գրքի գեղարուեստական ձեւաւորումը կատարած են հետիւեալ անձերը.
Կրաֆիկական յղացումՙ Մարսիլլօ Էվաՙ Վանզիլլա, տպագրութեան պատասխանատուՙ Էմմանուէլ դի-Լալլօ, Էջադրումՙ Սարա Սալվի, Լուսանկարչուհիՙ Կրացիէլա Վիկօ
Գիրքը կը բացուի Սրբ. Մեսրոպ Մաշտոցի ադամանդակուռ ոսկեայ, 35 տառերով, անոնց կը յաջորդէ մեկենասինՙ Յոզէֆ Ուղուրլեանի շնորհակալութեան խօսքը: Յաջորդ զոյգ էջերու վրայ Չարենցի Կամարը, որմէ ետք դարձեալ զոյգ էջերու վրայՙ Արարատը: Ապա զոյգ էջերու վրայՙ սեւ ֆոնովՙ փոքր եւ մեծ մոմերՙ վառուած: Կը դարձնենք էջը ու կը գտնենք Ամենայն հայոց կաթողիկոսի դիմանկարը եւ դիմացը իր օրհնութեան խօսքը 5 լեզուներով:
Յաջորդող էջերուն մէջՙ Սրբ. Էջմիածնի տաճարը շրջապատուած ծառերով, ապա Տրդատի դուռը, որուն առջեւ շարքով կեցած են վանականները, դիմացըՙ Էջմիածնի մայր մուտքը: Յաջորդող երեք էջերու վրայ կը տեսնենք Կամարը իր զարդերով եւ հուսկՙ տաճարին մէջ հաւատացեալներըՙ խորանին դիմաց: Մնացեալ 227 էջերուն կը տեսնենք Միւրոնի աղաւնակերպ ամանը եւ խնկամանէն ետք ամբողջ Հայաստանն իր տեսարաններով, լեռներով, եկեղեցիներով, սրբավայրերով եւ ժողովուրդի ներկայացուցիչներով:
Գունաւոր նկարները առնուած են այնպիսի անկիւններէ եւ այնպիսի վարպետութեամբ, որ կրնան միայն հիացում պատճառել ամենախիստ ճաշակ ունեցողին անգամ:
Գրքի վերջին 13 էջերը կը ներկայացնեն ներկայ, ապրող Հայաստանի Մատենադարանը, նուագարանները, լաւաշ հացն ու անոր պատրաստութիւնը, արեւնածաղիկն ու հոնը, նուռը, ընկոյզը, լոյսերու մէջ լողացող Հանրապետութեան հրապարակը իր գեղեցիկ կառոյցներով:
Գիրքը կը գոցուի զոյգ էջերու վրայ բացուող արշալոյսով մը, որ կը հրդեհէ երկինքը:
Գիրքը կը գոցուի հետեւեալ խօսքերով.
«Սա Հայաստանի մասին տուրիստական ուղեցոյց չէ, այն չի բացատրում, թէ ինչ է ներկայացնում ամէն մի պատկերը եւ այն չի ասում ձեզ, թէ ինչ տեսնել: Այն մեծ էմոցիոնալ ուղղութիւն է, սիրոյ պատմութիւն, զգացմունքների եւ պատկերների, լռութեան եւ երկնքի հաւաքածոյ:
Այն ունի միայն մէկ խորհուրդ, գոնէ մէկ անգամ ձեր կեանքում պէտք է այցելէք Հայաստան, որպէսզի զգաք նրա հոգին, ձայնը եւ գոյները, այն ամէնն, ինչ դարձնում է այդ երկիրն եզակի եւ անմոռանալի»:
ԳՐԱՑԻԷԼԼԱ ՎԻԳՕ
Ծնած Միլան, Կրացիէլլա Վիկօ իր ուսումը ստացած է Ժնեւ, նախքան արհեստավարժ թղթակից դառնալը Ռիզոլի ընկերութեան: Շարունակելով իր մասնագիտութիւնը կ՛որոշէ դառնալ արհեստավարժ լուսանկարիչ, Նիւ Եորքի մէջ հետեւելով մեծ վարպետ Ռոպէր (Marrlethorpe) Մառլըթորպի դասընթացներուն: Կը սորվի Ռեմբրանդի լոյսերը եւ դիմանկարներու արուեստը:
Ան իրագործած է բազմաթիւ պատկերագիրքեր, նշանաւոր դէմքերու եւ հասարակ մարդոց դիմանկարներ, արուեստի գիրքեր, որոնք կը պատմեն թղթակցի նուրբ լեզուով, իրականութիւնըՙ Չինաստանի, Հնդկաստանի եւ այս հատորովՙ Հայաստանի մասին:
Դէմքեր, կիներ, տեսարաններ, առօրեայ կեանքէն: Խորհրդաւոր բան մը կայ, որ կը տպաւորէ իր արուեստին մէջ, կարեւոր բան մը մարդկային հոգիի խորութեան մասին:
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԹՈՐՈՍԵԱՆ, Փարիզ