Իննսունմեկ տարեկանում Պրովիդենսում վախճանվել է հայկական ռադիոժամի 60-ամյա հաղորդավար-մեկնաբան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ռասել (Ռազմիկ) Ալենբի Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթըՙ լուրը քաղելով «Պրովիդենս ջոռնըլ» պարբերականից:
Ռազմիկ Գասպարյանը ծնվել էր Հալեպում (Սիրիա) 1918-ին, վերապատվելի Եղիշե եւ Նեկտար Գասպարյանների ընտանիքում: 1947-ին, առանց հեռասփռման ոլորտի որեւէՙ թեկուզ նախնական կրթություն ունենալու, նա Պրովիդենսում հիմնել է հայկական ռադիոժամը, որը ճանաչված է Նյու Յորքի եւ Կալիֆոռնիայի հեռուստառադիոընկերությունների կողմից որպես ամենաերկարամյա էթնիկական ծրագիրը Մ. Նահանգներում: Նա նաեւ հիմնել է «4-աստղանի ստեղծագործություններ» ոսկերչական նախագծումների եւ արտադրության ընկերությունը Պրովիդենսի Օլնիվիլ հրապարակում: Ամուսնացած էր Էլիզաբեթ Մուրադյանի հետ եւ ուներ երեք զավակ ու չորս թոռ:
Հ. Ծ.