«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2010-08-27 | #155, 2010-08-28 | #156, 2010-08-31


«Re Aninania» ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԻՄԱՑԻՈՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-13-Ը

Մեկ տարի առաջ, առաջին անգամ անցկացվեց «Ռե Անիմանիա» երեւանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը, նպատակ ունենալով աջակցել հայկական անիմացիայի երբեմնի համբավի վերականգմանը:

Երեկ լրագրողների հետ հանդիպեցին փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին եւ գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանը ու տեղեկացրին «Ռե Անիմանիա-2010» միջազգային փառատոնի ծրագրին եւ այս տարի դրանում ընդգրկված նորություններին: Ինչպես անցյալ տարի, այս փառատոնին հյուրընկալվելու են անիմացիայի աշխարհում 23 հեղինակավոր ներկայացուցիչներ, որոնց թվում են «Ռե Անիմացիա» միջ. փառատոնի խորհրդի նախագահՙ Մաքս Հաուարդը, Ֆրենք Գլեդսթոունը (ԱՄՆ), Դեյվիդ Սփրոքսթոնը (Մեծ Բրիտանիա), Ժան Փոլ Քոմենը (Ֆրանսիա), Մոհամեդ Ղազալան (Եգիպտոս), Մարթա Մաչադոն (Բրազիլիա) եւ այլք:

Ըստ Վրեժ Քասունու, փառատոնին ներկայացվել է 400-ից ավելի ֆիլմերի հայտեր 35 երկրներից եւ դրանցից միջազգային ժյուրին, որը, ի դեպ, կազմված է եղել միայն արտերկրի մասնագետներից, ընտրել է 263 մրցույթային ֆիլմեր: Փառատոնին առաջին անգամ կմասնակցեն Չեխիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Սինգապուրից, Թուրքիայից, Սիրիայից, Հունաստանից, Բուլղարիայից եւ Նիդեռլանդներից ներկայացուցիչներ անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերով: Փառատոնին ներկայացված մրցույթային ֆիլմերը կառանձնանան չորս հիմնական անվանակարգերումՙ լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական (ուսանողական) եւ հեռուստատեսային: Բացի դրանցից, կլինի մեկ հատուկ մրցանակՙ «Կարճամետրաժ ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար»: Իսկ ժյուրիի ընտրությամբ կլինեն նաեւ այլ մրցանակներՙ «Լավագույն դեբյուտ», «Լավ քաղաքացի» անվանումներով:

Այս տարվա փառատոնի նորույթներից մեկն էլ բացօթյա ցուցադրություններն են, որոնք կկայանան ամեն երեկո 21.30-ին Կասկադում, որին մինչեւ 16 տարեկանների մուտքը արգելված է (իսկ ինչպե՞ս են հսկելու բացօթյա վայրում, խիստ տարակուսելի է-խմբ.): Իսկ երեխաների համար «Նաիրի» կինոթատրոնում առավոտյան եւ կեսօրին կցուցադրվեն մանկական անիմացիոն նոր ֆիլմեր, որոնց տոմսերի համար սահմանվել են նվազագույն գին, նշեցին կազմակերպիչները:

Փառատոնի օրերին կանցկացվեն նաեւ վարպետության դասընթացներ աշխարհի հայտնի անիմատորների կողմից, հատուկ հայ անիմացիայով զբաղվողների համար: Բացի այդ փառատոնի կազմակերպիչներն իրենց գործառույթներում ընդգրկել են եւս 15 ծրագրեր, որոնք աստիճանաբար իրականացնելու են: Իսկ լրագրողների ու կինոքննադատների համար մշակվել է հատուկ մի ծրագիր, որը հնարավորություն կտա հյուրերի հետ նախապես դիտել ֆիլմերը, դրանք քննարկել կեսգիշերային հանդիպումներին մասնակցել ու ներկա գտնվել փակ ելույթներին:

Երեւանյան անիմացիոն ֆիլմերի փառատոնի մասին արտահայտվելիս Մաքս Հաուարդն ասաց. «Հայաստանը տարածաշրջանում տեսնում եմ որպես անիմացիայի եւ մուլտիպլիկացիայի ասպարեզում մետաքսի ճամփա...»:

Փառատոնին ներկա կլինի եւ Կաննի կինոփառատոնին մրցանակի արժանացած Սերժ Ավետիքյանի «Պատմությունըՙ շուն է» անիմացիոն ֆիլմը: Սերժ Ավետիքյանը նույնպես ընդգրկվել է մրցութային ժյուրիի կազմում:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4