«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2010-08-27 | #155, 2010-08-28 | #156, 2010-08-31


ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳՈՐԻՍՈՒՄ

2006-ին Երեւանում լույս տեսած գեղագետ ու մշակութային մեկնաբան Լեւոն Լաճիկյանի «Խաչվող ճանապարհներ» գիրքը գրավեց ընթերցողի ուշադրությունը եւ արժանացավ ջերմ ընդունելության ոչ միայն շնորհիվ այնտեղ պարունակվող հետաքրքրական ուղեգրությունների, այլեւ հեղինակի տասնյակ ուշագրավ գծանկարների: Ոգեւորված նման հաջողությամբ` Լեւոնը որոշեց շարունակել այդ աշխատանքը` երեւան բերելով իր Գյումրվա եւ Գորիսյան շարքերը: Դրանք ներառում էին հիշյալ քաղաքների ոչ միայն նշանավոր կառույցների ու կոթողների, այլեւ սովորական բնակելի տների գրաֆիկական պատկերումները: Հենց այդ շարքերն էին կազմում Գորիսում օգոստոսի 25-ին բացված արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսի հիմնական ատաղձը:

Քաղաքային պատկերասրահում հավաքված բազմաթիվ արվեստասերներն ու տեղական լրատվամիջոցները բարձր գնահատեցին Լեւոն Լաճիկյանի նկարչական տաղանդն ու սուր դիտողականությունը եւ հատկապես անթաքույց սերն առ իրենց բնակավայրը: Ինչպես իր բացման խոսքում նշեց Հայաստանի Նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը «Ֆրանսիայի Վիեն եւ Գորիս քույր քաղաքների մշակութային համագործակցության շրջանակներում բացված արդեն թվով 16-րդ ցուցահանդեսն է սա, որի հովանավորը Վիենի Հայ մշակույթի տունն է»: Նա մասնավորապես բարձր գնահատեց Լեւոն Լաճիկյանի ներկայացրած շուրջ 2 տասնյակ աշխատանքների գեղագիտական արժեքն ու ճանաչողական մեծ նշանակությունը: Ի նշան գնահատանքի` Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը նկարչին պարգեւատրեց Շնորհակալագրով եւ Գորիսին նվիրված գիրք-ալբոմով:

Իր խոսքում Լեւոն Լաճիկյանը հատուկ ընդգծեց այս իրադարձության կարեւորությունն իր ստեղծագործական կյանքում, ապա ավելացրեց. «Շենքերն ինձ համար լոկ քարե անշունչ, թեկուզ գեղեցիկ կացարաններ չեն: Դրանք ավելի շատ հոգու ամրոցներ են, բնավորություն կազմավորող եւ միջավայր կերտող երեւույթներ: Իմ նկարներում միայն առաջին հայացքից է բացակայում մարդը: Չէ՞ որ ներկա են նրա արարող մտքի ու ձեռքի դրոշմը կրող ստեղծագործությունները, ուրեմն նաեւ ինքը` ստեղծողը: Ես փորձում եմ պատկերել, օրինակ, Գյումրու այն միջավայրը, որը ծնունդ է տվել Իսահակյանին ու Շիրազին կամ ներկայացնել Բակունցի հայրենիք Գորիսը»: Արվեստագետը վերջում շնորհակալություն հայտնեց Գորիսի քաղաքապետարանին եւ խիստ կարեւորեց ՀՆՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Ժիրայր Մարտիրոսյանի ջանքերը գեղարվեստական բազմաթիվ ցուցահանդեսների կազմակերպման հարցում:

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Խմբ. կողմից - Լեւոն Լաճիկյանի անհատական հաջորդ, առավել ամբողջական ցուցահանդեսը կկայանա Երեւանում` «Նարեկացի» արվեստի կենտրոնում, սեպտե մբերի վերջին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4