Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրում կայացավ չեմպիոնի կոչման հավակնորդներ «Բանանցի» եւ «Փյունիկի» սկզբունքային հանդիպումը, որում բավական հետաքրքրական ու դրամատիկ մրցավեճ ծավալվեց: Առաջին խաղակեսում «Բանանցը» մի փոքր հետ քաշված էր խաղումՙ հնարավորություն ընձեռելով փյունիկցիներին մեծ ուժերով գրոհելու: Սակայն «Բանանցի» գրոհներն ավելի սուր ու վտանգավոր էին: Երկու թիմերն էլ վտանգավոր մի քանի պահեր ստեղծեցին, սակայն չիրացրին գոլային պահերը: Թվում էր, թե թիմերը հանգստի կգնան առանց դարպասը գրավելու: Սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Փյունիկը» 2 անգամ հասավ հաջողության: Նախ պարզապես ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Կառլեն Մկրտչյանըՙ գրեթե դաշտի կենտրոնից հուժկու հարվածով անակնկալի բերելով մրցակցի դարպասապահ Ստեփան Ղազարյանին: Մեկ րոպե անց Էդգար Մանուչարյանի տուգանային հարվածից հետո գնդակը դիպչելով մրցակցի գլխին, փոխեց ուղղությունն ու հայտնվեց դարպասում:
Այսպես անսպասելիորեն «Բանանցը» հայտնվեց ծանր իրավիճակում: Ի պատիվ «Բանանցի» ֆուտբոլիստների, 2-րդ խաղակեսում նրանք տիրեցին նախաձեռնությանն ու մեծ ճնշում գործադրելով «Փյունիկի» դարպասին, կարողացան խուսափել պարտությունիցՙ խաղն ավարտելով իրենց ձեռնտու ոչ-ոքի (2-2) արդյունքով: Գոլերի հեղինակներ դարձան բրազիլացի Բետոն եւ նիգերիացի Դենիրան Օրտեգան: «Բանանցը» կարող էր նաեւ հաղթել, սակայն Հովհաննես Համբարձումյանի հեռահար հարվածը ցնցեց հորիզոնական ձողը: Փյունիկցի Էդգար Մանուչարյանն էլ վրիպեց նպաստավոր դիրքից:
Այսպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի, որը պահպանեց չեմպիոնի տիտղոսի համար առաջնությունում ստեղծված ինտրիգը:
Մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:
Ստեւիցա Կուզմանոսկի («Բանանց») - Իմ կարծիքով սա առաջնության լավագույն հանդիպումն էր: Բավական հետաքրքրական ու համառ մրցավեճ ստացվեց, որում ականատես եղանք գեղեցիկ կոմբինացիաների ու գոլերի: Ցանկալի կլիներ, որ նման հանդիպումներն ավելի հաճախ լինեին, ինչը կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը: Լավ խաղի համար շնորհավորում եմ երկու թիմերի ֆուտբոլիստներին, որոնք ուրախացրին ֆուտբոլասերներին:
Առաջին խաղակեսում հավասար պայքար ընթացավ, սակայն վերջում կենտրոնացումը թուլացրինք ու երկու գոլ բաց թողեցինք, ինչը ծանրացրեց մեր վիճակը: Կառլեն Մկրտչյանի գոլն իրոք շատ գեղեցիկ ու անսպասելի էր: Ի պատիվ սաներիս, 2-րդ խաղակեսում կարողացան հաղթանակի հասնելու կամք ու վճռականություն դրսեւորել, չհուսահատվեցին ու փրկեցին խաղը: Այս խաղում կարող էինք նաեւ հաղթել, բայց եւ պարտվել: Ընդմիջումից հետո «Բանանցն» էր վերահսկում իրավիճակը, շատ գրագետ ու հստակ էին գործում բոլոր օղակները, ինչի շնորհիվ էլ հավասարեցրին հաշիվը:
Մեզ համար շատ կարեւոր էր բրազիլացի Ժոզե Կառլոսի ընդգրկումը թիմում: Նա ընդամենը 3 մարզում էր անցկացրել «Բանանցում», սակայն այսօր արդեն դրսեւորեց իր բարձր կարգը: Առջեւում 2 շաբաթ ընդմիջում է եւ այն կօգտագործենք, որպեսզի բրազիլացի ֆուտբոլիստը մերվի կոլեկտիվին եւ իրոք դառնա թիմի հաղթաթղթերից մեկը: Եվրո-2012-ի մեկնարկի առթիվ շնորհավորում եմ ՀՀ հավաքականին ու հաջողություն մաղթում: Առջեւում դեռ 9 տուր կա եւ վաղ է խոսել չեմպիոնի տիտղոսի մասին: Յուրաքանչյուր խաղ մեզ համար վճռորոշ է լինելու, այդ թվում «Փյունիկի» հետ 4-րդ շրջանի հանդիպումը:
Վարդան Մինասյան («Փյունիկ») - Խաղից առաջ կազմի հետ կապված դժվարություններ ունեինք: Էդգար Մալաքյանը որակազրկված էր, իսկ Գեւորգ Ղազարյանը մարզման ժամանակ վնասվածք էր ստացել: Դա անդրադարձավ խաղի վրա, քանի որ 2-րդ խաղակեսում թիմի գործողություններում թարմություն մտցնելու նպատակով չկարողացա փոխարինումներ կատարելՙ պահեստայինների նստարանին չունենալով համապատասխան ֆուտբոլիստներ, որոնք ունակ լինեին բեկում մտցնել մրցակցությունում:
Երկու տարբեր խաղակեսեր ստացվեցին: Առաջինում լավ խաղացինք, 2 գոլ խփեցինք, իսկ ահա ընդմիջումից հետո փյունիկցիների մեծամասնությունը կանգնած էին: Վարազդատ Հարոյանը թեեւ 4 խաղ լավ մակարդակով էր անցկացրել, սակայն դեռեւս անփորձ է, ուստի նրա մոտ անվստահություն զգացվեց, որի պատճառով էլ փոխարինեցինք:
Ես աղյուսակին ընդհանրապես չեմ նայում ու չգիտեմ, թե քանի միավորով ենք հետ մնում «Բանանցից»: Ինձ համար այս պահին ավելի մտահոգիչ է ազգային հավաքականի ֆուտբոլիստների վիճակը: Հենց նոր տեղեկացա, որ Աղվան Մկրտչյանը վնասվածք է ստացել: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հավաքականը մարտական կազմով ներկայանա ընտրական մրցաշարի մեկնարկային հանդիպմանը:
19-րդ տուրն առատ էր ոչ-ոքիներով: «Ուլիսն» Աբովյանում չկարողացավ հաղթել «Կիլիկիային»: Դարպասները մնացին անառիկ: Վերջապես միավոր վաստակեց «Շիրակը», որը Դիլիջանում 0-2 հաշվով պարտվելով «Իմպուլսին», կարողացավ 10 հոգով խուսափել պարտությունից: «Իմպուլսից» գոլերի հեղինակներ դարձան Էլտոն Կարդոսոն եւ Տիգրան Ոսկանյանը: «Շիրակից» աչքի ընկան Մկրտիչ Նալբանդյանն ու Անդրանիկ Բարիկյանը (11 մ):
Միակ հաղթանակը տոնեց «Միկան»: Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ «Գանձասարի» նկատմամբ թիմի հաղթանակն ապահովեց բրազիլացի Էդնեյի իրացրած 11 մ հարվածը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Բանանց | 19 | 14 | 3 | 2 | 44-17 | 45 |
2. Փյունիկ | 19 | 12 | 4 | 3 | 48-18 | 40 |
3. Ուլիս | 19 | 12 | 3 | 4 | 30-14 | 39 |
4. Միկա | 19 | 9 | 4 | 6 | 28-18 | 31 |
5. Իմպուլս | 19 | 6 | 5 | 8 | 17-32 | 23 |
6. Գանձասար | 19 | 6 | 1 | 12 | 15-27 | 19 |
7. Կիլիկիա | 19 | 4 | 3 | 12 | 17-37 | 15 |
8. Շիրակ | 19 | 1 | 1 | 17 | 12-48 | 4 |
Ռմբարկուները
Էդուարդո դոս Սանթոս | «Բանանց» | 11 |
Գեւորգ Ղազարյան | «Փյունիկ» | 11 |
Մարկոս Պիզելի | «Փյունիկ» | 9 |
Սամվել Մելքոնյան | «Բանանց» | 7 |
Էդնեյ | «Միկա» | 7 |