«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2010-08-27 | #155, 2010-08-28 | #156, 2010-08-31


ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՀՆԳԱՄՅԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ «ՇԱԽՏՅՈՐԻ» ՀԵՏ

Օրեր առաջ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցներին, տեղեկացրել էինք Հենրիխ Մխիթարյանի «Շախտյոր» տեղափոխության մասին: Եվ ահա երեկ Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ Հայաստանի հավաքականի 21-ամյա հարձակվողը պաշտոնապես տեղափոխվել է ուկրաինական այդ ակումբ: Հենրիխը 5-ամյա պայմանագիր է կնքել «Շախտյորի» հետ: Մխիթարյանի տրանսֆերը կազմել է 7,5 մլն դոլար: Նշենք, որ սա հայաստանցի ֆուտբոլիստների համար երբեւէ վճարած ամենաբարձր տրանսֆերային գումարն է:

Երեկ Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում վերջին հանդիպումն անցկացրեց: Նախորդ 36 խաղերում նա 12 գոլի հեղինակ է դարձել: Իսկ այսօր նա կժամանի Երեւան եւ կմիանա ազգային հավաքականի իր խաղընկերներին, որոնք սկսել են նախապատրաստությունն ընտրական մրցաշարին:

Ինչ խոսք, «Շախտյոր» տեղափոխվելը Մխիթարյանի առջեւ մեծ հեռանկարներ կբացի: Նա թիմի կազմում հնարավորություն կունենա մասնակցելու չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումներին: Նշենք, որ Մխիթարյանով հետաքրքրվում էր նաեւ գերմանական «Վերդերը»:

Մխիթարյանի տեղափոխությունը «Շախտյոր» ողջունել է ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն armsport.am-ին հետեւյալն է ասել. «Արդեն հասունացել էր այլ ակումբ տեղափոխվելու պահը: Միայն ավելի ուժեղ ակումբում հանդես գալով Հենրիխը կարող է առաջադիմել: Այս առումով նա ճիշտ ժամանակին հեռացավ «Մետալուրգից»: Կարեւորն այն է, որ Մխիթարյանը շարունակում է իր վրա աշխատել ու չի բավարարվում ձեռք բերածով»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4