«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2010-08-27 | #155, 2010-08-28 | #156, 2010-08-31


ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՆԴԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 2-4-ը Վանաձորում կանցկացվի հանդբոլի միջազգային մրցաշար, որում կխաղարկվի ՀՀ վարչապետի գավաթը: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի եւ Իրանի հավաքականները:

Երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում լրագրողների հետ հանդիպեցին հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը , ՀՀ հավաքականի մարզիչներն ու ֆրանսահայ հանդբոլիստները: Սարգիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ 2-րդ անգամ անցկացվող մրցաշարի նպատակը մարզաձեւը Հայաստանում մասսայականացնելն է, մարզասերներին բարձրակարգ խաղ հրամցնելը: Սպասվում է, որ Հայաստան կժամանեն հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան, եվրոպական ֆեդերացիայի ներկայացուցիչները:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ մրցակիցները բավական ուժեղ են, ուստի լավ հանդես գալու նպատակով Հայաստանի հավաքականում ընդգրկվել են ֆրանսահայ 9 հանդբոլիստներ: Այդ հարցում ֆեդերացիային օգնել է «Օգնություն Հայաստանին» կազմակերպությունը, որի հետ 5 տարով պայմանագիր է կնքվել: Կազմակերպության ղեկավարն է Պատրիկ Օթամյանը : Մեծ ծավալի աշխատանք է տարվել ֆրանսահայերին ընտրելու, նրանց ակումբներից թույլտվություն ստանալու համար: Ըստ մրցակարգի, ազգային հավաքականում կարող են խաղալ նրանք, ովքեր վերջին 3 տարիներին ոչ մի երկրի հավաքականում հանդես չեն եկել: Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ մրցաշարի կազմակերպման բոլոր ծախսերը հոգացել են իրենց հովանավորներիՙ «Գառնի ջուր» ընկերության, Սյունիքի մսամթերքների ֆաբրիկայի եւ «Հայռուսգազարդի» շնորհիվ:

Այնուհետեւ խոսքը տրվեց հյուրերին: Թիմի ավագ Ալեքս Կումրյանը նշեց, որ ուրախ են հրավերի համար, մեծ պատիվ է Հայաստանի հավաքականում խաղալը: Ըստ նրա, բոլոր տղաներն էլ հաղթելու վճռականությամբ են խաղահրապարակ դուրս գալու:

Պատրիկ Օթամյանը հետեւյալը նշեց. «Մեզ համար մեծ իրադարձություն է հայրենիք ժամանելը եւ հավաքականում խաղալը: Մեկ ամիս Ֆրանսիայում նախապատրաստվում էինք, մարզվում բարձր տրամադրությամբ: Երեկվանից Երեւանում սկսել ենք մարզումները: Արդեն այսօրվա պարապմունքում զգացվում էր, որ հավաքականի անդամները հասկանում են միմյանց, սերտ համագործակցություն է ստեղծվում խաղահրապարակում: Մենք չենք եկել որեւէ մեկին դաս տալու, այլ համատեղ ներկայացնելու Հայաստանն ու հաղթելու»:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Օհանյանն էլ հավաստիացրեց, որ կօգտագործեն ընձեռված բոլոր հնարավորությունները հաջող հանդես գալու համար: Մարզումների արդյունքում կընտրվեն այն 16 լավագույնները, որոնք էլ կներկայացնեն Հայաստանը միջազգային մրցաշարում:

Եվ այսպես, սեպտեմբերի 2-ին ժամը 15-ին Վանաձորի մարզասրահում կսկսվի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո մրցասպարեզը կտրամադրվի Վրաստանի եւ Իրանի հավաքականներին: Ժամը 18-ին կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպումը: Հաջորդ օրը մեր հանդբոլիստները կմրցեն իրանցիների հետ, իսկ սեպտեմբերի 4-ին կհանդիպեն Վրաստանի հավաքականի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4