«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2010-08-28 | #156, 2010-08-31 | #157, 2010-09-01


ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը

Վերջին տասնօրյակում քաղաքի բոլոր շուկաներում դպրոցական համազգեստից բացի այլ հագուստ գրեթե հնարավոր չէ գտնել: Մալաթիայի տոնավաճառի վաճառողուհի տիկին Ալվարդը առեւտրից գոհ է: Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի շատ առեւտուր է արել, քան նախորդ մեկ ամսվա ընթացքում: «Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան գեղեցիկ ու նոր հագուստով ու պայուսակով գնա դպրոց: Առեւտրից գոհ եմ», ասում է նա: Նրա ներկայացմամբՙ ծնողների ճաշակները տարբեր են: Շատերն են ընտրում համեստ ու էժան հագուստ, սակայն քիչ չեն նաեւ թանկարժեք հագուստ գնողները: «Հաճախ գնորդն այնքան էլ լավ հագնված չէ, երեւում է, որ նորմալ չի վաստակում, բայց երեխայի համար գնում է ամենաթանկ վերնաշապիկը», ասում է նա:

Շքեղության մոլուցքն ու քաղքենիությունը երբեմն անցնում են բոլոր սահմանված չափերը: Սոնան 37039 առաջին դասարանցիներից մեկն է, որ այսօր առաջին անգամ հաճախելու է դպրոց: Մայրիկը նրա համար գնել է վարդագույն պայուսակ, գեղեցիկ կոշիկ, դպրոցական համազգեստ, մազակալներ, տետրեր, գունավոր մատիտներ, ալբոմ ու գրիչներ: Ընդհանուր առմամբ մոտ 50.000 դրամ արժողությամբ: Սակայն սրանով Սոնայի ծնողների նախապատրաստությունները չեն ավարտվում: Հատուկ այսօրվա համար Սոնայի մայրիկը սկսել է պատրաստվել 10 օր առաջ: Օպերատոր են կանչել, որ կլորիկ գումարով կանմահացնի Սոնայի առաջին մուտքը դպրոց:

«Երկու մեծ տորթ եմ թխել, բանանով, անանասով, դեղձով ու տանձով մեծ զամբյուղ պատրաստել, 3 կիլոգրամ շոկոլադ եմ գնել, բնական հյութեր ու սուրճ: Աղջիկս առաջին անգամ է դպրոց գնում, պետք է հիշի այդ օրը», ասում է Սոնայի մայրը` Գայանեն : Քաղցրավենիքով լի սեղանը պետք է հիշեցնի Սոնային առաջին մուտքը դպրոց, թե Սոնայի մասին լավ հիշողություններ կունենան այդ սեղանից օգտված ուսուցիչները: Բացի քաղցրավենիքիցՙ Գայանեն մոտ 30.000 դրամի երկու մեծ ծաղկեփունջ է գնել` ուսուցչուհու եւ տնօրենի համար:

Երեկոյան արդեն սեպտեմբերի 1-ը կնշեն հարազատներով` ավանդական կերակրատեսակներով ու խմիչքով լի սեղանի շուրջը: Երեկոն կեզրափակվի շքեղ հրավառությամբ, որի համար Սոնայի հայրը` Արշակը ծախսել է 26.000 դրամ: Ընդհանուր առմամբ Սոնայի սեպտեմբերի 1-ը նշելու համար ծնողները ծախսել են շուրջ 200.000 դրամ գումար: Թե որքան է կազմում ընտանիքի բյուջեն, ծնողները հստակ թիվ չասացին: Միայն նշեցին, որ մայրն աշխատում է քաղաքապետարանում, հայրը բժիշկ է:

Ավելի համեստ են նշում սեպտեմբերի 1-ը Գոհարի ծնողները: Նրանց ծախսերը չեն գերազանցում 30.000 դրամը: «Իհարկե, կցանկանայինք առավել մեծ ծախսեր անել, ավելի թանկարժեք հագուստ գնել, լավ ծաղկեփունջ, տորթ տանել` ուսուցիչներին հյուրասիրել, սակայն այդքան հնարավորություն չունենք, հետեւաբար սահմանափակվում ենք քչով: Դեռ պետք է երեխայի համար գրքեր էլ գնենք», ասաց Գոհարի մայրը` Կարինեն:

Այսօր Սոնան դպրոց կգնա 15.000 դրամանոց շրջազգեստով, իսկ Գոհարը` 5.000, ու հենց այդ շրջազգեստից էլ կսկսվի «ես լավն եմ, դու վատն ես, որովհետեւ էժան հագուստ ես կրում» մոտեցումը: Ի տարբերություն այլ երկրների, ուր յուրաքանչյուր դպրոց իր համազգեստն ունի եւ գոնե հագուստի առումով աշակերտների մեջ տարբերություն չի դրվում, Հայաստանում ծնողներն անգամ պարտքով գումար են վերցնում, որ իրենց երեխան մյուսներից հետ չմնա:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4