Որ թուրք-ադրբեջանական ռազմական գործակցության պայմանագիրը, որը վերջերս թարմացվեց նախագահ Գյուլի` Բաքու կատարած այցի ընթացքում, հակակշիռ է մի քանի օր անց «հայ-ռուսական թարմացմանը», խոստովանում են նաեւ Բաքվում, ընդ որումՙ պաշտպանության երկարամյա նախարար Սաֆար Աբիեւի շուրթերով: «Ադրբեջանական կողմը թուրք-ադրբեջանական նոր պայմանագիրը համարում է հայ-ռուսական համաձայնագրին համարժեք»: Առհասարակ «համարժեք» բառը ենթադրում է «միեւնույն կշիռ» ունեցող, եթե չասենք միեւնույն բովանդակություն կամ սկզբունքներ: Սակայն` ոչ Ադրբեջանի պաշտպանության նախարարի կարծիքով: Այսպես. Աբիեւը նշել է, որ հայ-ռուսական արձանագրությունից հետո հայկական կողմից հնչած հայտարարությունները «թուլության եւ ոչ թե ուժի նշան են», «Դրանք քաղաքական եւ հոգեբանական բնույթ են կրում», նշել է Աբիեւը` հավելելով. «Մինչդեռ թուրք-ադրբեջանական համաձայնագրով նախատեսվում է, որ Անկարան ռազմական օգնություն կտրամադրի Ադրբեջանին»: Իսկ հիմա, ինչպես ասում են, եկեք գտնենք գոնե երեք տարբերություններ... որոնք չկան: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունները տարօրինակ են մի քանի առումներով, նախ. մի՞թե Աբիեւը տեղեկացված չէ, որ այնպես, ինչպես Անկարան ռազմական օգնություն կտրամադրի Բաքվին, այնպես էլ Մոսկվան` Երեւանին հավանական պատերազմի ժամանակ, հետեւաբար «թուլության» նշան չէ՞ արդյոք Բաքվի նմանօրինակ խոստովանությունը: Իսկ ամենակարեւորը եւ հետաքրքրականը Աբիեւի ելույթում հետեւյալն է` Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը այս անգամ ոչ մի սպառնալիք չի հնչեցրել Հայաստանի, ավելի ճիշտ` հայկական կողմի հասցեին. ինչո՞ւ, երեւի այն պատճառով, որ արդեն դրանք ծիծաղելի կհնչեն անգամ Բաքվում:
Հ. ԱՖՅԱՆ