Օգոստոսի 31-ին` Գիտելիքի օրվա նախօրեին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգ, որով սկիզբ է դրվել մի նոր` կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության: Զանգերի հանդիսավոր ղողանջների ներքո եկեղեցականների թափորը Գարեգին Բ-ի եւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ, մտել է Մայր տաճար, ուր կատարվել է շուրջ 200 մանկավարժների օրհնության կարգը: Արարողությանը նաեւ ներկա են եղել ներկայացուցիչներ ԱԺ կրթության մշտական հանձնաժողովից, ԿԳՆ աշխատակիցները, ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պետերը, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները, ՀՀ քոլեջների եւ ուսումնարանների տնօրենները, Երեւանի եւ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների ներկայացուցիչներ, Մայր աթոռի կրթական հաստատությունների` Գեւորգյան հոգեւոր ճեմարանի, Սեւանի Վազգենյան դպրանոցի, «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի տեսչության անդամները: