Օգոստոսի 3-ին Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ այսպիսի բովանդակությամբ նամակ ստացան ու առանց որեւէ բացատարության եւ հիմնավորման դարձան գործազուրկ: Համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզլեկի ներկայացմամբՙ դասախոսների հետ աշխատանքային պայմանագրի ժամկետը չեն երկարաձգել, որովհետեւ հաճախ իրենց պահել են ուսանողի պես, ուշացել աշխատանքից, ուսումնական ծրագրերը, պլանները չեն ներկայացրել կամ պարզապես չեն բավարարել դասավանդման համար անհրաժեշտ պայմաններ: «Նրանց 2 ամիս առաջ եմ գրել այդ մասին, եւ բացի այդ` 48 օրվա համար աշխատավարձ վճարել», Արմենպրեսի մամուլի սրահում ասաց ռեկտորը:
Դասախոսներն էլ հավաստիացնում են, որ ռեկտորն իրենց նախապես ոչինչ չի ասել. աշխատանքից ազատման մասին տեղեկացել են նամակի միջոցով: 48 օրվա արձակուրդայինի փոխարեն էլ ստացել են մեկ ամսվա աշխատավարձ:
Ազատված դասախոսների աշխատանքային պայմանագիրն ավարտվել է 2008-ին, սակայն նոր պայմանագիր չեն կնքել` շարունակելով աշխատել ու աշխատավարձ ստանալ: Այս պարագայում նրանց աշխատանքային պայմանագիրը համարվում է անժամկետ ու իրավաբանական տեսանկյունից այլ կերպ պետք է լուծվեր:
Համալսարանի անգլերենի ամբիոնի վարիչ Գայանե Հակոբյանի ներկայացմամբՙ ռեկտորի պատճառաբանություններն անհեթեթության շարքից են: «Եթե ցածրորակ մասնագետ լինեի, ապա երկու տարի անընդմեջ չէի ստանա վկայագրեր Բրիտանական խորհրդից»: Այս տարի ԱՄՆ մեկնելու համար դասախոսը խնդրել է համալսարանի վարչակազմինՙ երաշխավորագիր տալ: «Պրոֆեսիոնալ մակարդակը բարձր է, գիտելիքներն ու հմտությունը` կատարյալ: Անհամբեր սպասում ենք մեր աշխատանքների վերսկսմանը նրա հետ 2010-2011 ուսումնական տարում»: Հակոբյանը մեջբերում է ռեկտորի ստորագրությամբ ու կնիքով երաշխավորագիրը:
Սովորաբար աշխատանքից ազատման համար նախ դասախոսներն անցնում են ատեստացիա, եւ միայն հանձնաժողովի վճռի հիման վրա է ազատման որոշում կայանում:
«Մենք ատեստացիա չենք անցել», ասում է ֆրանսերենի մասնագետ Նարինե Կոխտեեւան : Նա պատմում է, որ կրճատման վերաբերյալ շշուկներ են լսել, զրուցել են համալսարանի վարչակազմի ներկայացուցիչների հետ, սակայն նրանց հանգստացրել են. լեզուների ամբիոնների դասախոսների կրճատումը բացառված է. ընդամենը պայմանագրերի ձեւն են փոփոխում:
Դասախոսներն էլ մեկնել են հանգստանալու եւ օգոստոսին կանգնել գործազուրկի կարգավիճակի փաստի առաջ:
Աշխատանքից ազատված 14 դասախոսներ արդեն դիմել են դատարան:
Նրանց իրավաբան Մարատ Ատոմյանի մեկնաբանությամբՙ ռեկտորը զրպարտել է դասախոսներին: Առանց որեւէ փաստի նրանց վերագրել կարգապահական խախտումներ եւ անկոմպետենտություն: Եթե նման բան է եղել, ապա ռեկտորը կարող էր համապատասխան պատիժներ կիրառել աշխատանքային օրենսգրքի հիման վրա: «Ինչո՞ւ երբեւէ որեւէ դասախոսի կարգապահական պատասխանատվության չի ենթարկել ու հիմա այդ անվան տակ նրանց ազատում է աշխատանքից: Ասենք, դասախոսը երեք տարի առաջ է ուշացել աշխատանքից, ինչո՞ւ են նրան հիմա ազատում աշխատանքից»: Աշխատանքից ազատված դասախոսներից շատերը համալսարանում աշխատում են արդեն 10 տարի: Նրանք պնդում են, որ այդ ժամանակահատվածում որեւէ դիտողության չեն արժանացել:
Ֆրանսերենի մասնագետ Անուշ Մխիթարյանին զարմացնում է այն փաստը, որ մայիսին համալսարանն ու դեսպանատունը հսկայական գումար են ծախսել, որ նա Բուլղարիայում վերապատրաստվի: Մխիթարյանը ֆրանսերենի ամբիոնի այն 7 դասախոսներից է, որ մագիստրոսի 2 կարգի դիպլոմ ունի: «Եթե նրանք իմ պրոֆեսիոնալիզմը կասկածում էին, ապա ինչո՞ւ ուղարկեցին Բուլղարիա: Դրանից առաջ մի քանի տարի շարունակ տարվա մեջ երկու անգամ մասնակցել եմ եվրոպական երկրներում դասախոսների համար նախատեսված վերապատրաստումներին: Հիմա պարզվում է, որ ես անորա՞կ դասախոս եմ»:
Դասախոսները նամակներ են ուղարկել ՄԻՊ Արմեն Հարությունյանին, ով, ռեկտորի հավաստմամբ, այս ուսումնական տարվանից աշխատելու է համալսարանում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Առայժմ որեւէ արձագանք չեն ստացել: Դասախոսներից շատերը փորձել են այլ վայրերում աշխատանք փնտրել, սակայն` ապարդյուն: Օգոստոսի կեսերին համալսարաններում դասաժամերն արդեն կազմած են լինում: «Սիրով կընդունեինք, եթե շուտ դիմեիք»: Դասախոսները մի շարք բուհերից այսպիսի պատասխան են ստացել. «Բարկացնում ու վիրավորում է, որ մեզ հետ մարդավարի չեն վարվել, ընդունված կարգով չեն ասել ազատման մասին, որպեսզի ես էլ կարողանայի իմ գլխի ճարը տեսնել ու այլ աշխատանք փնտրեի», եզրափակեց Կոխտեեւան:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ