«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2010-08-28 | #156, 2010-08-31 | #157, 2010-09-01


ՕՐԸ ՏՈՆԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՆԱԵՎ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Այսօր հանրապետության 1390 դպրոցներում եւ կրթական բոլոր հաստատություններում կհնչի 2010-2011 ուսումնական տարվա սկիզբը հայտարարող առաջին զանգը: Մեզանում առաջին անգամ հանրապետության 38.000 ուսուցիչներ ուստարվա առաջին օրը կընթերցեն «Երդման տեքստը», որը ՀՀ կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մտցվեց կրթության բնագավառ: Շնորհավորելով ուսուցիչներին, աշակերտներին «Գիտելիքի օրվա» առիթով, մաղթում ենք, որ ուսումնական տարին լինի իրոք գիտելիքների ամբարելու ու խորացնելու տարի:

Այսօր վաղ առավոտից ուրախ եռուզեռը, ծաղկեփնջերով գեղեցիկ հագնված դպրոցականներն ու ուսանողները կշտապեն հարազատ կրթօջախ, որին ամառային հանգստի ընթացքում շատ են կարոտել: Կարոտով ու սպասումով են սեպտեմբերի 1-ին սպասում նաեւ հայ անվանի բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը կրող 5 կրթօջախներում, որտեղ սեպտեմբերի մեկը կնշեն յուրովի:

  «Ազգը» «Գիտելիքի օրվա» առիթով շնորհավորելով բոլոր թեքեյանցիներին, նախապես տեղեկացավ միջոցառումների մասին եւ այն ներկայացնում ենք հաջորդաբար: Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս տարի առաջին դասարան կհաճախեն 35 սան, որոնց տոնի առիթով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր Սուրիկ Պողոսյանը նվիրել են պայուսակներ, գրենական պիտույք: Տնօրենի ողջույնի ու բարեմաղթանքի խոսքերից հետո դպրոցի ամենակրտսեր աշակերտը կհնչեցնի առաջին զանգը:

Գյումրիի թեքեյանցիներին կողջունի ու կշնորհավորի տոնի առիթով Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Կիզիրյանը, որից հետո փողային նվագախմբի հնչյունների ներքո տեղի կունենա ուսուցիչների երդման արարողությունն ու տնօրեն Հովհաննես Պետրոսյանի ողջույնի խոսքը 80 առաջին դասարանցիներին, 64 ուսուցիչներին եւ դպրոցի բոլոր սաներին:

Նույն ժամին, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վ. Թեքեյանի անվան դպրոցի 900 աշակերտները ներկա կլինեն հանդիսավոր շքերթին եւ 50 առաջին դասարանցիների նորամուտին, որոնց կշնորհավորի դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը, գյուղապետը, մարզի կրթության պատասխանատուներն ու 10-րդ դասարանցիները:

Իսկ ԼՂՀ-ի Բերձորի թեքեյանցիներին, որոնց թվում առաջին անգամ դպրոցական նստարանին իրենց տեղը կզբաղեցնեն 17 փոքրիկներ, «Գիտելիքի օրվա» միջոցառումը կբացվի քաղաքապետ Արտուշ Սահակյանի, Բերձորի կրթության բաժնի վարիչ Վարդան Բաղդասարյանի ողջույնի խոսքերով: Սեպտեմբերի 2-ին կրթօջախը կազմակերպել է հատուկ միջոցառումների շարք, նշեց տնօրեն Անահիտ Քոսակյանը, որոնք նվիրվում են Արցախի անկախության հռչակման 19-ամյակին եւ որին բազմաթիվ հյուրերի շարքում ներկա կլինեն նաեւ թեքեյանցիների հետ սերտ կապեր հաստատած հայկական բանակի Գորիսի զորամասի ներկայացուցիչները:

Երեւանի Վահան Թեքեյանի անվան կրթօջախում այսօրվա տոնական միջոցառմանը «Ազգը» կմասնակցի եւ կտեղեկացնի առաջիկա համարում:

Կրկին շնորհավորելով ուսումնական դարբնոցի քրտնաջան ու անձնուրաց մանկավարժներին, սաներին, մաղթում ենք գիտելիքների բարձունքները գրավեն ու մեր երկրին, պետությանը արժանի սերունդ կրթվեն:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4