Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, եւ այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ նախագահը, շնորհավորելով Արցախին տոնի առիթով, նշել է, որ Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է, մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը: «Մեր ողջ ժողովրդի պայքարով կերտած քաղաքական ազատությունն այսօր իրողություն է: Ավելին, Լեռնային Ղարաբաղն իր պետական կուռ կառույցով ու պաշտպանության բանակով լուրջ գործոն է տարածաշրջանում», ասել է Հայաստանի նախագահը:
Արցախի ներքին կայունությունը, արցախահայության միակամ ու վճռական կեցվածքը, երկրամասի համակողմանի զարգացումը որեւէ իրատես մարդու մեջ, ըստ Սարգսյանի, կասկած չեն հարուցում նրա ազատ ու բարգավաճ ապագայի վերաբերյալ:
«Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, եւ այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է: Ինչ վերաբերում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին, ապա այդ ուղին, սիրելի՛ արցախցիներ, մենք ձեզ հետ արդեն անցել ենք, եւ այդ տարբերակի արդյունքները բոլորի աչքի առաջ են», նշել է Սերժ Սարգսյանն իր ուղերձում:
Ա. Հ.