«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2010-08-31 | #157, 2010-09-01 | #158, 2010-09-02


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՈՒ ՀՈՒՇՈՒՄ

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, հռչակված նորանկախ հայկական հանրապետությունը ներառում էր ինքնավար մարզի եւ սահմանակից Շահումյանի շրջանի տարածքները: Հռչակագրի ընդունումից մեկ տարի չանցած` ԽՍՀՄ ներքին զորքերի օժանդակությամբ Ադրբեջանն օկուպացրել է Շահումյանի շրջանը: Փորձ արվեց նաեւ գերեվարելու Ղարաբաղն ամբողջությամբ, սակայն հայկական դիմադրությունն այնքան հզոր էր, որ պատերազմի արդյունքում նույնիսկ փոխվեց ԼՂՀ ֆիզիկական քարտեզը` անվտանգության մեծ գոտի ձեւավորելով Ղարաբաղի շուրջը: Այդքանով հանդերձ, չլուծվեց մի կարեւոր հարց` Շահումյանի շրջանի վերադարձը:

Կարո՞ղ էին Արցախի պաշտպանության բանակի մարտիկներն ազատագրել Շահումյանը հատկապես 1993-ի հուլիս-հոկտեմբեր ամիսներին, երբ ադրբեջանական բանակի ասկյարները խուճապահար փախչում էին ղարաբաղցի դյուցազունների ցասումի առաջ: Հարցին կարելի է ոչ միանշանակ պատասխան տալ, որովհետեւ զուտ ռազմական հնարավորությունների առումով դա կարծես թե այնքան էլ բարդ խնդիր չէր: Բայց հենվենք միայն իրական փաստի վրա. ԼՂՀ իրավատարածքի շուրջ 20 տոկոսը դարձյալ շարունակում է մնալ բռնազավթված:

Եթե ազատագրված տարածքները Ղարաբաղի համար անվտանգության գոտի են, ապա Շահումյանի շրջանը հազիվ թե Ադրբեջանի համար նույն այդ նշանակությամբ է շեշտվում: Ասել է թե` այս երկու իրողություններն անհամադրելի են քաղաքական պատճառաբանումների համար: Ադրբեջանին առհասարակ անվտանգության գոտիներ պետք չեն, քանզի թե՛ նոր պատերազմի սպառնալիքները եւ թե՛ տարածքային հավակնությունները դրսեւորվում են բացառապես նրա կողմից:

Տասնինը տարի առաջ Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին միացնելն ու մեկ ամբողջական, անկախ հանրապետություն հռչակելը նաեւ պատմական Արցախի հյուսիսային հատվածը ադրբեջանական ծանր լծից ազատելու նպատակ ուներ: Այդ նպատակը մնում է օրակարգային. Ղարաբաղը չի հրաժարվել ու չի հրաժարվի իր անտրոհելի մասը կազմող Շահումյանի շրջանից: Եվ ոչ միայն նրա համար, որ սեպտեմբերերկուսյան հռչակագիրը հիշեցնում է ու հուշում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել է ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4