Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունիսին Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպմանն անմիջապես հաջորդած ադրբեջանական հարձակումը Չայլու գյուղի մոտակայքումՙ ղարաբաղյան զինուժի ուղղությամբ, մնաց անպատիժ: Որեւէ մեկը ուղղակիորեն չդատապարտեց սադրանքը նախաձեռնողին, այսինքն` միջադեպին հետեւած բազմաթիվ ու բազմամակարդակ հայտարարություններում միայն դատապարտվեցին իրադարձությունն ու չորս մարդկային կյանքի կորուստը: Հունիսի 18-ի գիշերը Չայլուի ուղղությամբ դիվերսիոն գործողության հետեւանքով զոհվել էին ԼՂՀ պաշտպանության բանակի 4, վիրավորվել եւս 4 զինծառայողներ: Ադրբեջանցի դիվերսանտները նահանջել էին մարտի դաշտում թողնելով մեկ զինվորի դի:
Մինչ այդ հարձակումն էլ Ադրբեջանն անպատիժ հայտարարում էր, թե հնարավոր է տեսնում ղարաբաղյան հարցի կարգավորման ուժային տարբերակը: Աշխարհն ու միջազգային ներկայացող հանրությունն էլ, լավագույն դեպքում, մի տեսակ վախվորած, կարծես Ադրբեջանն ինչ-որ գերտերություն է կամ նավթի մեծագույն հարստության վրա նստած Պարսից ծոցի երկիր, արձագանքում էին, թե «հարցի լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են»:
Ու ստացվում է մի իրավիճակ, երբ սեփական հիմարությունից խրախուսված, հանրության լռությունն էլ որպես համաձայնության նշան ընդունելով` Ադրբեջանը շարունակում է ոչ միայն միջադեպեր ստեղծել շփման գծում, այլեւ անպատժելիությունից վստահություն ձեռք բերած` կարծես փոքր փորձեր է անում հակամարտության ռազմական լուծման հավանականությունը տեսանելի ու շոշափելի դարձնելու հեռանկարով:
Թերեւս պատահական չէ, որ նման մի միջադեպ էլ տեղի ունեցավ օգոստոսի 31-ին, Ադրբեջան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կատարելիք այցելության նախօրեին: «Ազգն» արդեն տեղեկացրել է, որ օգոստոսի 31-ի լուսաբացին, մոտավորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա Ադրբեջանից դիվերսիոն գործողության փորձ է ձեռնարկվել: Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի եւ, հակառակորդին պատճառելով կորուստներ, նրան հետ են շպրտել ելման դիրքերը:
Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանի ՙ ադրբեջանական կողմը մինչեւ յոթ զոհ ու վիրավոր է տվել հայերի կողմից ադրբեջանական գրոհը հետ մղելու եւ հարկադիր նահանջի ժամանակ:
Միեւնույն ժամանակ, ադրբեջանական կողմը հայտարարում է հայկական կողմից եւս զոհերի առկայության մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Հասրաթյանի խոսքերով, ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններից հայկական կողմը զոհեր չի տվել, միայն հրազենային վնասվածք է ստացել ԼՂՀ պաշտպանության բանակի շարքային զինծառայող Ռուդիկ Մանասերյանը: Նա այժմ գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, նրա վիճակը գնահատվում է բավարար:
Ադրբեջանական կողմը առայժմ հայտարարել է երկու զոհերի` 1991 թ. ծնված Վուգար Ամիրովի եւ Պերվին Աբդուլաեւի մասին` նրանց ներկայացնելով որպես «հերոսաբար ընկածների»: Դրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է տեղի ունեցածի մեղքը բարդել հայկական կողմի վրա, սակայն կարելի է ենթադրել, որ անգամ Չայլուի` որպես դիվերսիայի տեղի ընտրությունը կարող է հուշել ադրբեջանական նախաձեռնության մասին այն տրամաբանությամբ, թե նախորդ անգամ հայկական կողմը զոհեր էր տվել, եւ այդպես կարող էր լինել նաեւ այս անգամ:
Ամեն դեպքում, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ երեկ, անդրադառնալով միջադեպին, նշել է, որ հայկական կողմը արժանի հակահարված է տվել դիվերսիային, ինչը ադրբեջանցիներին ստիպել է փախուստի դիմել: Չնայած դիվերսիային, ըստ Օհանյանի, երկրի սահմանների անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, «ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, իր իսկ նախաձեռնած սադրանքը վերագրել է ղարաբաղյան ուժերին եւ տեղեկություններ տարածել, թե իբր զինված առճակատումից հայկական կողմը տվել է զոհեր: Այդ հայտարարությունները բացարձակ ապատեղեկատվություն են»:
Նույն հաղորդագրությամբ, այս ամենը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել հիմնախնդիրը: Ադրբեջանական զինված ուժերի նման գործելաոճը, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, ոչ միայն հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության սրման պատճառ է դառնում, այլեւ չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամության մասինՙ Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին:
Երեկ օգոստոսի 31-ին տեղի ունեցած միջադեպը քննարկման թեմա է դարձել նաեւ Լեռնային Ղարաբաղում. Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որի գործունեության մանդատն, ի դեպ, երկարաձգվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւի կողմից:
Չայլուի մոտակայքում երկու դիվերսիաների համար ընտրված ժամանակահատվածները բնավ էլ կարծես պատահական չեն, այլ հստակորեն որոշ ազդանշաններ հաղորդելու նպատակ կարող են ունենալ: Եվ Հայաստանի կողմից համաձայնության ու անգամ նախաձեռնողական մոտեցման արժանացած ուժի չկիրառման համաձայնագրի ստորագրման ոչ թե ժամանակն է եկել, այլ այդ փաստաթուղթը նման միջադեպերի ֆոնին դառնում է հրամայական: Իհարկե, եթե տարածաշրջանում իսկապես խաղաղություն ու կայունություն տեսնելու շահ ու ցանկություն ունեն առանց այդ էլ «նեղ» տարածաշրջանում իրենց քաղաքականությունը վարող գերտերություններն ու կազմակերպությունները:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ