«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2010-08-31 | #157, 2010-09-01 | #158, 2010-09-02


ՉԱՅԼՈՒԻ ԴԵՊՔԻ ՈՒՇԱԴԻՐ ԴԻՏՈՐԴԸ

Թուրքիան ամենայն ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող բախումներին, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալությանՙ երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Կարսում լրագրողների հետ հանդիպմանը թուրք դիվանագետը հայտարարել է, թե Թուրքիան խորհրդակցություններ կանցկացնի տվյալ հարցի առնչությամբ ադրբեջանական կողմի հետ: «Որպեսզի վերջ տրվի հրադադարի խախտումներին, Թուրքիան կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը», ասել է Դավութօղլուն:

Հետաքրքրական է, թե ինչպես է պատկերացնում Դավութօղլուն Թուրքիայի ջանքերի «գործադրումը», երբ հրադադարի ռեժիմը խախտողն Ադրբեջանն է ու տվյալ դեպքում Թուրքիային որպես ամենամտերիմ դաշնակից պետություն ընկալողը:

Միեւնույն ժամանակ, ելնելով օգոստոսի 20-ին ստորագրված հայ-ռուսական N5 արձանագրության տարածաշրջանային արձագանքներից, կարելի է ենթադրել, որ Չայլուի մոտակայքում տեղի ունեցած երկրորդ միջադեպի կապակցությամբ որեւէ հայտարարություն անելու անհրաժեշտությունը Թուրքիայի համար նախ եւ առաջ պայմանավորվել է ոչ թե Ադրբեջանի համար նպաստավոր քայլ անելու, այլ տարածաշրջանում սեփական դերակատարությունը եւս մեկ անգամ կարեւորելու նպատակով:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4