«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2010-08-31 | #157, 2010-09-01 | #158, 2010-09-02


ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ Է ՄՈՏԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆԸ

Ըստ երեւույթին Մոսկվան էլ ողջամտորեն հարգել է Իրանի համար նախատեսված C-300 համալիրը Ադրբեջանին վաճառելու Վաշինգտոնի պահանջը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Օգոստոսի 19-20-ին Հայաստան կատարած պետական այցից հետո այսօր երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ուղեւորվում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նրա հայաստանյան այցի գլխավոր արդյունքը թերեւս ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի գործունեության երկարաձգման եւ գործառույթների ընդլայնման հայ-ռուսական արձանագրության ստորագրումն էր:

Թեեւ Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման օրակարգի մասին նախապես պաշտոնական հայտարարություն չէր արվել, սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանական լրատվամիջոցներին այցից առաջ տված հարցազրույցում ասել էր, որ Բաքվում քննարկվելու են երկկողմ ողջ հարաբերությունները ներառող հարցեր, որոնցից սակայն կարեւորը պետական սահմանի պայմանագրի, ինչպես նաեւ Սամուր գետի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համաձայնագրի ստորագրումն է:

Հայ-ռուսական արձանագրությունը թուրք-ադրբեջանական դաշինքով հակակշռելու Բաքվի նկատառումները Անկարայի համար առանձնակի նշանակություն էին հաղորդել արձանագրությանը: Թեեւ Մեդվեդեւի այցը Ադրբեջան դեռ նոր է սկսվում, բայց եւ այնպես, անկախ Ալիեւի հետ հանդիպման օրակարգի մասին պաշտոնական հայտարարության բացակայությունից, ակնհայտ է, որ դա լինելու է նրա հայաստանյան այցը հակակշռելու ռուսական դրսեւորում:

Քանի որ հայ-ռուսական արձանագրությունը ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հակակշռելու դեպքում Մոսկվան Ադրբեջանին զրկում է Ռուսաստանի ուղեծրից շեղվելու հնարավորությունից, իսկ դա Բաքվի համար ավելորդ է դարձնում որպես հակակշիռ Թուրքիայի ծառայությանը դիմելը, այսինքնՙ Ադրբեջանում Թուրքիան կորցնում է Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքը հակակշռողի դերը, ուստի Մեդվեդեւի այցելությունը Բաքու, ի տարբերություն արձանագրության, Անկարայի առջեւ ոչ թե բացում է հակակշռողի կարգավիճակով Ադրբեջանն ազդեցության տակ վերցնելու հեռանկար, այլ այդ հեռանկարն է մթագնում:

Սակայն, անկախ հեռանկարի մթագնումից, ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների մեջ հայտնված Թուրքիան Ռուսաստանի հետ «մերձեցման» մտավարժանքներ է անում, ինչը զսպաշապիկի դեր է կատարում թուրքական շրջանակների համար, որ նրանք այս մերձեցումն էլ հեռանկարի հետ չմթագնելու համար ողջամտությամբ են վերաբերվում ՌԴ նախագահի Ադրբեջան այցելությանը:

Ողջամտության առումով հատկանշական է «Ջիհան» գործակալության օգոստոսի 28-ի հաղորդագրությունը, որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի գործունեությունը մինչեւ 2044 թիվը երկարաձգելու միջոցով տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը ամրապնդող Մոսկվան Ադրբեջանի հետ էլ պատրաստվում է ստորագրել պետական սահմանի պայմանագիր: Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը, որն անցյալ շաբաթ եղել էր Հայաստանում, սեպտեմբերի առաջին օրերին կմեկնի Ադրբեջան, որ ապահովի Կովկասում հավասարակշռությունը: Այցի առնչությամբ ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ Գյումրիի ռազմակայանի առնչությամբ ստորագրված պայմանագիրը սպառնալիք չէ տարածաշրջանի հավասարակշռությունների համար: Նա միաժամանակ նշեց, որ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եւ ավելացրեց. «Հարավային Կովկասում եւ կասպյան ավազանում չափազանց կարեւոր է մեր ռազմավարական գործակցությունը: Այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները մեկ անգամ եւս կանդրադառնան ռուս-ադրբեջանական բազմակողմանի համագործակցությանը: Հայաստանի հետ ստորագրված արձանագրությամբ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի գործառույթներում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Պարզապես երկարաձգվել է ռազմակայանի գործունեության ժամկետը, կատարվածն ընդամենը սա է»:

Մինչդեռ Մեդվեդեւի երեւանյան այցի ժամանակ ռուսական կողմը ընդգծում էր Գյումրիում տեղակայված ռազմակայանի գործառույթների ընդլայնման մասին, ավելին, դա համաձայնեցրել էր հայկական կողմի հետ: Այլապես ստորագրված արձանագրությունը կկոչվեր ոչ թե «ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի գործունեության երկարաձգման եւ գործառույթների ընդլայնման», այլ «գործառույթների նույնությամբ պահպանման» արձանագրություն:

Համենայն դեպս հարցազրույցում Լավրովը, ըստ թուրքական գործակալության, անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հիմնահարցին, ասելով. «Այցի ընթացքում կքննարկվեն նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Քանի որ Լեռնային Ղարաբաղի շուրջը ծավալվող բանակցությունները գաղտնի են, ուստի արդյունքները դուրս են մնում հասարակական կարծիքի տեսադաշտից: Որպես բանակցությունների մասնակիցՙ կարող եմ ասել, որ ձեռք են բերվել որոշակի արդյունքներ: Կարգավորման հիմնարար սկզբունքների հարցում կողմերը մոտեցել են միմյանց: Անհրաժեշտ է իրավաբանական փաստաթղթիՙ հաշտության պայմանագրի մշակում, որտեղ մանրամասները էլ ավելի կարտացոլվեն, սակայն սատանան հենց այդ մանրամասներում է թաքնված»:

Թե ինչ մանրամասներ են դրանք, չգիտենք: Սակայն Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի ամրապնդման հակակշռումը Մեդվեդեւի նախաձեռնությամբ, որը նրա Բաքու կատարվող այցի գլխավոր առաջադրանքն է, առավել եւս իբրեւ հակակշիռ Թուրքիայի դերի չեզոքացումն ու Ադրբեջանի ներքաշումը Մոսկվայի ուղեծիր, փոխհատուցում են ենթադրում: Քանի որ դա հայ-ռուսական դաշինքի արձանագրությամբ ամրապնդման դիմաց ադրբեջանական կողմն է ստանալու, ուստի չի բացառվում, որ այդ փոխհատուցումը Ադրբեջանին տրվի ի հաշիվ Հայաստանի:

Կարծում ենքՙ փոխհատուցման լավագույն տարբերակը Ադրբեջանին C-300 հակահրթիռային համալիր վաճառելն է: Թեեւ Մոսկվան չի հաստատել վաճառման լուրերը, բայց ոչ էլ հերքել է: Խնդիրը, սակայն, Մոսկվայի անորոշ վարվելակերպը չէ, այլ ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչեւ 2044 թիվը երկարաձգումը որպես Ռուսաստան-Հայաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարց դիտարկելու պաշտոնական Վաշինգտոնի ըմբռնումով հագեցված մոտեցումը:

Մինչդեռ տրամաբանությունը ենթադրում էր ամերիկյան հակազդեցություն: Ինչպես երեւում է, Իրանի Իսլամական Հանրապետության համար նախատեսվող C-300 համալիրը Ադրբեջանին վաճառելը Վաշինգտոնին զերծ է պահել հակազդեցության դրսեւորումներից: Այդ իսկ պատճառով էլ նա, փոխանակ հակազդելու ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգող հայ-ռուսական արձանագրության ստորագրմանը, նախանձելի ողջամտություն է դրսեւորում, որ փաստին մոտենա ըմբռնումով: Ըստ երեւույթին Մոսկվան էլ ողջամտորեն հարգել է Իրանի համար նախատեսվող C-300 համալիրը Ադրբեջանին վաճառելու Վաշինգտոնի խնդրանքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4