«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2010-08-31 | #157, 2010-09-01 | #158, 2010-09-02


ՊՐՈՖ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՅՈՒՐՙ ՌԱԿ ՀԱՅ ԻՐԱՎԱՆՑ ՀԱՆՁՆԱԽՄԲԻՆ

Հայ-արաբական հարաբերությունների պատմության քառհատորյակի հեղինակ, միջազգային ճանաչման արժանացած պատմաբան-արեւելագետ, Հայաստանի ԳԱԱ-ի թղթակից անդամ եւ արեւելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն դոկտ. պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը Լոս Անջելեսում հունիսի 17-ին հյուրընկալվել է ՌԱԿ Հայ իրավանց հանձնախմբի (ARCA) կողմից եւ Թեքեյան մշակութային միության «Պեշկյոթուրյան» սրահում ներկայացրել 2009-ին հայերեն հրատարակված եւ ինը լեզուների թարգմանված (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, թուրքերեն, ճապոներեն, արաբերեն, պարսկերեն եւ հունգարերեն) իր «Հայոց ցեղասպանություն: Հայասպանությունՙ ամենացեղասպան ցեղասպանություն» եւ 2010-ին հայերեն լույս տեսած «Արմենոցիդը ճանաչված ցեղասպանություն է» խիստ արժեքավոր աշխատությունները:

«Նոր օր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, դոկտ. Մ. Գոճայանի բացման խոսքից եւ ՌԱԿ Արեւմտյան ԱՄՆ-ի վարչության եւ Հայ իրավանց խորհրդի անդամ Գեւորգ Հալեպլյանի ՙ խորհրդի վերջին շրջանի գործունեությանն անդրադարձից հետո պրոֆ. Ավետիս Փափազյանը ներկայացրել է օրվա պատվավոր հյուրինՙ դոկտ., պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանինՙ վեր հանելով վերջինիս խոշոր ներդրումը արաբագիտության, ինչպես նաեւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին հայրենիքից Լիբանան առաքված օգնության բնագավառներում:

Հովհաննիսյանն այնուհետեւ ներկայացրել է նախ իր հաստափոր «Հայասպանություն» հատորը («Զանգակ-97» հրատ., 856 էջ), որ պարունակում է հեղինակի ուսումնասիրությունները հայերի ցեղասպանության դրդապատճառների մասին, ինչպես նաեւ օտարերկրյա հյուպատոսների եւ ականատեսների վկայությունները, ապա անդրադարձել է վերջերս հրատարակված իր «Արմենոցիդը ճանաչված ցեղասպանություն է» («Զանգակ-97», 264 էջ) գրքին, որտեղ մեծ տեղ է հատկացված Ռաֆայել Լեմկինի կողմից «գենոցիդ» բառեզրի հայտնաբերմանն ու «ցեղասպանություն» հասկացության սահմանման մեջ հայկական նախանյութի, նախարմատների բացահայտման հարցերին:

Շնորհանդեսի ընթացքում տեղի է ունեցել նաեւ գեղարվեստական հակիրճ ծրագիր: Վերջում վաճառքի են հանվել զույգ հրատարակությունները, որոնց ամբողջ հասույթը հարգարժան հեղինակը հատկացրել է Հայ իրավանց խորհրդի ֆոնդին:

Նիկոլայ Հովհաննիսյանը հեղինակ է 450-ից ավելի գիտական աշխատությունների, այդ թվումՙ մոտ 60 մենագրությունների: Քեմբրիջի (Անգլիա) Միջազգային կենսագրական կենտրոնը 2004-2008 թթ. նրան ճանաչել է «21-րդ դարի ականավոր գիտնական», «Աշխարհի առաջատար գիտնական», իսկ 2009 թ. ներառել է «100 ամենաականավոր գիտնականների ցուցակում»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4