Սեպտեմբերի առաջին օրն ու ուսումնական տարվա սկիզբն այս տարի Արմավիրի մարզի Շենիկ գյուղում նշանավորվեցին գերարագ ինտերնետով ապահովված նոր համակարգչային սրահի հիմնումով: Կենտրոնը հիմնվել է Orange-ի եւ «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով, համայնքային զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի շրջանակներում:
Այսուհետեւ Շենիկ գյուղի բնակիչները կկարողանան հաղորդակից լինել գերարագ ինտերնետի ընձեռած հնարավորություններին եւ մշտապես կապի մեջ լինել ամբողջ աշխարհի հետ ճիշտ այնպես, ինչպես մայրաքաղաքում:
Նորաբաց համակարգչային սրահը համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով եւ հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաեւ մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,348,000 դրամ:
«Որպես հեռահաղորդակցության ընկերություն` մեր առաջնահերթություններից է ինտերնետը եւ կապի ժամանակակից միջոցները դարձնել հասանելի բոլորին: Այս նպատակով եւ պատասխանատվությամբ է Orange-ը կառուցել Հայաստանի ամենաընդարձակ գերժամանակակից 3G+ ցանցը` իր ծառայությունները հասանելի դարձնելով Հայաստանի բնակչության արդեն մոտ 90%-ին, նաեւ հեռավոր գյուղական համայնքներում: Համակարգչային սրահները մեր բարեգործական ծրագրերի առանցքում են, քանի որ դրանց միջոցով մենք, համագործակցելով համայնքի հետ, միասնաբար լրացնում ենք հեռահաղորդակցության հնարավորությունները», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան :
Ինչպես նախորդ նմանօրինակ ծրագրերի դեպքում, այս անգամ նույնպես համակարգչային սրահը կյանքի է կոչվել Orange-ի, «Շեն»-ի եւ գյուղի համայնքի միասնական ջանքերի շնորհիվ, ինչն էլ երաշխավորելու է ծրագրի հարատեւությունն ու երկարատեւ հաջողությունը:
Համակարգչային կենտրոնը պաշտոնապես բացելով նոր ուսումնական տարվա առաջին օրը` Orange-ը Շենիկ էր ժամանել նաեւ գյուղի դպրոցի համար անակնկալ նվերներով: Գյուղի բոլոր առաջին դասարանցիները ստացան նվերներ Orange-ի կողմից` գեղեցիկ դպրոցական պայուսակներ, իսկ դպրոցի գրադարանը համալրվեց վերջին մեկ ամսվա ընթացքում Orange-ի աշխատակիցների հավաքած մասնագիտական եւ գեղարվեստական գրականությամբ: