Ավելի հասուն կյանքի նախապատրաստելու փոխարեն դպրոցական դասագիրքն աշակերտներին գիտելիքներ է տալիս միայն տվյալ առարկայի վերաբերյալ: Սա «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի տեսակետն է: Նա դասագրքերից ստացած գիտելիքներն առանձնացնում է երկու խմբի: «Բոլոր դասագրքերն ընդգրկում են այն գիտելիքների պաշարը, որը հետագայում կբավարարի աշակերտին այդ առարկայի գծով խորանալու կամ բուհ ընդունվելու համար: Ինչ վերաբերում է գիտելիքների այն պաշարին, որ աշակերտը կկիրառի առօրյա կյանքում` շրջակա աշխարհը ճանաչելու, օգտվելու, օգտագործելու համար, ապա դասագրքերը հետ են մնում»:
Նրա ներկայացմամբՙ այս տարվա գրքերը, նախորդների համամետությամբ, ավելի որակյալ են, թեպետ դասագրքերում ինֆորմացիան կրկին շատ է, ինչի կապակցությամբ հաճախ բողոքել են ոչ միայն աշակերտները, այլեւ մանկավարժները: «Նոր դասագրքերում էլ ինֆորմացիան չափից շատ է, ինչը գալիս է պետական ծրագրերից եւ մշակված չափորոշիչներից: Դասագրքի հեղինակը պարտավոր է հետեւել այդ ծրագրերին, որտեղ նշված է, թե երեխան ավարտելով տվյալ դասարանը, ինչ գիտելիքի պետք է տիրապետի», ասաց նա:
Խնդիրն այն է, որ նոր դասագրքերի շնորհիվ տվյալ դասարանն ավարտած երեխան հաճախ որեւէ պատկերացում չի ունենում տվյալ առարկայից, եւ այստեղ պատճառը ոչ թե աշակերտի անընդունակությունն է կամ մանկավարժի վատ աշխատանքը, այլ դասագրքերի խրթին լեզուն: Դպրոցական դասագրքեր կազմում են գիտնականներ` առանց հաշվի առնելու տվյալ առարկան դասավանդող ուսուցչի տեսակետը: Ի տարբերություն Հայաստանի, արտասահմանում դասագիրք կազմելու համար ստեղծվում է հատուկ խումբ, որտեղ, բացի մանկավարժից եւ գիտնականից, ընդգրկվում են նաեւ հոգեբաններ. նրանք ուղղություն են տալիս, որ բովանդակությունը շարադրվի պարզ եւ հասկանալի, մինչդեռ Հայաստանում չափանիշ է, որ դասագիրքը կազմի գիտնականը, նա էլ սեփական անունն ու վարկանիշը բարձր պահելու համար շարադրում է չափազաց բարդ գիտական ոճով` մոռանալով, որ այդ գիրքը կարդալու են ոչ թե իր կոլեգաները, այլ 7-րդ դասարանի աշակերտները:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով 7-րդ դասարանի հայոց լեզու, երկրաչափություն եւ մի շարք այլ գրքերի վերահրատարակումները դադարեցվել են: Մինչեւ դեկտեմբեր մասնագետների, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ պետք է բեռնաթափվի միջին դպրոցի ուսումնական ծրագիրնՙ ու արդեն հաջորդ տարվա սեպտեմբերին միջին դասարանների համար հրատարակված դասագրքերը բեռնաթափված կլինեն: Եթե նման տեմպերով շարունակեն աշխատել, ապա 10 տարի անց գուցե ունենանք նորմալ դասագրքեր, որոնց էջերը թերթելովՙ աշակերտները կհասկանան բովանդակությունը:
Հ. Հ.