Երեկ լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան հիմնադրամի» նախագահ Արման Ավետիսյանը եւ վերականգնող Արժանիկ Հովհաննիսյանը: Հանդիպման թեման առնչվում է հայ անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարների վերականգնմանը եւ դրանք ՀՀ կառավարության շենքում տեղադրելուն: Հիշեցնենք, որ կառավարության ֆինանսավորմամբ մեկ տարի առաջ վերականգնվեց Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը, եւ այն արդեն իր տեղն է գտել նկարչի թանգարանում: Հայ եւ իտալացի վերականգնող մասնագետների աշխատանքը բարձր է գնահատվել մասնագետների կողմից ու հենց նրանց է վստահվել այս տարի կառավարության հատկացված 20 միլիոն դրամըՙ Մինաս Ավետիսյանի 37 տարի առաջ վրձնած «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարների վերականգնողական աշխատանքները:
Հիմնադրամը, որ պատասխանատուն է Գյումրիի էլեկտրոտեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքում գտնվող երկու որմնանկարների վերականգնման աշխատանքների առնչությամբ, մասնագետների հետ ուսումնասիրել են դրանց բաղադրությունը, խտությունը եւ այլն: Վերականգնողական աշխատանքները կընթանան երեք փուլով, որոնք նախատեսվում է ավարտել ու ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղադրել նոյեմբերի 3-ին: Այսօր Երեւան կժամանի իտալացի հայտնի ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոպինին ու հայ մասնագետների հետ կմասնակցի 1-ին փուլի աշխատանքներին: Վերջինս մասնակցել է Մինասի առաջին որմնանկարի վերականգնողական աշխատանքներին:
Արման Ավետիսյանը ցավով նշեց, որ 88-ի ավերիչ երկրաշարժից մասամբ քանդվել, հետագայում նաեւ ոմանց ձեռքով քանդվել են այն շենքերը, որոնց միջնապատերում, ճաշարանային հատվածներում կանգուն էին մնացել Մինասի որմնանկարներով պատերը: Ներկայումս շտապ վերականգնելու եւ ոչնչացնելուց փրկելու կարիք ունեն եւս 6 որմնանկարներ, որոնք մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել: Արման Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանըՙ վերականգնողական աշխատանքներին 20 միլիոն դրամ հատկացնելու եւ նաեւ մաքսավորներին, պահանջվող վերականգնողական նյութերը առանց քաշքշուկի Հայաստան ներկրելու համար:
«Ազգի» այն հարցին, որ կառավարության շենքում որմնանկարները հասանելի չեն լինի հանրությանը, տկն Հարությունյանն ասաց, որ կառավարության աշխատակազմի հետ համաձայնեցվել է, որ շաբաթական մեկ օր կազմակերպվի բաց դռների օր ու ցանկացողներին տրվի հնարավորությունՙ զմայլվելու այդ որմնանկարներով: Նա նաեւ տեղեկացրեց, որ Շիրակի մարզում բացի Մինաս Ավետիսյանի որմնանկարներից, քիչ թե շատ պահպանվել են Հովհաննես Մինասյանի (Օնիկ) որմնանկարները, եւ դրանք վերականգնելու ցանկություն է հայտնել Գյումրիի քաղաքապետը, որպեսզի այդ աշխատանքները մնան մարզում ու մարզը դարձնեն մշակութային կենտրոն:
Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչպես են վերականգնելուՙ մաս-մաս անջատելով, տեղափոխելով, թե այլ կերպ: Պրն Հովհաննիսյանը մանրամասնեց. «3-4 սմ հաստություն ունեցող պատը, որի վրա որմնանկարներն են, կրային, աղակալված շերտերը կհեռացվեն եւ կմնա ընդամենը 3 մմ հաստությամբ բարակ շերտը, որը ինչպես կտավը կոլորվի համապատասխան տեխնիկայով, կտեղափոխվի Երեւան ու կտեղադրվի հատուկ պատրաստված ամրիչ պատի վրա, որը ըստ իտալացի վերականգնողների, 50 տարվա պահպանման երաշխիք է ապահովում:
Մոտ 15 քմ տրամագիծ ունեցող որմնանկարների տեղափոխումը որեւէ դժվարություն չի ստեղծում եւ նման գործընթացն ընդունված է ամբողջ աշխարհում: Հիշեցնենք, որ վերջերս կառավարության որոշմամբ յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն կարող է իր վրա վերցնել որմնանկարների վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը, բայց միեւնույն է, որմնանկարները եղել ու մնալու են պետության մշակութային արժեքներ: Արդեն աշխատանքներ են տարվում ու բանակցություններ են գնում իտալացի մասնագետների հետ Հայաստանում եկող տարի վերականգնողների դպրոց բացելու շուրջը, տեղեկացրեց ոլորտի պատասխանատու Սոնա Հարությունյանը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ