Օրեր առաջ ռուսական Տվերի մարզի Կալյազին գյուղաքաղաքից տեղի ռուսները, հայերը, ադրբեջանցիները եւ վրացիները դուրս են վռնդել միջինասիացիներին: Վերջիններս բացառապես աշխատել են գյուղաքաղաքի շինարարական ոլորտում (Կալյազինում այժմ ընթանում է հանգստյան տների ակտիվ շինարարություն - Հ. Ա.), իսկ միջադեպի պատճառը եղել է այն, որ մեկ-երկու ուզբեկներ գիշերը պղծել են ռուս աղջնակի: Բնականաբար փոքրիկ բնակավայրում բոլորը ճանաչում են միմյանց, եւ ռուսները անմիջապես դիմել են ծայրահեղ միջոցների. բացի բուն ֆիզիկական ճնշումներից, նրանք պահանջել են տեղի իշխանություններից վտարել բոլոր միջինասիացիներին, ընդ որում, ինչպես նշում է ռուսական «Իզվեստիա»-ն, բողոքի ակցիաներին ռուսների կողքին մասնակցել են նաեւ տեղի հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները: Ռուսական աղբյուրները փաստում են, որ Կալյազինի իշխանությունները ընդառաջ են գնացել ցուցարարներին, եւ այսօր գյուղաքաղաքում գոնե մեկ միջինասիացի չես գտնի... «սակայն հատկապես երեկոյան ժամերին Կալյազինում հավաքվում են հարբած «մուժիկների» խմբեր, որոնք էլ, հավանական է, կարող են նոր ազգամիջյան խռովությունների հիմք դառնալ», գրում է «Իզվեստիա»-ն:
Ռուսաստանյան «միգրացիոն պատերազմները» այն հարցերից են, որտեղ ոչ այնքան կարեւոր է «ո՞վ է մեղավոր» հարցը, որքան «ի՞նչ անել»-ը, քանի որ առաջին հարցի պատասխանը ոչ այնքան միանշանակ է. Ռուսաստանում բազմաթիվ միգրանտներ իրենց զգում են իրավազուրկ, իրենց պահում են հենց այդ սկզբունքով, եւ հենց նման վերաբերմունքի էլ արժանանում են: Մյուս կողմից, սակայն, արդարացի չի լինի չնկատել, որ միգրանտները, հատկապես միջինասիացիները, բազմիցս նախաձեռնում են բռնություններ երիտասարդ, անգամ մանկահասակ աջիկների նկատմամբ, հրահրում են ազգամիջյան բախումներ: Այնպես որ` ի՞նչ անել:
Թերեւս այս հարցի լավագույն պատասխանը տալիս է օրեր առաջ Ռուսաստանի 140 բնակավայրերում անցկացված սոցիոլոգիական հարցումը: Պարզվել է, որ ռուսաստանցիների կեսից ավելին` շուրջ 70 տոկոսը, դեմ են բարեկամությանը օտարերակրացիների հետ: Հարցվածների 60 տոկոսը կտրականապես դեմ կլինի, եթե իր ազգականը ամուսնանա միջինասիացու հետ, 65 տոկոսը չի հանդուրժի չեչեն ազգականին, 63 տոկոսը` արաբին, իսկ 54 տոկոսը համաձայն չէ հայերի, վրացիների եւ ադրբեջանցիների հետ բարեկամանալուն: Նախորդ տարիներին կոնկրետ հարավկովկասցիների նկատմամբ «սիրո ցուցանիշները» շատ ավելի բարձր էին, իսկ այժմ ռուսները գերապատվություն են տալիս առավելագույնը եվրոպացիներին, նվազագույնը` բելառուսներին, ուկրաինացիներին, մեծ մասամբ` հենց ռուսներին: Այս հարցումները փաստորեն եւս մեկ անգամ ապացուցում են, որ Ռուսաստանը «ի՞նչ անել» հարցին պատասխանում էՙ «չընդունել»: Սակայն արդյոք սա՞ է հարցի լուծումը: Լինելով հսկա կայսրության իրավահաջորդ` այսօրվա Ռուսաստանը պարզապես «պարտավոր է» ոչ միայն ընդունել, այլեւ տեղավորել, պաշտպանել հազարավոր միգրատների, եթե իհարկե ցանկանում է դառնալ գերտերություն, ցանկանում է տարածել իր գերիշխանությունը` թեկուզ հետխորհրդային երկրների վրա: Իսկ վերջիններիս քաղաքացիներին չընդունելով Ռուսաստանը մի՞թե լուծում է այս խնդիրը: Մյուս կողմից էլ, անշուշտ, միգրանտները, ինչպես արդարացիորեն նկատում են ռուսները, չեն ընդունում ռուս հասարակության սկզբունքերն ու ավանդույթները, չեն դառնում յուրային, հետեւաբար` ինչո՞ւ պետք է ընդունվեն, ինչո՞ւ պետք է «իրենց աշխատատեղերը սիրով տրամադրեն միգրանտին», միայն նրա համար, որ Ռուսաստանը դառնա գերտերությո՞ւն, իսկ շարքային ռուսին, որն ապրում է շրջանում եւ որը լուծում է օրվա հացի խնդիր, հետաքրքրո՞ւմ է, թե երբ պետք է Ռուսաստանը դառնա գերտերություն, մանավանդ որ «եկածները իրենց լավ չեն պահում»: Կարեւոր է նաեւ նկատել, որ Ռուսաստանում այսօր էականորեն փոխված է միգրանտների կազմը: Եթե նախկինում այնտեղ մեծամասնություն էին կազմում կովկասցիները, ապա այժմ միջինասիացիները լրջորեն «պաշարել են Ռուսաստանը»: Ընդ որում, եթե որեւէ հանցանքի մեջ մեղադրվում է, ասենք, տաջիկը, ապա ռուս հասարակությունը սովորաբար հանցագործի պիտակ է տալիս ամբողջ միջինասիացիներին, նույնն է նաեւ կովկասցիների պարագայում: Կարծում եք նույն շրջանի շարքային ռուսին հետաքրքրո՞ւմ է կամ գիտի՞ արդյոք, որ իր երկիրը օրեր առաջ ռազմավարական պայմանագիր ստորագրեց Հայաստանի հետ, կարծում եք նաեւ գիտի՞, որ «հույժ կարեւոր» կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ամենաանբեկանելի դաշնակիցը «իր հարեւան Վարդանի հայրենիքն է», իհարկեՙ ո՛չ: Ինչպես արդեն նշել ենք, նրան հետաքրքրում է միայն իր եկամտի աղբյուրը, որը «կտրում են ճարպիկ միգրանտները»: Մյուս կողմից` ճիշտ են նաեւ այն պնդումները, որ այն աշխատանքը, որով զբաղված է Ռուսաստանում միգրանտների մեծամասնությունը, ռուսներն ամենեւին էլ չեն անի. «Ուշ երեկոյան, երբ միջինասիացի միգրանտների հոգնած խումբը վերադառնում էր աշխատանքից` դեպի այն վայրը, որը նրանք բնակարան էին անվանում, մեր մուժիկները հարբած թափառում էին քաղաքում», գրում է ռուսական պարբերականը: Հետեւաբար միգրանտին աշխատանք չտալովՙ Ռուսաստանում կառաջանան բավական շատ աշխատատեղերի թափուր տեղեր, որը լուրջ խնդիր կարող է դառնալ, իսկ աշխատանք տալով ռուսական պետությունը մշտապես կանգնած կլինի ազգամիջյան «պատերազմներ»-ի խնդրի առջեւ, որի մեղավորի բացահայտումը, ինչպես արդեն նշեցինք, կարեւոր չէ, առավել կարեւոր է` «ի՞նչ անել», քանի որ այս վերջինի պատասխանը գտնելով` մեղավորներ առաջին հարցում այլեւս չեն լինի: Ի՞նչ անել նաեւ «կապուտաչյա 5-ամյա Դենիս»-ի հետ, որի հայրը հայ է, մայրը` ռուս, եւ որը ծնվել է Ռուսաստանում, երբեք էլ չի դադարելու իր հայրենիք համարել Ռուսաստանը, երբեք էլ չի դադարելու բացականչելՙ մերոնք խփեցին, երբ ռուսական ֆոտբոլային հավաքականը գրավի հակառակորդ թիմի դարպասը: Ուրեմն իսկապես ի՞նչ անել, մանավանդ որ ուզում ես դառնալ ազդեցություն ունեցող գերտերություն:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ