Հանրապետության բոլոր դպրոցներում «Գիտելիքի օրը» եւ ուսումնական տարվա սկիզբը սկսվեց ուսուցիչների երդման արարողությամբ, իսկ թե ինչ կտա այդ երդումը, ինչպես ժողովուրդն է ասում, «ճտերն աշնանն են հաշվում» կամՙ կապրենք կտեսնենք:
Ինչպես խոստացել էինք մեր ընթերցողներին, «Ազգը» հյուրընկալվեց Վահան Թեքեյանի անունը կրող Երեւանի թիվ 92 միջնակարգ դպրոցում ու մասնակից եղավ տոնական օրվան նվիրված միջոցառմանը: 56 տարվա կրթական լավագույն ավանդույթներ եւ գործունեության հատուկ սկզբունքներ ունեցող կրթօջախը, այսօր էլ 50 որակյալ մանկավարժների ու հրաշալի հայագետ, պատմաբան տնօրեն Անահիտ Խալաթյանի հետ շարունակում են կրթել իրենց սաներին: Իսկ այդ ամենի խոսուն վկայությունն էր կրթօջախի տարբեր տարիների սաների սերն ու հարգանքը, մշտապես դպրոցին մոտ լինելն ու կապվածությունը: Կրթօջախին հարող հրապարակը երեկ մարդաշատ էր: Գեղեցիկ հագնված, ծաղկեփնջերով, վառվռուն աչքերով փոքրիկները, որոնց պատիվ էր տրվել առաջինը ծաղիկներ դնելու մեծ պոետ Վահան Թեքեյանի արձանին, անհամբերությամբ սպասում էին, թե երբ են առաջին անգամ ոտք դնելու դպրոց, որը տարիներ շարունակ դառնալու է հարազատ օջախ:
Հանդիսությունը բացեց ու օրհնության խոսք հղեց աշակերտներին եւ ուսուցիչներին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Տիրան քահանա Առուշանյանը : Այնուհետեւ տնօրեն Անահիտ Խալաթյանն ընթերցեց «Հայ ուսուցչի երդման» տեքստը, որին ձայնակցեցին ու երդվեցին կրթօջախի 50 մանկավարժները: Հանդիսավոր երդման արարողությունից հետո տկն Խալաթյանը բարի գալուստ մաղթեց իր սաներին ու առաջին դասարանցիներին, նշելով. «Մեր դպրության դռները նորից ու նորից բացել ենք ձեր առջեւ եւ ընդունում ենք ձեզ սիրով, սպասումով եւ ջերմությամբ: Այստեղ կա աշխատանք, սեր, փոխըմբռնում, առաջընթացՙ շաղախված բարությամբ եւ վստահ եմ, որ դուք Ձեզ շատ լավ եք զգալու մեր սիրելի, Վ. Թեքեյանի անվան դպրոցում ու պատվով կկրեք թեքեյանցի լինելու պատիվը»:
Տնօրենուհին շնորհավորեց եւ իր երախտագիտության խոսքն ուղղեց նրանց, ովքեր առանց երկմտելու իրենց երեխաների կրթության ու դաստիարակության գործը վստահել են կրթօջախի մանկավարժներին: Այնուհետեւ իրենց ելույթներով տոնական օրը զարդարեցին դպրոցի «Լիդեր» պարային խումբը, 4-րդ բ դասարանի աշակերտները ու նաեւ շրջանավարտները:
Թեքեյանցիներին ողջույնի եւ «Գիտելիքի օրվա» առիթով ուղերձներ էին հղել Մալաթիա-Սեբաստիա վարչատարածքի ղեկավար Դավիթ Օհանյանը , ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանն ու Կորյուն Նահապետյանը : Ուղերձներն ընթերցեց ու տոնի առիթով բոլորին շնորհավորեց վարչատարածքի աշխատակցուհի Ալվարդ Շահվերդյանը : Իսկ րոպեներ անց «Կիլիկիա» երգի հնչյունների ներքո առաջին զանգի հնչյուններն ազդարարեցին ուսումնական տարվա սկիզբը ու բարեմաղթանքների արժանացած դպրոցականները մտան հարազատ օջախ, որտեղ հնարավորություն կունենան շատ գիտելիքներ ամբարելու:
Բարի երթ մաղթենք բոլորին ու մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանի տողերը հիշեցնենքՙ «եթե կըրնաս բարձրացիր... քեզի հետ ալ բարձրացուր»...:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ