Նրա գերհագեցած կյանքը դեռ հարուստ է առաջին անգամներով. 2009-2010 թատերաշրջանին հպանցիկ հայացքը հենց սա է հուշումՙ հոկտեմբերին իսպանական Օվիեդոյում առաջին անգամ Տոսկա, նոյեմբերին Վանկուվերում Նորմա մարմնավորելուց հետո դեկտեմբերի 20-ին առաջին անգամ համերգային բացառիկ ելութով հյուր եղավ Պոլսում. «Ժամանակ» թերթի 100-ամյակին նվիրված համերգային բացառիկ ծրագիր, հուզախառն տրամադրություն, սառը քամի, որ բժշկական միջամտությունից հետո էլ դեռ երկար զգացնել էր տալիս, բայց շնորհիվ բարձր պրոֆեսիոնալիզմի Պապյանը զարմացրեց նրա անունը լսած, նրա ելույթին այդքան սպասած պոլսահայ ունկնդիրներին: Հունվարին իտալական Տրիեստեում նոր քննություն հանձնեցՙ Մարիա Ստյուարտի նոր սերտած դերերգը Դոնիցետիի համանուն օպերայում քննադատների ջերմ գնահատանքին արժանացավ:
Փետրվարին Վիեննայի Շտատսօպերում մարմնավորեց Տոսկա, մարտին համերգային կատարմամբ Նորմա երգեց Վարշավայում, մայիսին Տոսկայով նորից վերադարձավ Վիեննա, այնուհետ Թուլոնում կատարեց Վերդիի Ռեքվիեմը, ապաՙ Դրեզդենի հանրահայտ Զեմփերօպերում հանդես եկավ Լեդի Մակբեթի դերակատարմամբ: Հուլիս-օգոստոսին իր անզուգական Նորմայով առաջին անգամ մասնակցեց Հեդելանդ փառատոնին: Կոպենհագենից 25 կմ հեռու 8 տարի առաջ հիմնված Դանիայի ամենամեծ բացօթյա ամառային թատրոնը, որ նախատեսված է 3500 հանդիսատեսի համար, նոր սկիզբ դարձավ համագործակցության: Խոսքը միայն երկնային -բեմական աստղային երկխոսության մասին չէ, «Նորմայում» երեխաներից մեկի դերակատարումը վստահվել էր Հասմիկի գեղեցկուհի դստերըՙ 9-ամյա Սիրանույշին, որի ճկուն պարը չէր վրիպել թատերական քննադատների աչքից: Անունները պատահական չեն ընտրվումՙ հայ բեմում պատմություն կերտած Սիրանույշն ու Հասմիկըՙ երկնքում աստղ դարձած հետեւում էին այս նորասկիզբՙ Հասմիկ-Սիրանույշ ընթացքին, որն այս տարվա լավագույն ընծան էր:
Հասմիկը հայոց աշխարհի բնական, մշակութային հարստություններից մեկն է, դրսումՙ մեր որականիշը, գեղեցկության խորհրդանիշը, երջանկության համը, հայրենասերի տեսակը, կանացի բույրը, ելեւէջի ճշգրիտն ու զգացականը, սիրուն բառերի տերը: Ի՞նչ մաղթել մեր չնաշխարհիկ սոպրանոյին այսօրՙ իր տարեդարձի օրը... շամպայնի պայթյունն է հուշումՙ բեմական գլոբալ ջերմացմանը զուգահեռՙ առողջություն, ընտանիքի հետ տանը լինելու ուրախ առիթներ, ու երկար անկանգ ճանապարհ դեպի թատրոն:
Ան. Հ., Գերմանիա