Կյանքի 87-րդ տարում վախճանվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հիմնադիր, հանրապետության վաստակավոր ուսուցիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, Պատվո նշան շքանշանակիր Գոհար Աղասու Հարությունյանը:
Ծնվել է 1923 թվականին Գյումրիում: Ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժինըՙ ուսանելով պրոֆեսոր Կոնստանտին Սարաջեւի դասարանում: Պարբերաբար ելույթ է ունեցել սիմֆոնիկ նվագախմբերի հետՙ լինելով Հայաստանում սիմֆոնիկ նվագախմբի միակ կին դիրիժորը: 1952-1978 թթ. Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենն էր, 1978 թ-ից` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն: Քաջ գիտակցելով իր առջեւ դրված պատասխանատվությունը, միաժամանակ լինելով մեծանուն կոմպոզիտորի արվեստի երկրպագուն, անվերապահորեն նվիրվել է տուն-թանգարանի հիմնադրման գործին, դրա կայացմանն ու զարգացմանը: Հսկայական է նրա ավանդը տուն-թանգարանը արվեստի կարեւորագույն օջախ դարձնելու, մեծանուն կոմպոզիտորի երաժշտական ժառանգությունը հանրահռչակելու գործում: Գ. Հարությունյանի ջանքերով է հրատարակվել Ա. Խաչատրյանի նամականու երեք հատորները հայերեն եւ ռուսերեն լեզուներով:
1993 թ. Ա. Խաչատրյանի 90-ամյակի առթիվ ԱՄՆ-ում Գոհար Հարությունյանի ղեկավարությամբ Փասադենայի սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարումով: 2003 թ. Ա. Խաչատրյանի 100-ամյակի կապակցությամբ ցուցահանդես է կազմակերպել Մոսկվայի Սկրյաբինի թանգարանում:
Գոհար Հարությունյանն իր անբասիր աշխատանքի համար արժանացել է պետական բազում պարգեւների: 1976 թ. պարգեւատրվել է ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության պատվոգրով, 1985 թ.ՙ ԽՍՀՄ մշակույթի նախարարության պատվոգրով: 1999 թ. Գոհար Հարությունյանի անունը ընդգրկվել է Քեմբրիջի համալսարանի կենսագրական տեղեկատուում:
Գոհար Հարությունյանը իրեն ճանաչողների հուշերում կմնա որպես արվեստի անխոնջ մշակ, իր գործին ու կոչմանը նվիրված վառ անհատականություն:
Գոհար Հարությունյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում` սեպտեմբերի 3-ին, ժամը 13-15-ը:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ