«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2010-08-31 | #157, 2010-09-01 | #158, 2010-09-02


ԱՐԳԻՃԻ ԳԼԽԻՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՄՈՒԹ ԱՄՊԸ ՉԻ ՀԵՌԱՆՈՒՄ

«SOS Արգիճ» նախաձեռնության անդամ Վարդան Գալստյանի ներկայացմամբՙ Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղում ժամանակավոր անդորր է. ոստիկանությունը դադարեցրել է իր հարցաքննությունն ու հետապնդումը գյուղացիների նկատմամբ: Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Արգիճ գետի Գայլաձոր վտակի հունի փոփոխման կապակցությամբ Մարտունու 5 շրջանի բնակիչները փակել էին Երեւան-Մարտունի մայրուղին`պահանջելով դադարեցնել վտակի հունի փոփոխման նպատակով շինարարական աշխատանքները, որ Վայոց ձորում պետք է կառուցվեր փոքր հէկ: Հետագայում քաշքշուկների արդյունքում, ակնհայտ դարձավ, որ շինությունն ապօրինի է, Սեւանի հանձնաժողովն էլ արգելեց գետի հունի փոփոխումը, ինչից հետո Մարտունու շրջանի ոստիկանությունն առանց ծանուցագրի բողոքի ակցիայի մասնակիցներին կանչեց ոստիկանություն հարցաքննության: Գյուղացիները համոզված էին, որ այդ կերպ իրենց փորձում էին վախեցնել կամ պատժել:

«Անդորրը կարելի է անվանել պայմանական, որովհետեւ գետի հունի վրա կառուցված ամբարտակները չեն մոնտաժվել: Եթե կա ամբարտակ, Արգիճի գլխին մութ ամպ է կուտակված», ասաց Վարդան Գալստյանը «Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում: Նրա ներկայացմամբՙ իրենց տարածքում ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը որեւէ կերպ խնդրին չի միջամտել: «Ոչ մեր խնդիրն է լսել, ոչ փորձել է օգնել, ոչ օգնել է, ոչ էլ խանգարել: Կարծես թե նա գյուղացիների ձայների շնորհիվ չի ընտրվել պատգամավոր ու մանդատ ձեռք բերել: Նրա այս վերաբերմունքն անհասկանալի է», ասաց նա: Գյուղացիների մտահոգությունն այն է, որ տեւական անդորրից հետո, երբ կրքերը թուլանան եւ հասարակությունն ու մամուլը մոռանան Արգիճի խնդրի մասին, կրկին կշարունակվեն հէկի կառուցումն ու գետի հունի տեղափոխումը, ինչի պարագայում շուրջ 30.000 բնակիչ կմնա առանց ջրի:

Գյուղացիները պատրաստվում են դիմել մարզպետին` պահանջելով ապամոնտաժել անօրինական կառուցված ամբարտակը: Նրանք դիմել են նաեւ բնապահպանության նախարարին, սակայն ստացել են մերժում: «Նախարարությունից ասացին, որ դա իրենց գործառույթի սահմաններում չէ: Բոլորն ընդունում են, որ շինությունն ապօրինի է, սակայն ոչինչ չեն ձեռնարկում. կարծես մկների ժողովը լինի, որտեղ ճառ ասող կա, զանգ կա, բայց կախող չկա», ասաց Գալստյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4