Դավիթ Նալբանդյանը հաղթանակով մեկնարկեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում, որն ընթացիկ մրցաշրջանում «Մեծ սաղավարտ» մրցանակի շարքին դասվող վերջին մրցաշարն է: Հաղթանակը Նալբանդյանին շատ մեծ դժվարությամբ տրվեց: Նրա մրցակիցը թենիսիստների դասակարգման ցուցակում 3-րդ հարյուրյակում տեղ զբաղեցնող հարավաֆրիկացի Դե Վուստ Ռիկն էր: Հաջորդ փուլ մտնելու համար հարկ եղավ 5 խաղափուլ անցկացնել (7-6, 3-6, 6-4, 6-7, 6-4):
Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդներ Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդեռերը: Նադալը 3 խաղափուլում հաղթեց Թեյմուրազ Գաբաշվիլուն (7-6, 7-6, 6-3), իսկ Ֆեդեռերն առավելության հասավ Բրայան Դաբուլի նկատմամբ (6-1, 6-4, 6-2):