«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2010-09-02 | #159, 2010-09-03 | #160, 2010-09-04


ՄԵԴՎԵԴԵՎՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՍԵԼ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է չպակասեցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով շփումների ինտենսիվությունը: Այսպիսի կոչ է արել երեկ Բաքվում պաշտոնական այցելությամբ գտնվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում:

Ադրբեջանական ու ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ, Մեդվեդեւը հայտարարել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները բավականին ինտենսիվ են դարձել, եւ այդ ինտենսիվությունը չպետք է պակասի, որին իր աջակցությունը բերելու առումով Ռուսաստանն, ըստ ՌԴ նախագահի, պատրաստակամ է` կատարելով իր պարտականությունները Մինսկի խմբի համանախագահական շրջանակներում եւ որպես հարեւան հետեւողական լինելով իր բարոյական պարտավորությունների կատարմանը:

«Ես անձամբ պատրաստ եմ շարունակել այդ կարգի շփումներն ու քննարկել ամենաբարդ հարցերը, որ դեռեւս մնացել են օրակարգում», ասել է Մեդվեդեւը: Ինչ վերաբերում է Գյումրու ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման հայ-ռուսական արձանագրությանը, որ մեծ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում, ապա այդ առնչությամբ Մեդվեդեւը նշել է, թե ռազմակայանը որեւէ սպառնալիք չի ներկայացնում Ադրբեջանի համար: «Մենք շահագրգռված ենք, որ այստեղ խաղաղություն լինի եւ կարգուկանոն: Հենց այդպես էլ պետք է դիտարկել Հայաստան իմ այցելության արդյունքները: Ոչ մի ստորջրյա կամ այլեւայլ նկատառում այստեղ չկա», պարզաբանել է Մեդվեդեւը:

Ամեն դեպքում, հետաքրքրական է, որ Ալիեւն ու Մեդվեդեւն իրենց առանձնազրույցին հետեւած համատեղ ասուլիսի ելույթներում ընդհանրապես չեն նշել, թե քննարկել են ղարաբաղյան հարցը: Փոխարենը երկուստեք ընդգծվել է ստորագրված երեք փաստաթղթերի կարեւորությունը:

Ստորագրվել է պայմանագիր Ադրբեջանի եւ Ռուսաստանի պետական սահմանի մասին` Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատվող կետից մինչեւ Կասպից ծով: Ստորագրվել է նաեւ համաձայնագիր սահմանային Սամուր գետի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման եւ պահպանման մասին: Եվ, ի վերջո, կարեւորությամբ երրորդ համաձայնագիրը վերաբերում է Ադրբեջանից Ռուսաստան 2011-2012 թթ. գազի մատակարարման ծավալների մեծացմանը:

Ըստ վերջին համաձայնագրիՙ գազի մատակարարման ծավալները կհասցվեն մինչեւ 2 մլրդ խմ տարեկան: Այս առնչությամբ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերը հայտարարել է, որ Ադրբեջանից Ռուսաստան գազի եւ նավթի մատակարարման ծավալները նախնականի համեմատ կմեծանան մինչեւ չորս անգամ:

Այսքանը, առանձնակի ուրիշ ոչինչ չի հաղորդվում Ռուսաստանի նախագահ պաշտոնական այցելությունից Բաքու, բացի նաեւ այն հաղորդագրություններից, թե Մեդվեդեւին շնորհվել է Բաքվի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահին են հանձնվել ադրբեջանական մաքսավորների հայտնաբերած եւ առգրավված հինգ ուղղափառ սրբապատկերներ:

Հ. Գ. Մեդվեդեւի այցը Բաքու մեկնարկեց սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության հռչակման օրը, բայց երկու նախագահներն էլ նախընտրել են ոչինչ չասել ղարաբաղյան հարցի մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4