«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2010-09-02 | #159, 2010-09-03 | #160, 2010-09-04


ՓՈՔՐՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ

Վիկտոր Միշին անունը նոր սերնդին ծանոթ չէ: Հները մինչդեռ կհիշեն, որ նա ժամանակին գլխավորել է խորհրդային կոմսոմոլը, հետո նշանակվել ՀԱՄԿԽ նախագահ: Մի կարճ ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղ է գործուղվել որպես Հատուկ կառավարման կոմիտեի անդամ:

Եվ ահա ադրբեջանական Vesti գործակալությունը Մոսկվայում պեղել- հայտնագործել է նրան, հետը հարցազրույց անցկացրել` «ապացուցելու», որ Լեռնային Ղարաբաղում «սոցիալ-տնտեսական իրավիճակն ավելի բարվոք է եղել, քան ամբողջ Ադրբեջանում»:

Միշինը հաստատ իր բարեկամ, ինչպես ինքն է ասում, Վոլսկու հիշատակը չի հարգում: Այլապես մոռացության չէր տա վերջինիս դիտարկումը, թե «բովանդակ երկրում ես չեմ տեսել ավելի լքված, ձեռքից գնացած ռեգիոն, քան ԼՂԻՄ-ն է»: Ի դեպ, Վոլսկին այս կարծիքն արտահայտել է խորհրդային պաշտոնական մամուլում: Ուստի պիտի համարել, որ դա երկրի ղեկավարության ընդհանրական տեսակետն էր: Եվ Հատուկ կառավարման կոմիտեն էլ ստեղծվել էր ԼՂ սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նպատակով:

Ի՞նչն է Վիկտոր Միշինին ստիպել, որ կեղծի իրականությունը:

Այդ մարդն ամենայն հավանականությամբ մինչեւ այսօր չի ներում ղարաբաղցիներիս: Պատճառը բոլորովին էլ քաղաքական չէ:

Բանն այն է, որ Միշինը, որպես Հատուկ կառավարման կոմիտեի անդամ, ԼՂ-ից առաջադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորության թեկնածու: Նրա մրցակիցը հանգուցյալ Բորիս Դադամյանն էր, ում եւ նախապատվությունը տվեց ընտրողների գերակշիռ մեծամասնությունը:

Խորհրդային պատմության մեջ երեւի դա առաջին դեպքն էր, երբ Մոսկվայի պաշտպանությունը վայելող թեկնածուն ընտրություններում պարտվում է: Հավանաբար սեփական պարտության նկատառումով է, որ հիշյալ հարցազրույցում Միշինը Հատուկ կառավարման կոմիտեի ձախողումը բացատրում է «հայ ծայրահեղականների անհաշտությամբ»:

Բայց դա ծայրահեղականություն չէր, այլ իրական ժողովրդավարություն, երբ մարդիկ վստահում էին նրան, ում ավելի լավ էին ճանաչում, ով ԼՂ-ի շահերը պիտի պաշտպաներ եւ ոչ թե` կենտրոնական կամ ադրբեջանական իշխանությունների:

Անցել է ավելի քան երկու տասնամյակ, բայց Միշինը, պարզվում է, չի հաղթահարել դառնացածությունը: Եվ առիթը բաց չի թողել մի քանի թունավոր խոսքեր ասելու ղարաբաղցիների մասին:

Վատ է, երբ մարդ փոքրոգի է, հիշաչար, եւ չի էլ կարողանում թաքցնել: Բայց ավելի վատ է, երբ նա սեփական փոքրոգությունը ձգտում է գունազարդել «պետական մտածողությամբ» կամ «ժողովուրդների ճակատագրի հանդեպ մտահոգությամբ»:

Եվ միայն զարմանալ կարելի է, թե ի՞նչ մտադրությամբ է Vesti-ն մոռացվածության փոշին թափ տալիս խորհրդային դարաշրջանի «դինոզավրերի» վրայից: Ի՞նչ են ուզում հիշեցնել եւ ու՞մ:

Թե՞ պարզապես ափսոսում են «բաց թողնված հնարավորությունների» համար:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4