«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2010-09-02 | #159, 2010-09-03 | #160, 2010-09-04


«ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆ ԿԵՆՏՐՈՆԸ» ՍՐԲԱՊՂԾՈՒՄ Է ԻՐ ԱՆՎԱՆԱԿՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Այսպես է գնահատում ամերիկահայ անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը վերոնշյալ կենտրոնի հասարակական ծառայությունների մրցանակը այս տարվա հունիսին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին շնորհելու որոշումը: Ստորեւՙ թարգմանաբար հատվածներ ՌԱԿ Բոստոնում հրատարակվող «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված նրա ընդարձակ հոդվածից, որտեղ մանրամասնություններ է ներկայացնում այդ կենտրոնի գործունեության եւ ֆինանսավորման աղբյուրների մասին:

Հոդվածը տպվել է վերոհիշյալ թերթի մայիսի 15-ին, սակայն փոստային ուշացման պատճառով մեր ձեռքն անցավ օրերս: Այնուամենայնիվ, ո՞րն է պատճառը շուրջ 3,5 ամիս հետո այն մեր ընթերցողներին ներկայացնելու: Առաջինՙ հոդվածագրի հմտությունն ու բծախնդրությունը, որին այնքան քիչ ենք հանդիպում մեր մամուլումՙ Հայաստան թե Սփյուռք: Երկրորդՙ այն հետաքննական աշխատանքը, որը կատարել է հոդվածագիրը «Վուդրո Վիլսոնի կենտրոնին» նյութապես աջակցող ֆինանսա-տնտեսական մեծագույն ընկերություններին բացահայտելու նպատակով: Դրանք այն ընկերություններն են, որոնք միշտ եւ բոլոր մակարդակներում թուրքամետ դիրքորոշում ունեն: Երրորդՙ նույնՙ «Վուդրո Վիլսոն կենտրոնի» կատարած տխուր դերակատարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, որը միամիտ հայերիս համար բացահայտում է Դավիթ Բոյաջյանը:

Մյուս կողմից, ավելորդ չէ այստեղ վերհիշել, թե հանրապետության նախագահը Մ. Նահանգներ կատարած իր վերջին այցելության ընթացքում եղավ նաեւ «Վուդրո Վիլսոն կենտրոնում» եւ հարգանքի տուրք մատուցեց Վուդրո Վիլսոնի հիշատակին, իսկ ընդամենը երկու շաբաթ հետո նույն կենտրոնի ղեկավարությունը մրցանակ շնորհեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին:


Վստահաբարՙ ԱՄՆ-ի 28-րդ նախագահ (1913-21 թթ.) Վուդրո Վիլսոնը (1856-1924) այն աշխարհից սարսափով է նայում այն ամենին, ինչ իր անունը կրող կենտրոնը կատարում է իր անունից: Ամերիկացիներից շատերը հավանաբար տեղյակ էլ չեն Վաշինգտոնում գտնվող այդ կենտրոնից, ոչ էլ այն փաստից, որ դրա մուլտիմիլիոն դոլարի հասնող տարեկան բյուջեի մեկ երրորդը գոյանում է իրենց պետությանը մուծած հարկերից:

Վիլսոնյան կենտրոնը հիմնվել է Կոնգրեսի կողմից 1968-ինՙ հավերժացնելու համար հանգուցյալ նախագահի «իդեալները, մտահոգություններն ու ձեռքբերումները»: Սակայն մի շարք անհամապատասխան քայլերով կենտրոնը խախտել է իր «կոնգրեսական մանդատը»: Վիլսոնին նվիրված «Հիշատակի հավերժացման օրենքում» նշվում է, որ կենտրոնը «լրջորեն է վերաբերվում Վիլսոնի գաղափարներին» եւ պարտավորվում է ստանձնել եւ «շարունակել նրա պատմական առաքելությունը»: Իրականում, սակայն, կենտրոնը գիտակցորեն անտեսում է նրա (Վիլսոնի) գաղափարները եւ աչք փակում պատմության առաջ, որոշելով «Վուդրո Վիլսոնի մրցանակը շնորհել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին:

Տարօրինակ էր, որ կենտրոնը տողերիս հեղինակին այդ մասին մամլո հաղորդագրություն չտրամադրեց, եւ մենք դրա մասին իմացանք թուրքական լրատվամիջոցներից:

«ՎՎԿ»-ի պրեզիդենտ (տնօրեն), նախկին կոնգրեսական Լի Համիլտոնը (ով վերջերս հայտարարեց, որ շուտով կհեռանա այդ կազմակերպությունից) նշել է, որ Դավութօղլուն «մարմնավորում է այն բոլոր հատկությունները, որ մենք կենտրոնում գնահատում ենք», եւ «կատալիզացրել է» թուրքական քաղաքականությունը:

Պարզապես զարհուրելի է, որ Վիլսոնի նման վեհ անձնավորության անունը կրող կենտրոնը պատվի արժանացնի բարձրաստիճան անձնավորությանը մի այնպիսի երկրի, որ մարդու իրավունքների խախտման երկար պատմություն ունի: Ավելին, Դավութօղլուի վարած քաղաքականությունը ուղիղ հակապատկերն է Վիլսոնի «իդեալների եւ մտահոգությունների»: Նրա զայրույթի պոռթկումները հայերի ցեղասպանությունը կոնգրեսական լսումների վերաբերյալ հայտնի են բոլորին: Նա հետ կանչեց ԱՄՆ-ում իր դեսպանին եւ Ներկայացուցիչների պալատի որոշումը իր երկրի «պատվին ուղղված վիրավորանք» համարեց, կարծես Թուրքիայի ժխտողականությունը պատվաբեր արարք լիներ: Իշխող կուսակցության բարձրաստիճան մի պաշտոնյա սպառնաց «բոլոր մակարդակներով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատթարացում, սկսած Աֆղանստանից մինչեւ Իրաք, Պակիստան եւ Մերձավոր Արեւելք»:

Դավութօղլուն նույն պոռթկումը ցուցաբերեց Շվեդիայի խորհրդարանի համապատասխան որոշման առիթով: Ոչ մի ուրիշ դաշնակից ԱՄՆ-ին այդքան հաճախ չի սպառնացել, որքան Թուրքիան: Այս քայլերո՞վ է «կատալիզացնում» Դավութօղլուն իր երկրի քաղաքականությունը եւ նման «հատկություննե՞րն» են գնահատում վերը նշված կենտրոնում:

Հիշեցնենք նաեւ, որ Դավութօղլուն երկու տարի առաջ իր երկիր հրավիրեց եւ պատվեց Սուդանի նախագահ Օմար էլ Բաշիրին, որին միջազգային հանրությունը մեղադրում էր իր երկրում ցեղասպանություն կատարելու մեջ: Նա անցյալ տարի եւս հրավիրել էր Բաշիրին, բայց միջազգային ճնշումների տակ այցելությունը տեղի չունեցավ: Այս բոլորին զուգահեռ Թուրքիան Դավութօղլուի արտգործնախարարության ներքո չի զլանում ուրիշ երկրներին մեղադրել (Իսրայելին, Չինաստանին) ցեղասպանության մեջ:

Թուրքիան առաջին հերթին չպե՞տք է ճանաչեր հայերի, ասորիների, հույների եւ քրդերի դեմ կատարած իր ցեղասպանությունները, չպե՞տք է վերջ տար Կիպրոսի հյուսիսային մասի 36 տարվա օկուպացմանը կամ Հայաստանի սահմանի 1993 թվից շրջափակմանը: Դավութօղլուի Թուրքիան հաստատ գործում է հակառակ Վիլսոնի թողած վեհ գաղափարների եւ դրանով իսկ սրբապղծում նրա պայծառ անունը:

Թուրքական կորպորատիվ գումարներ

Վիլսոնյան կենտրոնի ֆինանսավորման աղբյուրները հետազոտելիս պարզ դարձավ, որ կենտրոնը գործում է կորպորատիվ գումարների (այդ թվումՙ թուրքական) հաշվին: Այդ գումարները հայթայթող ընկերությունների թվին են պատկանում «Բոյնգը», «BAE եւ Շեւրոն», «Ալկոա», «Բոմբարդիըր եւ Հոնիվել» (օդային տարածքների արդյունաբերության ասոցիացիայի անդամներ), «Բեխտել», «Կոկա-կոլա» եւ «Էքսոն-մոբիլ» ընկերությունները, որոնք այսպես կոչված «վիլսոնյան դաշնության» անդամ լինելով, Կոնգրեսին դիմել ենՙ «տապալելու հայերի ցեղասպանության N 252 բանաձեւը»:

Դրանց մի մասը «Ամերիկա-թուրքական խորհրդին» (ԱԹԽ) անդամավճարներ մուծող ընկերություններ են: ԱԹԽ-ն իրեն համարում է «Գործարար ասոցիացիա» եւ ներառում է 100-ից ավելի թուրքական եւ ամերիկյան կորպորացիաներ: Ղեկավար պաշտոններում մոտ 100 թուրքեր եւ ամերիկացիներ են, որոնց բոլորն էլ նախկինում զբաղեցրել են կառավարական կամ զինվորական բարձրաստիճան պաշտոններ: Գործադիր կոմիտեի նախագահն է նախկին գեներալ-լեյտենանտ Բրենտ Սքոուկրոֆտը, որը Կոնգրեսին ասել էր, թե այն, ինչ պատահել է հայերին, «խիստ վիճելի է»: ԱԹԽ-ի անդամ է նաեւ «Լոքհիդ-Մարտին կորպորացիան», որը նույնպես դեմ է արտահայտվել հայկական բանաձեւին: «DLA փայփըր»-ը իրավական եւ կորպորատիվ ծառայությունների միջազգային ընկերություն է, որը ձեւակերպված է ամերիկյան կառավարությունում որպես «արտասահմանյան գործակալություն», որն աշխատում է ի նպաստ Թուրքիայի»: Նրանում աշխատող Իգնացիո Սանչես իրավաբանը ԱՄՆ Կոնգրեսում ներկայացնում է «ազգային (տեղացի) եւ միջազգայն հաճախորդներին»: Նա նաեւ ընդգրկված է «Վիլսոնյան կենտրոնի» հոգաբարձուների վարչությունում: «DLA փայփըր»-ը կապ ունի նաեւ «Լիվինգստոն գրուպ»-ի հետ, որի ղեկավարն է խորհրդի նախկին խոսնակ Ռոբերտ Լիվինգստոնը, ով բազմիցս գործել է ընդդեմ հայերի:

«DLA փայփըր»-ը միաժամանակ մարտավարական դաշնակիցն» է «Քոհեն գրուպի», որի ղեկավարն է պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոհենը, իսկ փոխնախագահն է Մարկ Գրոսմանը, որը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանն է եղել 1994-97 թվերին: Նա գուցե նախկին դիվանագետների մեջ Թուրքիայի ամենաթունդ պաշտպաններից է: Ներկայումս նա դարձել է «Վիլսոնյան կենտրոնի» հասարակական քաղաքականության խորհրդատուներից մեկը եւ «Դիվանագիտության ամերիկյան ակադեմիայի» վարչության անդամը:

Հիշենք, որ նախկին պաշտպանության նախարար Ուիլյամ Քոհենն ու նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը նախագահում էին «ցեղասպանությունների կանխման աշխատանքային ծրագիրը», հակառակ որ որպես քաղաքացիներ երկուսն էլ դեմ էին հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւերին:

Հասարակական ծառայություններ աշխարհի՞ն

«Վիլսոնյան կենտրոն»-ի հաղորդակցությունների բաժնի տնօրեն Շերոն Քոլմեն Մկքարտերը հեռախոսային զրույցում նշեց, որ կենտրոնը Թուրքիայի արտգործնախարարին պատվում է նաեւ «իր երկրին եւ աշխարհին մատուցած հասարակական ծառայությունների» համար: Թուրքիան կամ թուրքերը կարող են հավանել իրենց արտգործնախարարի արարքները, բայց ի՞նչ է արել նա ի նպաստ աշխարհի: Նրա գործելակերպի վերոնշյալ հակիրճ թվարկումն անգամ բավական է ասելու, որ նա ոչինչ չի արել:

Տիկին Շերոնը նաեւ նշեց, որ Դավութօղլուն համապատասխանում է «վիլսոնյան ավանդույթների» պահանջներին այն առումով, որ նա ե՛ւ «ակադեմիական շրջանակներում է եղել, ե՛ւ ներկայումս կառավարական ծառայության մեջ է», ուստի ինքնաբերաբար դառնում է «վիլսոնյան» եւ արժանի է համարվում կենտրոնի մրցանակին: Սա ուղղակի անհեթեթ տրամաբանություն է:

Իսկ ովքե՞ր են եղել նախկինում այդ մրցանակին արժանացածները: Մեծ մասամբ ամերիկացի բարերար-մարդասերներ, բժիշկներ, Կոնգրեսի անդամներ, դիվանագետներ, ճարտարագետներ եւ դերասաններ, նրանց թվումՙ Ջեյմս Բեյքրը, դոկտ. Դենտոն Քուլին, Բետտի Ֆորդը, Ջոն Գլենը, դեսպան Հովարդ Լիչը, Ջանեթ Նապոլիտանոն, գեներալ Քոլին Փաուելը (եւ նրա կինը), Էնդրյու Լոյդ Վեբերը եւ Էնդրու Յանգը: Արտասահմանյան գործիչներիցՙ Հնդկաստանի նախագահ Աբդուլ Քալամը եւ այլ անձնավորություններ Բրազիլիայից եւ Հարավային Կորեայից:

Սմիթսոնյան հաստատությունը եւ ԱԹԽ-ն

Եթե ավելի խորանանք, կտեսնենք, որ «Վուդրո Վիլսոն կենտրոնին» ծնունդ տվողը հայտնի «Սմիթսոնյան հաստատությունն է», որի մեկ միլիարդի հասնող բյուջեի երեք քառորդը գոյանում է ամերիկացիների հարկերից: Հաստատությունը նույնպես «Ամերիկա-թուրքական խորհրդի» (ԱԹԽ) անդամ է, հակառակ որ ստեղծված է հարգալից վերաբերվելու եւ պաշտպանելու Ամերիկայի բազմաշերտ էթնիկական ժառանգությունը եւ պատշաճը մատուցելու մեր երկրի (Ամերիկայի) պատմությանը, որի մի մասն են կազմում նախագահ Վիլսոնիՙ հայերին նեցուկ կանգնելու եւ Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրելու փաստերը: «Սմիթսոնյանները» ոչ մի պատճառ չունեն անդամակցելու «Ամերիկա-թուրքական խորհրդին»: Նրանք պարտավոր են դուրս գալ այդ թուրքամետ քարոզչական ապարատից:

Իսկ ցեղասպանության ճանաչված գիտնականներն ու մասնագետները պարտավոր են կենտրոնի որոշման դեմ բարձրաձայնել եւ նույնիսկ հանդես գալ «Վիլսոն եռամսյայի» էջերում: Կենտրոնն էլ պետք է գործի համապատասխան Վիլսոնի «իդեալներին եւ մտահոգություններին»:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4