Թուրքիան պետք է ճանաչի հայերի կոտորածների փաստը եւ ներողություն խնդրի: Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ու արձագանքելով հենց այդ առնչությամբ հնչած հարցին` իր անձնական կարծիքը երեկ հայաստանյան մի քանի լրատվամիջոցների լրագրողների մասնակցությամբ անցկացվող սեմինարում ներկայացրեց արդեն մի քանի օր Երեւանում գտնվող թուրք քաղաքագետ Զաֆեր Յորուքը:
Իզմիրի Տնտեսագիտական համալսարանի ԶԼՄ եւ քաղաքագիտության դոկտոր Զաֆեր Յորուքը Երեւանում է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հրավերով: Յորուքի հետազոտական հետաքրքրությունները ներառում են ինքնիշխանության, հոգեվերլուծության եւ դատողական վերլուծության խնդիրները:
«Թուրք հասարակությունն ու դրա վախերը» թեմայի առնչությամբ իր տեսակետները Զաֆեր Յորուքը երեկ ներկայացնում էր «Զրույցներ Թուրքիայի մասին» սեմինարի ընթացքում, որն իրականացնում է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը` Ստամբուլի «Գլոբալ քաղաքական միտումներ կենտրոնի» (GPoT) հետ մեկտեղ եւ ԱՄՆ Միջազգաին զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Ցեղասպանության հարցի առնչությամբ Յորուքը, ներկայացնելով ճանաչման անհրաժեշտությունը, անհրաժեշտ համարեց նաեւ ընդգծել, որ իր կարծիքը որեւէ ազդեցություն չունի, ինչպես նաեւ, որ Թուրքիայի կրթված, ուսյալ ներկայացուցիչների մեջ շատ քչերն են այդ կարծիքին: Տվյալ դեպքում գործում է այն ֆոբիան կամ վախը, թե ցեղասպանության ճանաչմանը կհետեւեն հայերի հողատիրական պահանջները, այսինքն` հայերը կարող են վերադառնալ:
Սա, ըստ Յորուքի, ոչ միայն հոգեբանական, այլեւ տնտեսական վախ է առաջացնում Թուրքիայի հատկապես Անատոլիայի շրջանի բնակչության, նաեւ քուրդ բնակչության մեջ, քանի որ վերջիններս էլ հենց բնակվում են այդ հողերի վրա: Այստեղ առավել հետաքրքրական է, որ նման վախի հիմքում այն մոտեցումն է, թե ներկայիս բնակիչները «տիրացել են հայերի ունեցվածքին, ուրեմն եւ ճանաչման դեպքում պետք է վերադարձնեն»:
Այս համատեքստում Զաֆեր Յորուքը հիշեցրեց Աթաթուրքի 1922թ.-ին Կիլիկիայի գյուղացիների հետ հանդիպումներից մեկը, որտեղ նրան հարցրել են, թե արժե՞ սկսել հողի մշակումը, երբ դեռ չգիտեն` կվերադառնա՞ն արդյոք հայերը: Աթաթուրքն իր հպատակներին վստահեցրել է, թե «հայերն այս փառապանծ երկրում տեղ չունեն»:
Ընդհանուր առմամբ, թուրք հասարակությունը վախերից բաժանված է երկու հիմնական մասի. մի կողմից, հասարակության մի հատվածը վախենում է իսլամիստական արմատներին ու իրականությանը վերադառնալուց, մյուս հատվածն էլ դեմ է աշխարհիկությանն ու վախենում է դրանից: Այստեղ առանձնակի հատկանիշ է, որ փաստացի մի հատվածի երազանքը, թե երկիրը լինի իսլամիստական, մյուս հատվածի համար մղձավանջ է եւ հակառակը: Եվ հակադրության մեջ զգալի դերակատարություն ու մասնակցություն ունեն նաեւ լրատվամիջոցները:
Իսկ թե ինչու երկատված հասարակությունը վերջնականապես չի պառակտվում, Յորուքի մեկնաբանությամբ, երկատմանը նպաստող վախերի նման, պարզվում է, կան նաեւ միավորող ֆոբիաներ: Ամենից առաջ, անկախ մնացյալ հանգամանքներից, թուրք հասարակությունը վախենում է երկրի քրիստոնեականացումից, այդպիսով նաեւ «թուրք ինքնության կորստից»:
Այս ֆոբիայի ձեւավորման հարցում ազդեցություն ունեն նաեւ պատրիարքարանները, որոնք Թուրքիայիում դիտարկվում են որպես արտաքին ուժերի կողմից Թուրքիան մասնատելու սպառնալիք: Յորուքի բացատրությամբ, քրիստոնեականացման վախի հիմքում Օսմանյան կայսրությունից ժառանգություն մնացած բազմազգ, բազմակրոն հասարակության մերժումն է ու վախը, որ այդ մերժվող հասարակությունը կարող է վերադառնալ:
Իսկ որ Թուրքիայում Սեւրի պայմանագրի առնչութամբ եւս ֆոբիա կա, գաղտնիք չէ: Ըստ Յորուքիՙ նման մի վախ էլ ձեւավորվում է Եվրոմիությանն անդամակցության մերձեցմանը զուգահեռ, քանի որ թուրք հասարակությունում դա ներկայացվում է որպես Թուրքիան Քուրդիստանի եւ Հունաստանի միջեւ բաժանված տեսնելու հեռանկար:
Միավորում է թուրք հասարակությանը նաեւ վախը արտաքին ուժերից: Այս համատեքստում Զաֆեր Յորուքը բերեց երկու օրինակ, որ առավել ցայտուն ցույց են տալիս թուրք հասարակության վերաբերմունքն ու գնահատականը հարեւանների ու ընդհանրապես արտաքին քաղաքականության առումով: Ըստ այդմ, դեռեւս 1941-ին ծայրահեղ աջ ուժերի հիմնադիր Նիհալ Աթսիզն իր որդուն ուղղված «պատգամում» գրում է. «Հետեւիր իմ խորհրդին ու լավ թուրք եղիր: Կոմունիզմը մեր թշնամու մասնագիտությունն է: Լավ իմացիր դա: Հրեաները բոլոր ազգերի թաքուն թշնամին են: Ռուսները, չինացիները, պարսիկները եւ հույները մեր պատմական թշնամիներն են: Բուլղարացիները, գերմանացիները, իտալացիները, անգլիացիները, ֆրանսիացիները, արաբները, սերբերը, խորվաթները, իսպանացիները, պորտուգալացիները, ռումինացիները մեր նոր թշնամիներն են: Ճապոնացիները, աֆղաններն ու ամերիկացիները մեր ապագա թշնամիներն են: Հայերը, քրդերը, կիպրացիները, աբխազները, բոսնիացիները, ալբանները, լազերը, լեզգիները, վրացիները, չեչենները մեր ներքին թշնամիներն են: Շատ կարեւոր է, որ պատրաստ լինես պայքարելու այսքան շատ թշնամիների դեմ»:
Թվում է, թե 1941-ը բնավ էլ մոտ չէ, սակայն, ըստ Յորուքի բերած օրինակների, այսպիսի մտածելակերպը արդիական էր անգամ 70-ականներին, ու դեռ տարբեր վախերի տեսքով առկա է հասարակության կյանքում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ