«Ազգը» տեղեկացրել էր, որ անցած շաբաթ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն դոկտոր Զավեն Եկավյանին հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւըՙ «Ոսկե մեդալ», եւ հանդիպման ժամանակ խոսվել է առաջիկա համագործակցության ծրագրերի շուրջը: Երեկ նախարար Հասմիկ Պողոսյանն ու դոկտոր Զավեն Եկավյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրՙ մշակույթի եւ արվեստի բնագավառում համագործակցության մասին:
Այնուհետեւ դոկտոր Եկավյանը հանդիպեց լրագրողների հետ ու մանրամասն ներկայացրեց այն չորս ոլորտներըՙ ժառանգության պահպանման, ժամանակակից արվեստ, մշակութային, կրթության եւ գրահրատարակչության, որոնց շուրջը կլինեն հուշագրում տեղ գտած համագործակցության աշխատանքները:
Զավեն Եկավյանը անդրադառնալով հուշարձանների պահպանության խնդրին ասաց. «Մենք պետք է շարունակենք այն գործը, ինչը սկիզբ է դրվել Գալուստ Գյուլբենկյանի ստորագրած կտակի համաձայնՙ 1955-ին Էջմիածնի վանքի զանգակատան ու նաեւ վերանորոգման աշխատանքներով: Հետեւաբար պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնման, ուսումնասիրությունը եւ հարակից աշխատանքները մեր համագործակցության մի մասն են կազմելու»:
Անդրադառնալով Ժնեւի, Օքսֆորդի, Լիոնի եւ այլ համալսարաններում ստեղծված Հայագիտական ամբիոններին, պրն Եկավյանը նշեց. «Սա մեր պարտականությունն է մայր հողում նպաստել գիտական հրատարակությունների շարունակությանը: Միաժամանակ պիտի քաջալերենք մշակույթի տարբեր ոլորտներում երիտասարդ կադրերի ուսումնառությունը արտերկրի առաջատար մշակութային ուսումնական հաստատություններում»:
Նշենք նաեւ, որ կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել համատեղ ծրագրեր իրականացնել 2012 թ. հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների, ինչպես նաեւՙ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Երեւանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ