«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2010-09-02 | #159, 2010-09-03 | #160, 2010-09-04


ՀԱԿ-ՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ. ՆՎԱՃԵԼՈՒ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու դիմումը քաղաքապետարանը մերժել է:

ՀԱԿ-ում դա բնութագրում են ապօրինի ու մտածում Ազատության հրապարակը վերանվաճելու մասին: Սակայն մինչ նվաճման գործընթացի մեկնարկը նրանք իշխանությանը բանական ժամկետ կտան հարցը լուծելու համար: Թե բանական ժամկետները որո՞նք են եւ ե՞րբ են ավարտվելուՙ Զուրաբյանը չմանրամասնեց: Սեպտեմբերի 17-ի հանրահավաքն էլ կանցկացնեն իրենց ավանդական վայրում` Մատենադարանի դիմաց, այդ ընթացքում ամենօրյա հայտեր կներկայացնեն Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու համար, դատական կարգով կվիճարկեն հանրահավաքը մերժելու որոշումներն ու միջազգային կառույցներին դիմումներ կգրեն:

Ինչպես միշտ, այս անգամ էլ հանրահավաքից առաջ Զուրաբյանը խոստացավ անակնկալներ, վճռականություն, պայքար: Գլխավոր ինտրիգն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն է, որի խոսքում կլինեն անակնկալներ, նոր շեշտադրումներ: Հերթական վճռական հանրահավաքից հետո պայքարը կստանա նոր ընթացք, որովհետւ այժմ ընդդիմության ձեռքերն ավելի ազատ են: Իշխանությունն, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, հայ-թուրքական հարաբերությունների օրինակով արտաքին նախաձեռնությամբ հանդես չի գալիս, որը կպայթեցներ ավանդական պատկերացումները, կշեղեր հասարակության ուշադրությունն ու օրակարգը կձեւավորվեր դրա շուրջը: Հետեւաբար, երբ օրակարգային խնդիրներ չկան, ապա ՀԱԿ-ն ավելի ազատ է գործելու: Սակայն պետք է հավելենք, որ նախորդ տարի, ինչպես իրենք են ասում, ՀԱԿ-ն ավելի ազատ չէր գործում, որովհետեւ իրենց ներսում համախմբված քաղաքական ուժերը բոլորի ու ամեն ինչ կապակցությամբ տարբեր կարծիքներ ունեին, որոնք հաճախ առաջնորդի տեսակետին չէին համապատասխանում, եւ այդ ժամանակ իշխանության համար պայքարելու փոխարեն նրանք սկսում էին ներսում իրենց գաղափարական հարցերը լուծել: Սակայն ՀԱԿ-ում արված «չիստկաներից» ակնհայտ դարձավ, որ այստեղ խոսում է մեկը, մնացածը լսում եւ ծափահարում են. նման միջավայր պահպանվում է նաեւ այլ կուսակցություններում:

Անդրադառնալով սպասվող երրորդ ուժի ձեւավորմանն ու այդ ֆոնի վրա Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադարձին, Զուրաբյանն ասաց, որ երկու տարի այդ խոսակցությունները լսում է, բայց ուժն այդպես էլ չի ստեղծվում: Ընդհանուր առմամբ ՀԱԿ-ում հանգիստ են վերաբերվում նոր ձեւավորվող ուժի վերաբերյալ խոսակցություններին:

Եթե ուժն իրենց կաջակցի բռնապետության դեմ պայքարում, ապա կողջունեն, իսկ եթե ծառայի բռնապետության դեմ պայքարը շեղելուն, կբացահայտեն նոր ուժի դեմքն ու ամեն ինչ կասեն դրա մասին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4