«Նարեկացի արվեստի միության» սրահում սեպտեմբերի 2-ից ցուցադրվում են Թեհրանի «Ակունք» կենտրոնի աշակերտների նկարչական աշխատանքներըՙ մաքուր, անաղարտ գունային աշխարհ, որտեղ հեղինակների ինքնարտահայտությունը բնությանը ներդաշնակ լուռ երկխոսություն էՙ գեղեցիկ բնապատկերներՙ տարվա եղանակների ու ծաղիկների:
1998 թվականն էր, երբ թեհրանահայ Մարթա Հովսեփյանին կյանքի հանգամանքները մղեցին ձեռնարկելու մարդասիրական մի ծրագիր, որի շարունակությունն իսկապես օգտակար եղավ եւ իրեն եւ շատ ուրիշների: Նա իր շուրջը համախմբեց այն ընտանիքներին, որտեղ մարմնա-մտային խանգարումներով երեխաներ կան: Մարթանՙ բարեժպիտ ու տաք մի անձնավորություն, կարողանում է համոզել շատերին, որ երեխաներին մանկատուն ուղարկելու փոխարեն, կարելի է ստեղծել մի կառույց եւ զբաղվել նրանց կրթությամբ, եւ որովհետեւ դժվարությունները մարդու համար են եւ հաղթահարողն էլ մարդն է: Իսկ այդ երեխաները մյուսների պես կարիք ունեն ինքնարտահայտվելու եւ հասարակության իրավահավասար անդամներ են:
Թեհրանահայ ազգային եւ հոգեւոր իշխանությունների աչքից չվրիպեց Մարթայի ձեռնարկած աստվածահաճո գործը: Նրանց տեղ հատկացվեց Թեհրանի Սբ Աստվածածին եկեղեցու բակում: «Ակունք» մարմնա-մտային խանգարումներով հայ անհատներին օժանդակող կենտրոնՙ այսպես անվանվեց Մարթայի մարդասիրական ծրագիրըՙ դառնալով հաշմանդամների հարազատ վայրը, որտեղ նրանց ուսման համար ստեղծվեցին բավարար պայմաններ: Առավոտյան ժամը 8-ից մինչեւ 16-ը, շաբաթական 5 օր այստեղ հաճախում են 5-ից 46 տարեկան շուրջ 34 իրանահայեր: Այստեղ կան ֆիզիոթերապիայի, մտային զարգացման ուսուցիչներ, լոգոպետներ, փորձում են նաեւ զարգացնել նրանց գեղարվեստական ունակությունները, ինտեգրել հանրությանըՙ որպես լիարժեք անդամներ: Մասնակցությունը երաժշտական, պարային, թատերական, նկարչության, խեցեգործության դասընթացներինՙ հղկում է նրանց գեղագիտական զգացողությունները: Կենտրոնը հաճախակի է կազմակերպում մշակութային ձեռնարկներ, ցուցահանդես-վաճառքներ:
«Ակունքի» 7 աշակերտ եւ 4 ուսուցիչ այս օրերին Երեւանում են , նրանց սիրով հյուրընկալել է «Նարեկացի» արվեստի միությունը, որտեղ բացված նկարչական ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 8-ը, իսկ Շուշիումՙ ամսի 11-14-ը:
Մարթա Հովսեփյանը շնորհակալ ու աստվածահաճո գործ է կատարում: Տեսնել էր պետք այս երեխաների ուրախությունը հանդիսատեսի ջերմությունից եւ ուշադրությունից, սրահի պատերին իրենց նկարների ներկայությունից, հյուրասիրությունից: Տեսնել էր պետք ու խորհել նաեւ, մանավանդ թեհրանահայ համայնքի պատգամավոր Գեւորգ Վարդանյանի խոսքից հետո: «Շնորհակալ եմ այս մարդկանց, ովքեր այլ հայացքով են աշխարհին նայում: Իմ կարծիքով, մի փոքր դաժան է հնչում այդ բառը (նկատի ունիՙ մարմնա-մտային խանգարումները): Կնախընտրեի այդ խանգարումները, չակերտների մեջ տեսնել: Որովհետեւ «խանգարված-չխանգարված», «առողջ-վատառողջ», «լավ-վատ», «բարի-չար» եւ բոլոր այսպիսի բառերը, որոնց մարդիկ իշխանություն են տալիս, հարաբերական են: Այսօր շատ խանգարված ղեկավարներ զլանում են իրենց նախնական պարտականությունը կատարել իրենց համայնքների հանդեպ: Շատ առողջ համարվածներ գործում են ոճիրներ, որ ամենաչակերտյալ խանգարվածի մտքով անգամ չի անցնի: Շատ պատասխանատու եւ գնահատելի աշխատանք են տանում ուսուցիչները, մարզիչները, ովքեր փորձում են հասկանալ նրանց եւ աշխարհին նայել նրանց աչքերով»:
«Ակունք» կենտրոնն աշխատում է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Սեպուհ արք. Սարգսյանի հովանավորությամբ: Իր բյուջեն գոյանում է տեղի համայնքի նվիրատվություններից եւ ցուցահանդես-վաճառքներից:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ