«21-ի հեռանկարներ» 11-րդ միջազգային երաժշտական փառատոնն աշնանային համերգաշրջանը կսկսի նորՙ «Երեւանյան հեռանկարներ» անունով եւ սեպտեմբերի 22-ին ու 23-ին Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներով: Անվանափոխությունը պայմանավորված է Եվրոպական փառատոների միությանն անդամակցությամբ, ինչը ենթադրում է, որ փառատոնն այս կամ այն քաղաքի անունով կոչվի, իսկ երկրորդըՙ նախորդած համերգներով նախանշված մակարդակը այլեւս երբեք, անգամ փոքր ինչ չիջեցնելու սկզբունքով:
Աշխարհահռչակ նվագախմբի համերգներում հանդես կգան հռչակավոր օպերային մեներգիչներ Հասմիկ Պապյանն ու Բարսեղ Թումանյանը , ինչպես նաեւ դաշնակահար Բորիս Բերեզովսկին :
Անդրադառնելով արդեն «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնին, Բարսեղ Թումանյանը նշեց. «Փառատոնը դարձավ փոքր երկրի մեծ ցանկությունների իրականացման դաշտ: Իսկ այդ ցանկությունների իրականացումն էլ նպաստում է ազգի առողջացմանը, քանի որ ներկայացվում է բարձրակարգ, դասական արվեստ»:
«Ազգային պատկանելությունս որոշիչ չէ այս փառատոնին մասնակցելուս հարցում: Պարզապես գիտեմ, որ նշյալ համերգը պրոֆեսիոնալ առումով ոչնչով չի զիջի լավագույն, հեղինակավոր դահլիճներում տեղի ունեցողներին», տեղեկացրեց Հասմիկ Պապյանը:
Իսկ փաստը, որ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է գալու Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ապացուցում է հայաստանյան արվեստագետների համաշխարհային մակարդակը:
Ն. Պ.