Գյումրու հատուկ կարիքներով կանանց «Ագաթ» կենտրոն հասարակական կազմակերպությունը ստեղծել է ժեստերի լեզվի էլեկտրոնային բառարան` նախատեսված լսողության խնդիրներ ունեցող անձանց, հատկապես պատանի ու երիտասարդ տղաների եւ աղջիկների համար:
Ինչպես նշվեց այս բառարանի (տեսասկավառակի) սեպտեմբերի 2-ին կազմակերպված շնորհանդեսի ժամանակ, այսօր Հայաստանում 3500-4000 մարդ լսողության խնդիրներ ունեն, որոնցից 200-ը ապրում են Գյումրիում: Նրանք զրկված են մշակութային կյանքին լիարժեք մասնակցելու իրավունքից, ունեն հաղորդակցման եւ այդ պատճառով նաեւ կրթական, տեղեկատվական, առողջապահական լուրջ խնդիրներ: Առավել եւս, որ նրանցից եւ նրանց հետ անմիջաբար շփվողներից շատերը ժեստերի լեզվին հարկ եղած կերպով չեն էլ տիրապետում: Ամբողջ Հայաստանում կա այդ լեզվով ուսուցանող երկու դպրոց` միայն Երեւանում, եւ շատ քիչ ընտանիքներ են ի վիճակի իրենց երեխաներին ուղարկել այնտեղ սովորելու: Հայաստանում առաջին այս էլեկտրոնային բառարանը նման անձանց օգնելու մի գնահատելի քայլ է, եւ ծրագիրը, որի շրջանակներում այն իրականացվել է, այդպես էլ կոչվել է` «Մեկ քայլ առաջ»: Ծրագիրն իրականացվել է Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Էլեկտրոնային բառարանը պարունակում է մոտ 280 ժեստեր` հայերեն բառերով եւ դրանց առկա հոմանիշներով ու հականիշներով բացատրությամբ, ներկայացված են նաեւ հայկական այբուբենը, թվերը` մինչեւ միլիոն, հայերեն «Հայր մեր»-ը:
Բառարանի 300 օրինակները կտրամադրվեն այն հասարակական եւ այլ կազմակերպություններին ու անձանց, ովքեր դրա կարիքն ունեն, իսկ նման պատվերներ արդեն ստացվել են Էջմիածնից, Երեւանից, Գյումրիից: Կարծում ենք` օգտվողների թիվն ավելի մեծ կարող է լինել, եթե բառարանը տեղադրվի նաեւ «Ագաթ» ՀԿ-ի էլեկտրոնային կայքէջում:
Ի դեպ, «Ագաթ» կենտրոնի երիտասարդ սաներից մի խումբ տղաներ ու աղջիկներ նաեւ պարում ու երգում են ժեստերի լեզվով: Կենտրոնի պատասխանատուների տեղեկացմամբ` նրանք Սիլվա Հակոբյանի հրավերով հոկտեմբերի 16-ին մասնակցելու են երգչուհու մենահամերգին, որտեղ հանդես են գալու են վալսով:
Գ. Մ.