Մինչեւ ե՞րբ...
ԵԱՀԿ գագաթաժողովին ընդառաջ Մինսկի խմբի միջնորդ համանախագահները ակնկալում են առավել մեծ ակտիվություն ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում: ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության համաձայնՙ Մինսկի խումբը հերթական տարածաշրջանային այցելությունը մեկնարկել է երեկ Բաքվից:
Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) Բաքվից հետո մինչեւ սեպտեմբերի 10 կլինեն Երեւանում եւ Լեռնային Ղարաբաղում` քննարկելու «զինադադարն ամրապնդելու համար անհրաժեշտ լրացուցիչ քայլերը, աջակցելու բոլոր կողմերի փոխզիջումային մթնոլորտին, վերջնական տեսքի բերելու հետագա գործողությունների պայմանները»:
Սեպտեմբերի 13-18-ը համանախագահները կմեկնեն Վաշինգտոն, ապա Նյու Յորք` կողմերի հետ աշխատելու Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Այդուհետեւ, սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում Մինսկի խմբի համանախագահները կվերադառնան տարածաշրջան` «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում մարդասիրական իրավիճակի գնահատման դաշտային առաքելությունն իրականացնելու համար»: Այս հարցն, ըստ հայտարարության, արդեն իսկ քննարկվել է կողմերի հետ վերջին ամիսների ընթացքում, ընդ որում, համաձայնեցվել են նաեւ առաքելության իրականացման սկզբունքները դեռեւս մինչեւ ամառ ընկած ժամանակահատվածում:
«Բարձրակարգ խորհրդատուների եւ փորձագետների խումբը, որ կներառի նաեւ Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներին, առաքելության իրականացման ժամանակ կմիանա համանախագահներին», նշվում է համանախագահների հայտարարության մեջ, շեշտադրմամբ, որ այս առաքելությունը կլինի առաջին միջազգային առաքելությունը նշված տարածքներում 2005-ի սկզբներին իրականացված ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունից հետո:
Այս առաքելության իրականացումից հետո համանախագահները ծրագրում են արդյունքները ներկայացնել արդեն Վիեննայումՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների հանդիպմանը, որից հետո Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարեկան հաշվետվությունը կներկայացնեն ԵԱՀԿ մշտական խորհրդին` «կողմերի հետ ակտիվորեն նախապատրաստվելով Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին»:
«Ակտիվ այս գործունեության ընթացքում համանախագահները բոլոր կողմերին կոչ են անում խստորեն պահպանել զինադադարը եւ տեղերում զսպվածություն ցուցաբերել, ամեն մի ջանք գործադրել առաջընթացի համար անհրաժեշտ փոխզիջումն արագացնելու համար, զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից եւ լուրջ երկխոսության մեջ ներգրավվելու քաղաքական կամք ցուցաբերել», ասված է հայտարարության մեջ` նկատի ունենալով վերջին շրջանում ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետեւանքները, ցավոք, առանց հասցեատիրոջ ներկայացնելով իրավիճակը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շփման գծի երկայնքով տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ դատապարտել են զինադադարի յուրաքանչյուր խախտում, հատկապես «շփման գծից այն կողմ ներխուժումները», ափսոսանք են հայտնել մարդկային զոհերի առնչությամբ: Հայտարարությունը կրկին հիշեցնում է Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳ նախարարների հայտարարությունը, որում նշված էր, որ առկա իրավիճակը ուժի կիրառման արդյունք է, եւ եւս մեկ անգամ ուժի կիրառումը կբերի տառապանքի, ավերածության եւ սերունդների կտրվածքով հակամարտության ու թշնամանքի երկարացման:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ