Մայր աթոռը նույնպես չի մասնակցի պատարագին
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը` հաշվի առնելով թուրքական իշխանությունների որոշումը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու կապակցությամբ, չեղյալ է հայտարարել եկեղեցում մատուցվելիք պատարագին երկու հոգեւորականների մասնակցությունը.
«Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով ու ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիո իշխանությունները անհիմն պատճառաբանությամբ հետաձգում են: Մայր աթոռին վստահեցրել էին, որ օծված խաչը եեղեցու գմբեթին պետք է կանգնեցվեր մատուցվելիք պատարագից մեկ շաբաթ առաջ: Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը առկախում է երկու հոգեւորականների մասնակցությունը եկեղեցում մատուցվող սրբազան պատարագի արարողությանը», ասված է «Ազգ» -ին ուղարկված պաշտոնական հաղորդագրության մեջ:
Մի քանի օր առաջ Youtube կայքում հայտնվեց տեսագրություն, որտեղ թուրք ոստիկանները Սուրբ Խաչ եկեղեցում արգելել էին հայ երիտասարդ ուխտագնացներին երգել շարական, ընդհատել էին աղոթքը, նրանց հրելով դուրս էին հանել եւ ոտքերով հանգցրել ծխացող խունկը: Այս կերպ թուրքական իշխանություններն իրենց անհանդուրժողականությունը ցուցաբերեցին հայերի ու քրիստոնեության նկատմամբ: Այժմ նրանց պատճառաբանությունը, որ Սուրբ Խաչի վրա խաչը չի տեղադրվելու տեխնիկական պատճառներով, պատռում է նրանց դեմոկրատ դիմակն ու բացահայտում հերթական անհաջող շոուն:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը թուրքական պատճառաբանությունը համարում է ծաղր: «Հսկայական թուրքական պետությունը չի՞ կարողանում 200 կգ խաչը տեղադրել», զարմանում է նա` պատճառաբանությունը որակելով թուրքական իշխանությունների ամենաանհաջող եւ պարզունակ քայլը:
Մելքոնյանը համոզված է` իրական պատճառներն ավելի լուրջ են: Գլխավորը` սեպտեմբերի 12-ին Թուրքիայում անցկացվելիք սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն է, որին դեմ են երկրի ընդդիմադիր ուժերը: Թուրք հասարակության մեջ խաչի տեղադրումը բացասական ազդեցություն կունենա, եւ իշխանությունների վարկանիշը կընկնի:
Հուշարձանագետ Սամվել Կարպետյանն ընդգծում է, որ մինչ պատարագի մատուցումը եկեղեցին պետք է օծվի, քանի որ վեմ քարը պղծված է: «Մինչեւ վերականգնելը վեմ քարը չկար, իսկ խորանը տակնուվրա վիճակում է: Առանց օծման եկեղեցում պատարագ չեն մատուցում», ասաց նա` հավելելով, որ վեմ քարը հուշարձանի առանցքային դրվագն է համարվում: Կարապետյանի մատուցմամբՙ եկեղեցու խորանը սալահատակ է, այսինքնՙ թուրքական կողմը չի նախատեսել, որ այնտեղ երբեւէ վեմ քար պետք է կանգնեցվի:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշում է, որ Թուրքիան չի փոխվել, միեւնույն շղթայի շարունակությունն են Սուլթան Համիդի ու Էրդողանի գործողությունները: «Թուրքական հրավերի կարիքը չենք զգում Սուրբ Խաչ այցելելու համար: Սա ծաղր է եւ ամոթ: Չենք ցանկանում պատարագ մատուցել թուրքական դրոշի եւ Մուստաֆա Քեմալի սֆաթի ներքո»:
ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի ներկայացմամբՙ ցեղասպանություն իրականացնողներն այժմ էժանագին շոու են կազմակերպել եւ փորձում են հայերի հետ բարեկամանալ: «Այս դիրքորոշումը համեմատում եմ մարդասպանի մոտեցման հետ, որ սպանել է մեր ծնողներին եւ այսօր հրավերք է կատարում, եւ առաջարկում մոռանալ ամեն ինչ»: Սաֆրաստյանը պատմում է, որ հատկապես Մայր աթոռի տարածած հաղորդագրությունից հետո Հայատանում եւ Սփյուռքում շատերն են հրաժարվել մասնակցել պատարագին:
«Մեկ օրով եկեղեցի չի լինում»: Սա էլ Հանրային խորհրդի կրոնի հանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի տեսակետն է: Նա համոզված է, որ թուրքական իշխանությունները նպատակ ունեն նաեւ պատարագի միջոցով բացահայտելու թրքացած կամ քրդացած հայերին, եւ հայի եկեղեցասիրական զգացմունքներով լարախաղացություն են անում:
«Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի» նախագահ Ավիկ Մարությանը պատարագին մասնակցությունը բնութագրում է կուրություն:
«Գնալու ենք մեր տուն, սակայն խեղճուկրակ կանգնելու ենք շեմին եւ լուռ տեսնենք թե ով է իրական տանտերը: Մինչդեռ իրական տանտերը չի կանգնում դռան շեմին եւ սպասում պատարագ մատուցելու թույլտվության»:
ԳԱԱ պատմության ինստիտուտում վեց հայրենակցական միություններ հայտարարություն են տարածել` կոչ անելով չմասնակցել պատարագին, որովհետեւ հայի խաչով եւ պատարագով հային նվաստացնելու են եւ այդ խաչն ու պատարագը ծառայելու են, որ Արեւմտյան Հայաստանի հազարավոր եկեղեցիներ մշտապես մնան ավերված, անխաչ եւ անպատարագ:
Հ. Հ.