Իլհամ Ալիեւի նախագահության տարիներին կայունությունն Ադրբեջանում մեծացել է, սակայն դա ի հաշիվ իշխանության միահեծան կառավարման: Ադրբեջանում տնտեսությունը խթանվում է նավթային միջոցներով, մարդու իրավունքները ոտնահարվում են, իշխող էլիտան գերիշխում է ամենուր, Ալիեւ կրտսերի կողմից էլ հասարակության վերահսկողությունն առավել բարձր է, քան նրա հոր ժամանակ:
Միջազգային ճգնաժամային խմբի` Ադրբեջանի մասին «Ադրբեջան` խոցելի կայունություն» վերնագրված զեկույցի համաձայն, այդ երկրում թույլ է ընդդիմությունը, գրեթե բացակայում են անկախ լրատվամիջոցները, իսկ միջազգային հանրությունն էլ իշխանության վրա ճնշման լծակներ չունի: Ադրբեջանական իշխանություններն, ըստ զեկույցի, ճնշում են բողոքի բոլոր ակցիաները, կա գրաքննություն: «Ադրբեջանի նավթային եկամուտների պակասելու դեպքում առկա կայունությունը կվտանգվի, ուստի անհրաժեշտ են բարեփոխումներ», ասվում է զեկույցի ընդհանուր մասում:
ՄՃԽ-ն իր առաջարկություններում, ի շարս այլ առաջարկների, միջազգային կազմակերպություններին` ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, Եվրոմիությանն առաջարկում է Ադրբեջանի հետ հարաբերություններում որպես գերակայություն դիտարկել մարդու իրավունքների խնդիրը:
Զեկույցում նկարագրվում է Ալիեւ կտրսերի իշխանությունը որպես ավտորիտար` Հեյդար Ալիեւի կուռքի գաղափարախոսությամբ, ավելի շուտ հիշեցնելով ֆեոդալական միջավայր: Ընտրություններն, ըստ զեկույցի, Ադրբեջանում ամեն անգամ պակաս ժողովրդավարական են անցնում, քան նախորդները: Թերեւս հարեւան Թուրքիայի` Ադրբեջանի մեծ եղբոր համար նորություն չէ, բայց հաստատ ուրախալի էլ չէ, որ ՄՃԽ-ի զեկույցի համաձայն, Ալիեւ կրտսերի անվտանգության ծառայության ղեկավարը վերահսկում է քրդերին ու «նրանց միջոցով կապ ունի Քրդական բանվորական կուսակցության հետ»:
«Կոռուպցիան հիմնական եկամուտն է ու պետական կառավարման հիմնական համակարգը», ասված է զեկույցում:
Ա. Հ.