«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2010-09-03 | #160, 2010-09-04 | #161, 2010-09-07


ԿԱՏԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԼՐՋԱՆԱԼ Է ՀԱՐԿԱՎՈՐ

Հայաստանի հանրությունը չափից ավելի համբերատար է, բայց ոչ անհարկի զվարճասեր

Հայ ներկայիս իրականությունում անհարկի ու անտեղի կատակազվարճասիրությունը հաճախ է զգալ տալիս: Այսինչ քաղաքը համաշխարհային նշանակության տեխնոպարկի ենք վերածելու, իսկ այնինչը բանկային նոր Սինգապուրի, երրորդըՙ զբոսաշրջային Նեապոլի, չորրորդը` նորօրյա ազատ տնտեսական գոտու: ՀՀ բարձրագույն իշխանական այրերից հնչող այսօրինակ հայտարարությունները հանրությունը երբեմն կատակազվարճասիրություն է որակում, քանզի երկրում լուծված չեն շատ առավել պարզագույն խնդիրներ` մարդկանց աշխատելու ու բավարար սնվելու, հանգստանալու ու ապահով ծերության հարցերը:

Օրերս հայաստանյան հանրությունը ականատեսն ու ունկնդիրը դարձավ հերթական մի ցնցող հայտարարության: Հայ-թուրքական սահմանը բացելու ջատագով որոշ հայ գործարարներ տեղեկացրին, որ իրենք ի զորու են հարեւան երկիր մսի արտահանում իրականացնել: Ցավոք չասվեց, թե որ տեսակի մսի մասին է խոսքը: Եթե դիտարկենք հայաստանյան մսի վաճառքի կետերում առկա արտադրանքը, այստեղ գերակշռում է խոզի միսը, հիմնականում ներմուծված: Բայց թուրքերը այս մսատեսակից հրաժարվել են դարեր առաջ եւ մինչ օրս որեւէ հետաքրքրություն չեն ցուցաբերում այդ կենդանու հանդեպ: Ռադիոկայաններից մեկով ելույթ ունեցած գործարարներից մեկը մսի արտահանումը իրատեսական ներկայացնելու նպատակով նաեւ հետեւյալ թվերը հիշատակեց. ՀՀ-ում 600 հզ. գլուխ խոշոր եղջերավոր կա, Թուրքիայում` 10 մլն գլուխ: Ակնարկը հետեւյալն էր. Հայաստանում 5 բնակչի հաշվով է խոշոր եղջերավոր պահվում, Թուրքիայումՙ 8, ասել է թեՙ մեր վիճակը գերադասելի է, եւ քանզի ավելցուկ ունենք, ինչո՞ւ չարտահանենք ու շահ չստանանք: Թվում էՙ առարկելու տեղ չկա:

Բայց այ քեզ բան: Այս պարագայում ինչպե՞ս գնահատել հայ հանրության այն հատվածի մոտեցումը, ըստ որի հայ-թուրքական սահմանի բացումը կհանգեցնի արդյունավետ գործող թուրքական գյուղատնտեսության արտադրանքի հայկական շուկան հեղեղելուն, որը ուղղակի կործանարար կլինի Հայաստանի գյուղոլորտի համար: Այս տեսակետի կողմնակիցները մշտապես են ընդգծում, որ հայկական շուկայում այսօր իսկ երրորդ երկրների միջնորդությամբ հայտնվող մրգերն ու բանջարեղենը, չրերն ու հատիկաընդեղենները, այլ սննդատեսակները թուրքական ծագում ունեն, որոնց ուղղակի ներկրումները էապես կնվազեցնեն մանրածախ շուկայում դրանց գները: Որ այս փաստարկումներն առարկայական են, կարծես դժվար է չնկատել:

Այս պարագայում բարի եղեք պատասխանել. որտե՞ղ է մսի այն քանակը, ընդունենքՙ ակնկալվող խոշոր եղջերավորի, որը նախատեսվում է արտահանել: Եթե դա հիշատակվող առկա 600 հզ. խոշորի գլխաքանակն է, որի կեսը կովեր են, դրանք դժվար է արտահանման պահանջները բավարարող մսատեսակ համարել, քանզի ՀՀ-ում պահվող խոշոր այդ եղջերավորները առավել հաճախ այլ երկրներում պահվող լավ կերակրված ոչխար ու այծ են հիշեցնում: Աշխարհում արտահանվում է անասունի մսատու տեսակը, խոշորի պարագայում` 700-800 կգ-ից բարձր քաշ ունեցող, որպիսի գեթ 1 կենդանի Հայաստանում չեք գտնի: Թուրքիա հայաստանյան մսի արտահանման ջատագովներից մեկը հիշատակեց այստեղ հեռավոր Ուրուգվայից հասցված ոչխարի 14 հազար գլխաքանակի մասին. ակնարկը հասկանալի է: Բայց առաջարկության հեղինակը պարզապես չնշեց Ուրուգվայի ու ՀՀ-ի հնարավորությունները: 3,5 մլն բնակչություն ունեցող այդ երկրում վերջին տարիներին պահվում է 10 մլն գլխից ավելի ոչխար, երկրի մերձհասարակածային բնակլիմայական պայմանները թույլ են տալիս անասնագլխաքանակը շուրջ տարին պահել արոտային կանաչ տարածքներում, որն էլ արդյունավետ գյուղգործունեություն է երաշխավորում: Այս անասնատեսակի կողքին երկիրը 12 մլն գլխից ավելի խոշոր ունի, 250 հազար խոզ, 14 միլիոն հավ: 2007-ին երկիրը տավարի մսի 570 հզ. տոննա արտադրությամբ համաշխարհային դասակարգման ցուցակում 21-րդն էր, երբ մենք հիմա անգամ այդ թվի 10 տոկոսը չենք արտադրում: Նման ցուցանիշների դեպքում խոսել ՀՀ-ից մսի արտահանման մասին, նշանակում է լրջագույնս վտանգել առանց այն էլ սասանված երկրի պարենային ծրագիրը, պատճառ դառնալ էապես պակաս տեղական մսի նոր թանկացման: Այսօր արդեն այն վաճառվում է եվրոպական սուպերմարկետներում վաճառվող 1 կիլոգրամը 4-5 եվրո գնից բարձր արժեքովՙ 2200-3000 դրամով: Եվ հարցըՙ արդյոք ՀՀ-ից մսի արտահանում կանխատեսողները, որոնց հիմնականում հարկ է իշխանական համակարգին մոտ կանգնածների մեջ տեսնել, չգիտե՞ն, որ դրա համար նվազագույնը պահանջվում է նախ երկրում մսատու անասնատեսակների որոշակի գլխաքանակ ունենալ, նոր մտածել դրա արտահանման մասին. հնչում է ինքնաբերաբար: Համաշխարհային գյուղոլորտում ընդունված է երկրի 2 բնակչի հաշվով 1 խոշոր կաթնամսատու ունենալը, ասել է թեՙ ՀՀ-ում պահանջվում են 1,5 միլիոն խոշոր եղջերավոր ու խոզ, սպառմանը համապատասխան համամասնությամբ: ՀՀ-ում պահվողը հազիվ 700 հազար է, այն էլ օրական 300-400 գրամ քաշաճով եւ տարեկան 1700-1800 լիտր կաթնատվությամբ, որպիսի մթերատվությամբ անասուններ աշխարհի շատ երկրներում, այդ թվումՙ Թուրքիայում, չեն պահվում:

ՀՀ առեւտրային ցանցը հեղեղված է աշխարհի 4 ծայրերից ներմուծված մսամթերքներով ու պարենային ապրանքներով, դրանց վերամշակումից ստացվող արտադրանքով: Կարելի է վստահ լինել, որ այս գործընթացին ամենայն ուշադրությամբ հետեւում է նաեւ թուրքական գործարար միջավայրը, պատրաստ երկրների միջեւ քաղաքական մթնոլորտի բարելավման պարագայում ուղղակի արտահանումներ իրականացնել ՀՀ: Այստեղ նրանց հնարավորությունները գրեթե անսպառ են: Հենց միայն վերջին տարիների արդյունավետ գյուղքաղաքականությամբ Թուրքիան դարձել է հավի մսի խոշոր արտադրողՙ այն հասցնելով 1 միլիոն տոննայի: Ստացվում է, որ մեր 25-ապատիկը բնակչությունն ունեցող երկիրը մեր 250-ապատիկ չափով հավի միս է արտադրում: Եվրոպայում գտնվելու ընթացքում տողերիս հեղինակին հաճախ է առիթ եղել գնելու թուրքական արտադրության այծի պանիրը, քանզի հայկական որեւէ պանրատեսակ եվրոպական սուպերմարկետներում չի վաճառվում: Փորձեմ հարցի պատասխանում օգտակար լինել: Թուրքիայում 6 մլն-ից ավելի այծ է պահվում, որը կերակրվում է լիարժեքորեն, ՀՀ-ում այծերի քանակը հազիվ 40 հազար է, այն էլ պահվում է զուտ այն փաստարկմամբ, որ այս անասնատեսակը ինքն է իր կերը հայթայթում սարուքարերի մեջ: 1 կգ-ը 7 եվրոյով վաճառվող այդ պանրատեսակը գնողներն իրենց երախտիքն են հայտնում թուրք պանրագործներին: Կարելի է վստահ լինել, որ այն հայաստանյան առեւտի ցանցում առավել ցածր գին կունենա, քանզի մեր սուպերմարկետներում դրա տեղական տարատեսակը կամ չկա, կամ ավելի թանկ արժե:

Տխուր իրողություն է, որ հայաստանյան շուկայում տեղական մսատեսակները բարձր գնի պատճառով հասու չեն 100-հազարավոր ընտանիքներին, դրանք զգալի թանկ են արտերկրներից ներմուծվողներից, որոնցով է արտադրվում երշիկեղենի ողջ, նաեւ անհայտ քանակը: Չէ՞ որ պաշտոնական վիճակագրության համաձայնՙ հայերս երշիկ գրեթե չենք օգտագործում, մինչդեռ առեւտրային ցանցում դրա ահռելի քանակներ ենք տեսնում. անհայտ ծագման այդ արտադրանքը մի շարք դեպքերում հարաբերական մատչելիության պատճառով սպառվում է հայ ընտանիքներում: Ինչպես ժողովուրդն է ասում` անճարն է կերել բանջարը:

Այո, հայաստանաբնակներս համբերատար ենք: Այսօր էլ այս զգացումով ենք ապրում, քանզի մեզ 2000-ականների սկզբին խոստացան, որ ՀՀ-ում ինքնաթիռներ են հավաքվելու, մի փոքր ուշ հույս ներշնչվեց, թե ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է եզրափակիչ դուրս գալ: Հետո եկավ 50000 եւ 100000-անոց թղթադրամների թողարկման պահը, երբ խոստումներ հնչեցին, թե դրանք կկանոնակարգեն ՀՀ ֆինանսատնտեսական համակարգը: Տարիներ ձգվող կատակազվարճանքի այս գործընթացի վերջը չի երեւում, որը հարկ է որ ավարտվի սթափվելու ու լրջանալու ունակությամբ, գյուղացուն թիկունք ու օգնական դառնալով, այլ ոչ` նրա անպաշտպան վիճակից ելնելով վերջին կովն էլ մսացու դարձնելով:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4