Հայերս մի շարք այնպիսի խնդիրներ ունենք, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը, դրա հետեւանք բազմամիլիոն Սփյուռքի գոյությունը, Արցախի հարցը, որ այդ հարցերին նետված մշակույթի միջազգային վարպետների հայացքը, նրանց հետաքրքրվածությունը դրանցով եւ ի վերջո այդ թեմաներով արվեստի գործերի ստեղծումը նման հարցերի քաղաքականացման եւ միջազգայնացման լավագույն միջոցները պետք է համարել: Որ մշակույթը այդ հարցերի բարձրացման եւ զանգվածների գիտակցությանը հասցնելու լավագույն միջոցներից է` կարծես ապացույցի կարիք չունի, հենց միայն Սերժ Թանգյանի վերջին համերգային տուրնեն Եվրոպայում դրա լավագույն ապացույցն է` միլիոնավոր մարդիկ դահլիճներում հուզվում էին ցեղասպանության թեմայով երգի բառերից, նրա երկլեզվյան «Ձեր կյանքին մեռնեմ»-ը մի ողջ գերատեսչության գործ է անում: Բայց եթե նման թեմաներ բարձրացնեն նաեւ աշխարհաճանաչ օտար մշակութային գործիչները` այդ դեպքում էֆեկտը հարյուր անգամ ավելի մեծ կլինի: Այս նախաբանի հարկը չէր լինի, եթե մեր թերթերից մեկ-երկուսը չհեգնեին աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի այցի հետ կապված որոշ պահեր: Դեպարդիեն, որ Հայաստան ու Արցախ էր եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ անցկացվող «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու, կարծես մեր վերեւի մտքերն ապացուցելով` մեծ հետաքրրություն դրսեւորեց հանդեպ Հայաստանն ու հայերը` հատկապես լրագրողների հետ հանդիպմանը նշելով, թե իր այցը Հայաստան կհետաքրքրի նաեւ Եվրոպայում գտնվող արվեստի մարդկանց, որ նրանք գան եւ ծրագրեր իրականացնեն Հայաստանում: Մանավանդ ինքն ուզում է նրանց Հայաստան բերելով` կինոփառատոն կազմակերպել, այդպիսով տարբեր ժամանակների հայ արվեստը եւս կներկայացվի փառատոնի միջոցով եւ շրջանակում: Եվ որ ավելի կարեւոր է, նա կարծես մտադիր է Հայաստանի պատմական որեւէ շրջանի մասին ֆիլմ նկարել, հայ դերասաններին եւս զբաղեցնելով այդ ֆիլմում: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշել է Հայաստանի բացառիկ աշխարհագրական դիրքի եւ պատմության մեջ նրա բաժին դերի մասին. «Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանամ մի ֆիլմ նկարահանել, որը պատմում է Հայաստանի մի ինչ-որ ժամանակաշրջանի մասին, ֆրանսահայ դերասանների հետ: Պատկերացրեք մի երիտասարդ հայի, որ ապրում է Ֆրանսիայում եւ երբեք չի տեսել Հայաստանը, որ Հայաստանը պատկերացնում է այնպիսին, ինչպիսին իրենց պատմություններում ներկայացրել են իր տատիկն ու պապիկը, նրանց նախնիները: Ի՞նչ են իրենք պատմել: Պատմել են ցեղասպանության մասին, այդ սարսափների մասին: Եվ ի՞նչ է տեղի ունենում, երբ, ենթադրենք այդ երատասարդ հայն ինձ բերում է Հայաստան եւ սկսում է Հայաստանն ինձ ներկայացնել այնպիսին, ինչպիսին ինքն է պատկերացնում: Սա արդեն բավարար է մի ֆիլմ նկարահանելու համար, ցույց տալու համար, թե Հայաստանն այսօր ինչպիսին է»:Նա նշել է, որ Ֆրանսիայում ծանոթ է բազմաթիվ հայերի, տեղյակ է, թե ինչո՞ւ են հայերն իր երկրում գտնվում. «Ես գիտեմ, թե ի՞նչ է նշանակում ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 1915 թվականին», ասաց նա` հավելելով, թե իրեն միշտ զարմացնում է, որ Ֆրանսիայում ապրող այս էլ չորրորդ սերնդի հայերը չեն մոռանում իրենց ավանդույթներն ու լեզուն, չնայած լավ գիտեն նաեւ իրենց ընդունած երկրի լեզուն: Այցելելով Հայոց ցեղասպանության հուշարձան` նա բավական տպավորվել էր, եւ անգամ ասաց, թե տեղյակ է, որ կան երկրներ, որոնք Թուրքիայի առջեւ հարց են բարձրացրել` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»: Իսկ որ ինքը բազմահազար երկրպագուներ ունի Հայաստանում` հանրահայտ դերասանն իհարկե զգացել է ամենուր, ուր նրան ջերմությամբ էին ընդունում, բայց այդ մասին նրան ասել է նաեւ Ազգային ժողովի նախագահը` սեպտեմբերի 4-ին ընդունելով, միաժամանակ խոսելով հայ-ֆրանսիական ամուր հիմքերի վրա եղող բարեկամությունից: Հ. Աբրահամյանը հիշել է նաեւ, որ Ֆրանսիան այն երկրներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (սա ասվել է Դեպարդիեի այցը Ծիծեռնակաբերդ բարձր գնահատելու համատեքստում): Ի դեպ, այդ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանն առաջարկել է հաջորդ «Կարոտ» փառատոնն անցկացնել Փարիզում, իսկ Դեպարդիեն էլ լինի այդ փառատոնի գլխավոր դերակատարներից: Մեծ դերասանը համաձայնել է սիրով ներկա լինել այդ փառատոնում:
Լրագրողների հետ խոսելով իր սիրած դերերի եւ գրողների մասին` Դեպարդիեն նկատել է, որ այդպիսի սիրելի դերեր կարելի է կերտել նաեւ հայ դասական գրականության կերպարներով եւ հատկապես ցեղասպանության վերաբերյալ գրականության հիման վրա:
Հայաստանի նախագահի հետ Դեպարդիեի հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանն ի դեմս Դեպարդիեի, ընդհանրապես հայ մշակույթի զարգացմանը նպաստող մարդկանց երախտագիտությունն է հայտնել` նշելով, թե հայերը հուզական ժողովուրդ են, մշակութասեր, ազգային ինքնության հիմքը մշակույթը համարող. «Այդ հիմքից, արմատներից մենք մշտապես ազդակներ ենք ստանում եւ այդ ազդակներով կարողանում ենք ապահովել մեր հարատեւությունը», ասել է Հայաստանի նախագահը: Դեպարդիեն էլ խոսել է այն մասին, որ հպարտ ու շնորհակալ է Հայաստանում գտնվելու համար եւ այստեղ ուղղակի իրեն հայ է զգում: «Տարիների ընթացքում հասցրել եմ ճանաչել Ֆրանսիայում ապրող բազմաթիվ հայերի, ովքեր 1915 թվականի ցեղասպանությունից հետո իրենց մշակույթի եւ գոյատեւման ունակության շնորհիվ կարողացան ապրել եւ վերակառուցել իրենց կյանքը: Ես ճանաչում եմ ֆրանսահայ համայնքի բոլոր զավակներին եւ զավակների զավակներին: Նրանք ռեժիսոր, բեմադրիչներ են, ինչպես Անրի Վեռնոյը, նրանք նկարիչներ են, ինչպես Ժանսեմը, երգիչներ, կոմպոզիտորներ են, ինչպես Շառլ Ազնավուրը: Այդ իսկ պատճառով սիրով պատասխանեցի Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի հրավերին` տեսնելով նաեւ ձեր երկրի պատկերները: Երբ երկիրն ունի այսպիսի խոր ավանդույթներ եւ այսպիսի հետաքրքրական աշխարհագրություն, նշանակում է, որ հայ մարդու բնույթը հանդուրժողական է, մեծահոգի եւ շատ հարուստ», ասել է հանրահռչակ ֆրանսիացի դերասանը:
Ժերար Դեպարդիեին ԱԺ նախագահը շնորհել է «Կարոտ-2010» փառատոնի մրցանակը, ինչպես նաեւ Հայաստանի ԱԺ պատվո մեդալ: Փառատոնը սեպտեմբերի 2-7-ը անցկացվում է Արցախում եւ Հայաստանում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ