«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2010-09-03 | #160, 2010-09-04 | #161, 2010-09-07


ՄԵԿ ՇԱԲԱԹ ՀԵՔԻԱԹԻ ՏՈՆ ԴՍԵՂՈՒՄ

  «Ազգը» տեղեկացրել էր, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում սեպտեմբերի 5-11-ը կանցկացվի ավանդական դարձած, երեխաների ու մեծերի ամենասիրված տոներից մեկըՙ «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային թատրոնների փառատոնը: Կիրակի առավոտյան Լոռու մարզում տոնական տրամադրություն էր տիրում: Իսկ Դսեղ գյուղի մուտքի մոտ Թումանյանի հեքիաթի հերոսների հագուստներով դպրոցականները ծաղիկներով, փուչիկներով դիմավորեցին փառատոնի մասնակիցներին եւ ուղեկցեցին գյուղի հրապարակ, որտեղ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի արձանի առջեւ հանդիսավորությամբ բացվեց փառատոնը: Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը ողջունեց փառատոնի մասնակիցներին եւ հյուրերին: «Բաց համալսարան» ինստիտուտից, որը նաեւ այս փառատոնի համահեղինակներից ու կազմակերպիչներից է, ողջույնի խոսք հղեց Դավիթ Ամիրյանը եւ խոստացավ երեխաների սիրված ու սպասված հեքիաթի տոնին մշտապես աջակցել: ՀՀ կառավարության անունից փառատոնի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը , որը իր տիկնոջ ու երկու զավակների հետ էր եկել մասնակցելու հեքիաթի տոնին, խոստացավ աջակցել փառատոնին, որ դառնա ամենամյա: Թումանյանի պատգամները կատարողներն ու շարունակողները տոնը շարունակեցին մեծ բանաստեղծի տուն-թանգարանին հարող հրապարակում, որտեղ գեղեցիկ զարդարված միջավայրը մեծերին հիշեցնում էր իր մանկությունը, մանուկներինՙ հեքիաթային ու կախարդական աշխարհը իր հերոսներով, տիկնիկներով, տիկնիկային ներկայացումներով, գրքերի ու տիկնիկների ցուցահանդեսներով: Ուրախ երգն ու պարը, խաղերը հաջորդում էին իրար, իսկ Դսեղի մշակույի պալատում չեխ տիկնիկային գործիչները փոքրիկներին հիացրին «Երեք խոզուկներ» հեքիաթի յուրօրինակ մեկնաբանությամբ:

Փառատոնի հետաքրքիր ծրագրերում էր նաեւ Շվեյցարիայից ժամանած օդապարիկի մասնագետը, որը երեխաների ցանկություններով լի զամբյուղը օդ բարձրացրեց, խոստանալով դրանք իրականացնել: Փառատոնի առաջին տոնական օրը եզրափակվեց գեղեցիկ ու շքեղ հրավառությամբ: Դեռ 6 օր աշխարհի տարբեր երկրներից, Երեւանից, ՀՀ մարզերից, Արցախից ու Ջավախքից ժամանած տիկ. թատրոնները ելույթներ կունենան, իսկ ավարտին լավագույնները կպարգեւատրվեն «Կարապետ» հայկական տիկնիկով, պատվոգրերով:

Փառատոնին մասնակցելուց զատ կառավարության ղեկավարը շրջեց Դսեղի փողոցներով, ծանոթացավ ու զրուցեց գյուղացիներին հուզող խնդիրներին: Այցելելով Դսեղի միջ. դպրոցը, որտեղ սովորում են 300 աշակերտ, Տիգրան Սարգսյանը դպրոցի աշխատակիցների, մարզպետի հետ կարճատեւ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում բարձրացվեցին դեպի դպրոց տանող 500 մետր ճանապարհի վերանորոգման, դպրոցի մասնաշենքի խիստ վերանորոգման խնդիրները: Կառավարության ղեկավարը հանձնարարականներ տվեց ու խոստացավ հաջորդ տարվա բյուջեով գումար հատկացնել դպրոցի վերանորոգման համար եւ հորդորեց, որ շենքի ջեռուցման աշխատանքները ավարտվեն մինչ ցրտերը ընկնելը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Դսեղ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4