«Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» անվանյալ ադրբեջանական բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկվելու է սեպտեմբերի 9-ին: Ադրբեջանահայերի ներկայացուցիչների համաժողովի կազմկոմիտեն նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, ուր նշում է, թե բանաձեւում բառ անգամ չկա ադրբեջանահայության մասին, մինչդեռ բանաձեը հենց իրենց ճակատագրին է վերաբերում: Նամակում անդրադարձ կա, որ 1988 թվականին Հայաստանի հետ միավորվելու ԼՂ պետական կառույցների որոշման հետեւանքով բռնություններ սկսվեցին նաեւ ադրբեջանահայերի նկատմամբ, ովքեր Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում դաժան հալածանքների, սպանությունների եւ տեղահանության թիրախը դարձան միայն հայ լինելու պատճառով. «Երբ լսեցինք ՄԱԿ-ում Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցի լսումների մասին, մի պահ թվաց, թե սառույցը վերջապես տեղից շարժվել է: Որ ի վերջո կխոսվի Բաքվի Արմենիքենդի եւ Գյանջայի հայկական թաղամասերի, Ադրբեջանի` տասնյակ եւ հարյուրավոր հայկական բնակավայրերի մասին, որտեղից բնիկ ժողովուրդն ուժով քշվել է ջարդարար խուժանի եւ նրանց հետ ուս ուսի գործող ոստիկանության ու բանակի ստորաբաժանումների կողմից: Ահա սրանք են, իրոք, օկուպացված տարածքներ եւ ոչ թե պատերազմի հետեւանքով ամայացած, անմարդաբնակ դարձած, ավերված մի քանի շրջաններ, որ այս բովանդակ աշխարհում ադրբեջանահայությանը մնացած միակ քիչ թե շատ օրինական հողակտորն էր:
Եվ այսօր առաջ է քաշված այս ողջ անօրենությունները ՄԱԿ-ի կողմից վավերացվելու հարցը: Եթե նրանց ձեռնարկը այս անգամ եւս հաջողությամբ պսակվի, մենք այլեւս ասելու մեկ բան ունենք: Այս «իրատեսական» քաղաքականության դասերը, որ ավելի քան երկու տասնամյակ մատուցվում են ադրբեջանահայությանը, մեզ պարտադրում են դառնալ գործոն: Այս գործընթացի հեղինակներին եւ հովանավորներին ուզում ենք ասել, որ ընդունվող փաստաթուղթը լինելու է ավելորդ եւ անարդյունք: ՄԱԿ-ից պահանջում ենք վերականգնել մերՙ անօրինաբար տեղահանված ադրբեջանահայերի բոլոր ոտնահարված իրավունքները համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ հիմնարար կոնվենցիաների»,- ասված է նամակում: