«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2010-09-04 | #161, 2010-09-07 | #162, 2010-09-08


ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԻՄԱՐ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ Է ԴՐԵԼ ՇՎԵԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻՆ

Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում համազեկուցող Գորան Լինդբլադն իր տարօրինակություններով ու հակահայկական դրսեւորումներով թերեւս պետք է ուշադրության արժանանա նույն ԵԽԽՎ-ի կողմից, որպեսզի նրան չվստահվեն Հայաստանին առնչվող հարցեր այն դեպքում, երբ վերջինս ուղղակի հակահայկական կեցվածք ու գործելակերպ է որդեգրել:

Այս հանգամանքի հերթական ապացույցը տրամադրել է Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը, որի երեկվա հաղորդագրության համաձայն, Լինդբլադը ոչ միայն հակահայկական դիրքորոշում ունի Խորհրդարանական վեհաժողովում, այլեւ նույն գործելակերպով է «առանձնանում» հենց Շվեդիայում: Խնդիրն այն է, որ Լինդբլադը Շվեդիայում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին` հանդես էր եկել հայտարարությամբ, թե Շվեդիայում ձախ ուժերի հաղթանակի պարագայում այս հարցը կհասցվի մինչեւ Եվրոմիություն եւ Միացյալ ազգերի կազմակերպություն:

Քանի որ հենց այդ ուժերն են Շվեդիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնողները, եւ եւս մեկ քայլ էր պատրաստվում այս հարցը շվեդական դպրոցական ծրագրում դասավանդելու մասին, Լինդբլադը կոչ է արել այդ ծրագրերին խոչընդոտելու համար քվեարկել իր կուսակցության օգտին:

Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը դիմել է Լինդբլադին այդ հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով, ինչին շվեդ խորհրդարանականը պատասխանել է, թե Հայոց ցեղասպանության նման հարցերը խորհրդարանների քվեարկության թեմա չեն:

Սակայն հետաքրքրական է, որ, հաղորդագրության համաձայն, նույն Լինդբլադը Շվեդիայի խորհրդարանին երկու նոր բանաձեւեր է ներկայացրել` ճանաչելու «1932-33թթ. Ուկրաինայում իրականացված ցեղասպանությունը» եւ հրապարակելու Եվրոպայի խորհրդի անդամ այն երկրների առնչությամբ հայտարարություն, որոնք «իրենց զինված բախումներ են թույլ տալիս, մասնավորապես Հայաստանն ու Ադրբեջանը»: Ըստ Լինդբլադի, զինված բոլոր բախումները պետք է դադարեցվեն, «իսկ տարածքային ամբողջականության առումով բոլոր զինված ուժերը պետք է տեղակայվեն իրենց իսկ սահմաններից ներս, վերադառնան փախստականները եւ այլն»:

Շվեդ խորհրդարանականը Շվեդիայի քաղաքացի հայերի ուղարկած հարցերին չի բարեհաճել պատասխանել, շատ կարճ արձագանքել է Ուկրաինայում ցեղասպանության մասին բանաձեւի նախագծին` խայտառակելով ինքն իրեն, թե այդ բանաձեւը ներկայացվել է «որպես պրովոկացիա եւ տեսակետի ապացույց»:

Թերեւս նույն Շվեդիայի քաղաքացիները մինչեւ քվեարկությունը լավ կլիներ անհրաժեշտ ուշադրություն հատկացնեին հենց ԼԻնդբլադի վերջին հայտարարությանը, քանի որ նա նախընտրում է Շվեդիայի հարկատուների փողերով սադրանքներով զբաղվել սեփական խորհրդարանում, իսկ ԵԽԽՎ մակարդակով էլ շվեդական ժողովրդավարությունից մասն իսկ չունեցող գործունեությամբ բարդացնել առանց այդ էլ մի բարվոք վիճակում չգտնվող հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան բոլոր տիրույթներում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4